ԳլխավորԽոսք

Որտե՞ղ է մեր ազգային արժանապատվությունը․ Նաիրի Հոխիկյան

Հայ ազգն առնվազն 11 ամիս դժոխային կյանքով է ապրում՝ կորցնելով հայրենիքի մի մասը, պառակտվելով ու ներքին թշնամություն անելով, կորցնելով վաղվա նկատմամբ բոլոր հույսերը։

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող Նաիրի Հոխիկյանը։

«Մենք սոցիալական հարթակներում լիցքաթափվում ենք՝ գրելով կամ կարդալով Նիկոլ Փաշինյանի կամ Ռոբերտ Քոչարյանի մասին հրապարակումներ, ջղայնանում ենք թշնամու գործողություններից ու շարունակում ապրել նույն անիմաստ կյանքով՝ մեծ քայլերով կորցնելով հայրենիքն ու պետականությունը։

Ես լրագրող եմ, և ինձ համար մեծ հաշվով մեկ է, թե ով կլինի երկրի ղեկավար։ Կարևորն այն է, որ իմ պետականությունը ուժեղ լինի, որ ես ինձ ստորացված չզգամ ներսում և դրսում։ Այսօր ես ազգային արժանապատվության, թասիբի ճգնաժամ եմ ապրում։

Իսկ դո՞ւք ինչ ապրումների մեջ եք։ Արդյո՞ք Քոչարյանի կամ Փաշինյանի կողմնակից լինելը ձեզ համար ավելի կարևոր է, քան հայրենիքը, արդյո՞ք ձեզ համար պետականությունը ստորադասվել է անձերի նկատմամբ սիրուն։

Բավական է ննջել ու հանդուրժել թշնամու ապտակները։

Արդյո՞ք ժամանակը չէ, որ մի կողմ դնեք սմարթֆոններն ու ձեր զայրույթը, ձեր ազգային արժանապատվության զգացումը ցույց տաք իրական կյանքում՝ առանց նիկոլական ու քոչարյանական քայքայիչ պիտակումների։

Արդյո՞ք պատրաստ եք՝ Գյումրիից, Աշոցքից մինչև Կապան ու Մեղրի ոտքի կանգնել հանուն հայկական պետականության, հանուն թշնամուն մեր միասնականությունը ցույց տալու, հանուն մեր երեխաների»,-նշել է Հոխիկյանը։

Comment here