ԳլխավորԼուրԽճանկար

Հայաստանն Ադրբեջանից առաջ է, բայց… Մեր բուհերը`միջազգային վարկանիշային ցանկերում

ՀՀ կրթության մինչև 2030 թվականի ռազմավարության մեջ նշվում է, որ 7 տարի անց Հայաստանի առնվազն 4 բուհ պետք է ընդգրկված լինի  բուհերի միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-յակում: Իսկ միջազգային հայտնի վարկանիշային աղյուսակներում ի՞նչ դիրք են այժմ զբաղեցնում հայաստանյան բուհերը, համեմատած տարածաշրջանի բուհերի հետ` առաջատար են արդյոք: Եվ, վերջապես, ի՞նչ է հարկավոր այդ աղյուսակներում մեր բուհերի վարկանիշը բարձրացնելու համար:

Usanogh.am-ի հետ զրույցում կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նշում է` միջազգային վարկանիշային աղյուսակներում հայտնվելու համար հաշվի է առնվում միանգամից մի քանի գործոն. «Կարևոր է փորձագետների, գործընկերների, գործատուների գնահատականը, բուհերի միջազգայնացումը, գիտական հոդվածների հրապարակումը, ինչպես նաև` օտարերկրյա ուսանողների ներգրավումը»:

Usanogh.am-ը հավաքագրել է տվյալներ նախ ամենահեղինակավոր վարկանիշային աղյուսակներից մեկում` QS World University Ranking-2023-ում Հայաստանի և մեր հարևան երկրների ներկայացվածության վերաբերյալ:

2022-ի հունիսի 8-ի տվյալներով` հայկական բուհերից աղյուսակում ներառված են Երևանի պետական համալսարանը և Հայ-ռուսական համալսարանը, որոնք երկուսն էլ զբաղեցնում են 801-1000-րդ հորիզոնականը: Հարևան Վրաստանից Թբիլիսիի պետական համալսարանն այս աղյուսակում մեզնից առաջ է. այն  601-650-րդ տեղում է: Փոխարենը Հայաստանին իր դիրքերով զիջում է հարևան Ադրբեջանը. Բաքվի պետական համալսարանը և Ադրբեջանի տնտեսագիտական համալսարանը երկուսն էլ 1001-1200-րդ տեղում են: Ինչ վերաբերում է հարևան Թուրքիային և Իրանին, այս երկրների դիրքերը աղյուսակում բավական բարվոք են: Օրինակ` Թուրքիայի Քոչի համալսարանը 477-րդ տեղում է, Ստամբուլի տեխնիկական համալսարանը` 601-650-րդ տեղում: Իրանը ևս բարվոք դիրքերում է. Թեհրանի համալսարանն այս աղյուսակում 501-510-րդ տեղում է,  Իրանի գիտության և տեխնոլոգիայի համալսարանը` 531-540-րդ տեղում:

Սերոբ Խաչատրյանը նկատում է` հարևան Վրաստանն ունի մի քանի առաջատար համալսարան` մասնավոր ներդրումներով, ինչն օգնում է բարելավել դիրքերը. «Բացի այդ` կա ևս մեկ կարևոր գործոն. Վրաստանն օգտվում է հայ-ադրբեջանական կոնֆլիկտից, և ստացվում է այնպես, որ գիտական բազմաթիվ ծրագրեր, միջազգային ծրագրեր շահառուները նախընտրում են անցկացնել ոչ Ադրբեջանում, որպեսզի Հայաստանը «չնեղանա», ոչ էլ Հայաստանում, որպեսզի Ադրբեջանը «չնեղանա», այլ չեզոք երկիր համարվող Վրաստանում: Արդյունքում Վրաստանը միջազգայնացման տեսանկյունից շահում է»:

QS վերլուծական ընկերությունը ներկայացնում է նաև Եվրոպայի և Միջին Ասիայի զարգացող երկրների լավագույն համալսարանների վարկանիշը։ 2022 թվականի տվյալներով՝ այս աղյուսակում հայտնվել է 5 հայկական բուհ՝ Հայ-ռուսական պետական համալսարանը՝ զբաղեցնելով 128-րդ տեղը, Երևանի պետական համալսարանը՝ 173-րդ տեղը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ 241-250-րդ տեղը, Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանը՝ 251-300-րդ տեղը, Հայաստանի Ամերիկյան համալսարանը՝ 301-350-րդ տեղը։

Սերոբ Խաչատրյանը շեշտում է` ռուս-ուկրաինական պատերազմը մեծապես նպաստեց Ռուսաստանից ուսանողների հոսքին Հայաստան, ինչի արդյունքում  հատկապես շահեց Հայ-ռուսական պետական համալսարանը. «Բայց մի նրբություն կա. այս համալսարանն ունի ուսանողներ Ռուսաստանից, որոնք ներկայացվում են որպես օտարերկրյա ուսանողներ, թեպետ նրանց մեջ մեծ թիվ են կազմում Ռուսաստանի հայերը: Բոլոր դեպքերում քաղաքական իրադրությունը դրական է անդրադարձել բուհի միջազգայնացման գործընթացի վրա»:

Ըստ մեկ այլ միջազգային հեղինակավոր վարկանիշային աղյուսակի՝ Շանհայի «Academic»-ի 2022-2023 ուսումնական տարվա տվյալների՝ թոփ 2000 համալսարանների թվում Հայաստանից ընդգրկված է միայն Երևանի Ֆիզիկայի ինստիտուտը․ այն զբաղեցնում է 795-րդ տեղը։
Համեմատության համար նշենք, որ Ադրբեջանի Ֆիզիկայի ինստիտուտն այս աղյուսակում 1353-րդ հորիզոնականում է: Վրաստանից այս ցանկում ներառված է Թբիլիսիի պետական համալսարանը, որը զբաղեցնում է 875-րդ տեղը, իսկ ահա Իլիայի պետական համալսարանը 1471-րդ հորիզոնականում է, Վրաստանի տեխնիկական համալսարանը` 1642-րդ:  Թուրքիայից այս աղյուսակում 56 համալսարան կա. առաջատարը  Միջին Արևելքի տեխնիկական համալսարանն է`  595-րդ տեղում: Իսկ Իրանից  աղյուսակում 40 համալսարան կա. առաջատարը Իսլամական Ազադ համալսարանն է` 352-րդ տեղում:

Սերոբ Խաչատրյանի խոսքով` անշուշտ, ուրախալի է, որ բուհերի միջազգային վարկանիշային աղյուսակներում Հայաստանն Ադրբեջանից առաջ է, սակայն  ավելորդ չէ մտածել` դա մեզ ինչ է տալիս. «Դրանից մեր բանակը, պետությունը ինչո՞վ են շահել. սա է էականը: Հասկանալի է նաև, որ Ադրբեջանը տոտալիտար երկիր է, և իրենց լավագույն կադրերը թողնում-հեռանում են երկրից: Այնպես որ, ես միշտ կողմ եմ չափազանցությունների գիրկը չընկնելուն: Միջազգային վարկանիշային աղյուսակներում հայտնվելը շատ գովելի է, բայց մեր համալսարաններն այսօր պետք է մտածեն Հայաստանի առջև ծառացած կրթական, տնտեսական, սոցիալական խնդիրները լուծելու մասին»:

Կրթության փորձագետը շեշտում է` լավ կլիներ, եթե մեր բուհերը մտածեին, օրինակ, հանրակրթության ոլորտում մեր ունեցած խնդիրների լուծմանն աջակցելու մասին. «Այդ բուհերում կարող են հարյուրավոր հոդվածներ տպվել միջազգային պարբերականներում, բայց դա մեզ շոշափելի արդյունք կտա՞: Համալսարանները պետք է ծառայեցնել մեր պետությանը. սա պետք է լինի մեր ելման կետը»,-եզրափակեց Սերոբ Խաչատրյանը:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ