ԳլխավորԼուր

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնը կանցկացվի Վանաձորում

Ասուլիս՝ «Ֆրեսկո» փառատոնին ընդառաջ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը հունիսի 23-ից հուլիսի 6-ը կանցկացնի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնը:

Փառատոնին նվիրված մամուլի ասուլիսին ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնի նախագահ Շահեն Նազարենկոն, փառատոնի գեղարվեստական ղեկավար Աննա Կարապետյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը շնորհավորել է կազմակերպիչներին հոբելյանի կապակցությամբ և վստահություն հայտնել, որ փառատոնն ապացուցել է իր կենսունակությունը, որովհետև այն մարդասիրական արժեքների, բարության, հանդուրժողականության, սիրո, լավագույն գաղափարների հարթակներից մեկն է։

Նշենք, որ փառատոնի հոբելյանական հանդիսավոր բացումը տեղի կունենա Վանաձոր քաղաքում: Այս տարի փառատոնն աշխարհի տարբեր երկրներից կհամախմբի արվեստագետների, կինոգործիչների և մտավորականների։

Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի հարակից տարածքում հունիսի 23-ից հունիսի 30-ը կցուցադրվեն ֆիլմեր, տեղի կունենան համերգային ծրագրեր. ելույթ կունենան «Բարեկամություն» Հայաստանի պարարվեստի պետական համույթը, «Ակունք» ազգագրական համույթը, Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը, «Ֆոլկ մոդեռն» անսամբլը և այլք:

Փառատոնի շրջանակում կցուցադրվեն ավելի քան 30 միջազգային ֆիլմեր՝ Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Պարսկաստանից, Իսպանիայից, Իտալիայից, Լեհաստանից և այլ երկրներից (խաղարկային, անիմացիոն, լիամետրաժ, կարճամետրաժ, դեբյուտային։ Այս տարի փառատոնը կհյուրընկալի միջազգային փառատոների կազմակերպիչների. ներկա կլինեն Հայր Մարեք Լիսը (Լեհաստան), Պիոտեր Պիետրուսը (Լեհաստան), Վլադ Ռոբսկին (Ուկրաինա), լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանը (Իսրայել), Ֆատեմե Մոհամմեդին (Իրան) և այլք:

Հունիսի 25-ին՝ ժամը 16:00–18:00-ը, Դմիտրի Բրիկմանի հետ տեղի կունենա հանդիպում-վարպետության դաս՝ «Լուսանկար. տեսնել անտեսանելին» խորագրով

Հունիսի 27-ին՝ ժամը 16:00-18:30-ը, տեղի կունենա ստեղծագործական հանդիպում կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակի դափնեկիր Քշիշտոֆ Զանուսիի հետ, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (հասցե՝ Շինարարների փ. 12):

Վանաձորում տեղի կունենան նաև վարպետության դասեր, հանդիպումներ հայաստանյան և օտարերկրյա արվեստագետների հետ, ինչպես նաև մշակութային ներառական ճամբար: