ԳլխավորԶբոսանքներ Մարտինայի հետ

Մրսում ենք, ու ցուրտն այստեղ կապ չունի

Առավոտյան արթնանում ենք, արագ հագնվում, ոտքի վրա մի գավաթ սուրճ խմում  ու շտապում դասի կամ գործի։ Բազմաթիվ համաքաղաքացիների հետ հայտնվում ենք երևանյան խցանումների մեջ։ Բոլորին նայում ենք հպանցիկ, ընդհանուր՝ ինչպես ամբոխի։

Ու այսպես ամեն օր։

Թվում է նույնն է արդեն հազար տարի՝ այնքան է սովորական ամեն ինչ։ Հանկարծ մարդկային զանգվածը «ստոպ» կադրի պես անշարժանում է, ու դու մտովի ետ ես գնում գրեթե մեկ տարի… Համաճարակի առաջին դեպքերը, առաջին «էլիտար» մեկուսացվածները, նրանց կես կատակ-կես լուրջ նախանձողները…

Մարդիկ սկսեցին կողպել դուռ-լուսամուտ, փակվեցին սենյակներում ու անգամ երկու մետրից մոտ չեկան հարազատներին։ Բարևելիս ձեռքսեղմմանն ու գրկախառնությանը փոխարինեց  ոտքա-արմնկային ողջույնը։

Մարդը փողոցն անցնող մյուսին սկսեց կասկածանքով, նույնիսկ՝ թշնամանքով նայել, իսկ հետո խորթացավ։

Տանը փակված առաջին շաբաթում մի քանի ֆիլմ նայեց, հետո խոհարարական հմտությունները բանեցրեց, հետո՝ բրնձի հատիկներ կամ երկնքում աստղեր հաշվելուն անցավ…

Ծառը ծաղկեց, նուրբ կանաչ տերևներ հայտնվեցին, բայց մարդը նայեց պատուհանից։ Թռչունները, փողոցի շներն ու կատուները հանգստացան մարդկանցից, բայց մարդը անհանգիստ էր։ Ու բնավ էլ դիմակ-ալկոգել «դուետը» չէր պատճառը, այլ օտարացումը, մարդկանցից մեկուսի լինելը, իրեն Տիեզերքից անջատ ինչ-որ միավոր զգալը։

Այսպես ամբողջ մոլորակում էր ու նաև այդ մոլորակի փոքրիկ մի կետում՝ Հայաստանում։ Մարդիկ տնից փախուստի ելքեր էին մտածում, ու անխնա դուրս վազեցին փողոց, երբ խստացումնրեը փոքր-ինչ մեղմացան։ Վարակվածներ ամենօրյա թվերն աճեցին, բայց մարդը վստահ էր, որ իրեն չի հասնի վիրուսը, որից ամիսներ առաջ այնպես սարսափում էր։ Հիմա զվարճանալու, կորցրած ամիսների փոխարեն ապրելու ու կյանքից առավելագույնը քաղելու մտքեր էին։ Մոռացման թեթևությունն իջավ…

Սեպտեմբերի 27, լուսաբաց… Սովորույթի ուժով առաջինը ձեռքը հեռախոսին տանող մարդը մտավ համացանցի իր էջ ու չհավատաց կարդացածին՝ թշնամին հատել է Արցախի սահմանը…

Կոչեր, ինքնաբուխ ու «բխված»-շինծու ելույթներ, «Բոլորս դեպի ռազմաճակատ» հորդորներ… Կամավորական առաջին խմբերը մեկնեցին Արցախ, զոհերի ու ավերածությունների մասի առաջին չոր-ցամաք տվյալներ ու սարսափազդու լուսանկարներ…

Պատերազմ, խաղալիքԹիկունքում գտնվողները մեղավորության զգացում ունեին։ Սկսեցին սնունդ ու անհրաժեշտ իրեր հավաքել-խմբավորել-ուղարկել այնտեղ՝տղաներին։ Ամեն ինչ հանուն էր։ Հայրենիքի նկատմամբ քուն մտած սերն արթնացավ, ոմանց մոտ սիրո արհեստական զգացում ստեղծվեց, քանի որ հայրենասիրությունը կրկին մոդայիկ էր։

…Իսկ սահմանից գալիս էին «հաղթական» լուրեր։ Տղաները կենաց ու մահու կռիվ էին տալիս, մեզ անուններն ու տարեթվերն էին հասնում։ Ցավի, հպարտության, անպետք զգալու, հիպնոսացած հեռախոսից կառչելու ու չքնելու ժամանակներ էին։ Մոլորակը կանգնել էր հայի համար։

Հինգ ամիս անց մարդիկ էլի շտապում են՝ մեծ փաթեթները ձեռքին, ընտանիքի հետ կամ սիրելիին թևանցուկ։ Ամեն բան թվում է նույնն է, ամեն բան, բացի… Ժպիտն ավելի հազվադեպ է դարձել, հպարտ հայացքի փոխարեն խեղճություն է նկարվում դեմքներիս ու սիրո պակաս։

Հայը մրսում է, ու ցուրտն այստեղ կապ չունի։ Օրերի վազքի մեջ անշարժացել է ժամանակը, կանգնել-լռվել է մի կետի վրա. անսարք ժամացույցի պես լսվում է ձայնը, բայց սլաքները չեն շարժվում։ Երբեմնի լավ օրերի սպասումը փոխվել է անշարժության. արարելու ցանկություն չկա։ Չկա նաև այն գերհերոսը, ով կգա և կցրի խավարը։

«Ի՞նչ անենք»։ Հարց ես տալիս ծանոթիդ ու արձագանքի պես լսում.  «Ի՞նչ անենք»։ Կարծես պարզ հարց է, բայց… Այն և՛ վերաբերվում է այս պահին և չի վերաբերվում։ Ասես հենց մեզանից է կախված մի հսկայածավալ իրադարձության հաղթական հանգուցալուծումը, և մարդուն դա շատ ծանր է թվում։ Այնքան ծանր, որ մեջքը կորանում է այդ ծանրության տակ։ Ի՞նչ եղավ, դեռ ոչ ոք լիարժեք չի գիտակցում։ Այսինքն՝ չի ուզում խորանալ, ըմբռնել, որովհետև չի դիմանա։ Եթե ետ գնա քայլ առ քայլ ու ըմբռնի սխալները, գուցե էլ չկարողանա ետ գալ ներկա պահ ու կխելագարվի… Ինքն իրեն անտարբեր դարձնելը օգնում է առողջ մնալ։

Փողոցում ես։ Էլի մարդկային բազմության մեջ, էլի գնումների ծանր փաթեթները, նույն առօրյան, միայն հայացքներում ինչ-որ անորոշություն է ավելացել… Ուզում ես մոտենալ սովորական անցորդին, գրկել ու ասել.՝ «Մայրիկ, սիրելի՛ս, լավ է լինելու… մի օր, անպայման։ Տե՛ս, թոռնիկդ ժպտում է, ուրեմն դեռ ոչինչ կորած չէ»։

ՄԱՐՏԻՆԱ

Comment here