ԳլխավորԼուր

Հայոց բուն տոմարով տարեմուտ է՝ Նավասարդի 1-ը

Նավասարդ

Օգոստոսի 11-ին հայոց բուն տոմարով տարվա սկիզբն է՝ Նավասարդի 1-ը։ Հայ ժողովուրդը թևակոխում է իր պատմության 4519 թվականը։

Նավասարդը հին հայկական ամսվա անունն է, որը համապատասխանում է հայոց հեթանոսական օրացույցի առաջին ամսին։ Նավասարդի տոնը մեծ նշանակություն ուներ և նշվում էր հանդիսավոր տոնակատարություններով, զոհաբերություններով, և տարբեր մրցույթներով։

Նավասարդի 1-ը համարվում էր նոր տարվա սկիզբ, որը կապված էր բերքահավաքի և նոր սկսվող գյուղատնտեսական շրջանի հետ։ Տոնը հատուկ կերպով նշվում էր, իսկ հայոց թագավորներն ու ազնվականները հավաքվում էին Բագրևանդի դաշտում՝ մասնակցելու համաժողովրդական տոնակատարություններին։

Օրվա ընտրությունը պատահական չէ. այդ օրը Հայկ նահապետի տարած մեծ հաղթանակը Բելի հանդեպ դարձել է Հայոց Բուն տոմարի սկիզբը։

Ղևոնդ Ալիշանի հաշվարկի համաձայն՝ այդ հաղթական ճակատամարտը տեղի է ունեցել Ք. ա. 2492 թ. օգոստոսի 11-ին (այս դեպքում պետք է նշվի ոչ թե 4519, այլ 4518 թվականը-խմբ.) որն էլ դարձել է տոմարի մեկնակետը, եղել է Նավասարդ ամսվա առաջին՝ Արեգ օրը։ Նավասարդի Արեգ օրը և դրան նախորդող Ավետյաց ամսվա հինգ տոնական օրերը մեր նախնիները նշել են «Նավասարդյան տոներ» կոչվող տոնակատարություններով։

Նավասարդի տոնակատարությունների շրջանակներում կարևոր տեղ էին գրավում նաև կրոնական ծեսերը, հատկապես՝ հյուրընկալության ու լիության աստված Արամազդին նվիրված պաշտամունքային արարողությունները։ Այս օրը նաև շատ բարեբախտ էր համարվում նոր նախաձեռնությունների համար։

Հայոց հին տոմարի ամիսներն են՝ Նավասարդ, Հոռի, Սահմի, Տրէ, Քաղոց, Արաց, Մեհեկան, Արեգ, Ահեկան, Մարերի, Մարգաց, Հրոտից, Ավելեաց (հինգ օր՝ սովորական տարիներին և 6 օր՝ նահանջ տարիներին)։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews