ԳլխավորԽոսքՀայաստանս

Ապրե՞լ ենք ուզում՝ լինենք ուժեղ ազգովին. Գարեգին Նժդեհ

Գարեգին Նժդեհ

Ներկայացնում ենք ռազմաքաղաքական, պետական գործիչ, փիլիսոփա, իմաստասեր, «Ցեղակրոն» ազգային գաղափարախոսության հիմնադիր, Հայաստանի առաջին հանրապետության գործիչ, Լեռնահայաստանի հանրապետության առաջնորդ Գարեգին Նժդեհի (Գարեգին Տեր-Հարությունյան, 01.01.1886-21.12.1955) մտքերից։

Երկու խոսք՝ հայ երիտասարդությանը

Ես ճշմարտություններ գիտեմ, որոնցից մեկն ասում է՝ ուզո՞ւմ ես գուշակել, տեսնել մի ժողովրդի ապագան, նայի՛ր նրա երիտասարդությանը։ Նայելով քեզ, հա՛յ երիտասարդություն, վարդագույն լավատեսությամբ չեմ լցվում ես։

Երեկ դու ավելի հուսատու էիր, քան այսօր։ Իսկ մեր վաղը, մեր ապագան կախված է մեր ներկայից։

Վաղը ազգովին պիտի հնձենք այն, ինչ որ սերմանում ենք այսօր, երբ դու նվազ խոստումնալից ես, երբ քո մեջ, շնորհիվ մեր օրերի նյութապաշտական ոգու և համատարած հուսալքության, թուլացել է պաշտամունքը երկու աստվածությունների՝ հայրենի ժողովրդի և երկրի, քո շարքերում, գիտես այդ, օրեցօր աճում է հոգնածների, ուղեկորույսների և դարպընթաց եղածների թիվը։ Քո մի մասի մտքի ու սրտի սնունդը, ավա՜ղ, չի կազմում «առյուծոսկրի ուղնուծուծը»։

Տկարանալով բարոյապես, դու մեր մեջ թուլացնում ես մեր ժողովրդի լավագույն ապագայի հույսը։

Ահա թե ինչու ուզեցի մտերմաբար մի քիչ խոսել քեզ հետ, ուզեցի օրագրիս մի քանի անարվեստ էջերով – ծնունդը իմ խորհրդածությունների – ստիպել քե՛զ ևս մտածելու մեր վաղվա մասին։

Մեր ապագան վտանգված

Պիտի ապրի՛ և հայ ժողովուրդը։ Պիտի ապրի՛, որովհետև այդպե՛ս է ուզում ինքը։

Բայց ինչպե՞ս, ինչի՞ շնորհիվ, ի՞նչ տվյալներով, գրավակա՞նը։

Չգիտեմ, մեր ժողովուրդը գիտակցո՞ւմ է,  որ երբեք իր գլխովին կորչելու վտանգն այնքան մեծ չի եղել, ինչպես այսօր։

Գիտակցո՞ւմ է, որ անցյալում իր վիճակը, իր ֆիզիկական գոյության ապահովության տեսակետից ավելի նվազ մտահոգիչ է եղել, քան այսօր։

Մինչև իր ազատագրական ընդվզումները օտար լծերի տակ, մի տեղ որպես պարզ ստրուկ, մի այլ տեղ՝ հավատարիմ հպատակ և ամեն տեղ՝ իր քրտինքով տիրող տարրը կերակրող – նա հանդուրժելի էր իշխող ժողովուրդների կողմից։ Սակայն այսօր նա այն չէ, ինչ որ էր երկու-երեք տասնյակ տարի առաջ։ Նրա հոգեբանության հետ փոխվել է և իր վիճակը։

Թրքահայկական նահանգներն այժմ անհայաբնակ են, ինչպես մեծ գերեզմաններ։ Արարատյան դաշտի մի մասն է այժմ հայի հայրենիքը, ընկած մահմեդական երկրների ճանապարհի վրա մի կամուրջ՝ Արևմուտքի և Արևելքի մահմեդականության համար։

Այժմ նրա աշխարհագրական դիրքը ավելի մտահոգիչ է, քան իր քաղաքական ճակատագիրը։

***

Եթե Հայաստանի աշխարհագրական դժբախտ դիրքի և նրա փոքր ծավալի հետ հաշվի առնենք նաև մեր ժողովրդի քանակը, նրա հատվածականությունը, նրա քաղաքական իդեալը, նրա և իր իսլամ հարևանների փոխհարաբերության առանձնահատկությունը, ձեզ համար իր բովանդակ սպառնալիությամբ կպարզվի մեր ժողովրդի վտանգված ապագան։

Ծանոթ վիճակի մեջ հայ ժողովուրդը իր արդի հոգեկան կառուցվածքով կարող է իր գոյությունը հրաշքով պահել։ Այդ դրության մեջ վտանգված է նրա ապագան։ Բայց և այնպես նա ուզում է ապրել որպես ազգ և պիտի ապրի։

Բայց ինչպե՞ս, ի՞նչ տվյալներով։ Չկորչելու համար մեր դարը և մեր աշխարհագրական դիրքն ու ծանոթ դժբախտ պայմանները , որոնց մեջ ապրում է մեր ժողովուրդը, պահանջում են լինել ուժեղ, էլի՛ ուժեղ և մի՛շտ ուժեղ։

Ապրե՞լ ենք ուզում՝ լինենք ուժեղ ազգովին։

Լինենք ուժեղ, ուժեղ ազգովին, ահա՛ հրամայականը։

Լինենլ ուժեղ այնքան, որ մեր անպարտելիությունը ոչինչ դարձնի մեզ ծանոթ այն բոլոր դժբախտ պայմանները, որոնք դժվարացնում են մեր ցեղի ինքնապաշտպանության գործը։

Թվական, էթնիկ, ընդհանրապես նյութական տեսակետից մեր ժողովուրդը, հասականալի պատճառներով, երբեք չի կարող ուժեղ լինել իր հարևաններից։ Սակայն ուժը միայն նյութական ազդակները չեն, այլև մի ժողովրդի առաքինությունները։

Կա հոգեբանական գերադասությունը, կա բարոյական ուժը – աշխարհի պես հին, բայց միշտ էլ թարմ և հրաշագործ, որին տիրապետող ազգը քիչ անգամ է գլուխ ծռել իրենից նյութապես տասնապատիկ ուժեղ թշնամու առաջ։

Բարոյակա՛ն ուժն է գոտեպնդում փոքր ժողովուրդներին ու բանակներին անհավասար կռվում, նա՛ է դեպի հաջողություն ու հաղթանակ առաջնորդում թվապես թույլերին մեծամեծ հակառակորդների դեմ։ Նա՛ եղել է և այսօր է միակ ապավենը մեզ նման փոքր ժողովուրդների։

Եվ այսօր, մեր դրության մեջ, միայն նա՛ — բարոյական ուժը, կարող է ապրեցնել մեզ։ Ուրեմն, ճանաչենք նա որպես մի ընդհանուր Աստվածություն, լինենք ուժեղ – արևի տակ մեր տեղն ու գոյության իրավունքը պահելու համար։

***

Մեր ժողովուրդն առանց հայրենասրիության այն է, ինչ որ մի մարմին՝ առանց հոգու։

Դա մայրն է – իր նման փրկարար – մի շարք առաքինությունների՝ գաղափարականության, անձնվիրության, արիության։

Դա պատերազմող բարոյական ամրությունն է, կախարդական զրահը, անվրեպ զենքը։

Հայրենասիրությամբ հարուստ ժողովուրդը դեպքերի խաղալիքը չէ, այլ՝ նրանց հրամայողը։

Այդպիսին սովորական «նավաբեկություններ»-ի ժամանակ չի զինաթափվում բարոյապես։ Վստահ իր բարոյական ուժերին, նա շատ շուտ է ուղղում իր մեջքը՝ վերագրավում իր նախկին դիրքերը, դրությունը։

Հայրենասիրության հետ բարձրանում են ազգերը, ընկնում՝ նրա հետ։ Փոքր ազգերը պարտադրորեն ավելի հայրենասեր պիտի լինեն, քան մեծերը, մենք՝ ավելի՛, քան բոլորը։

Հայրենապա՛շտ պիտի լինենք մենք։

Ամբողջությամբ՝ այստեղ։