ԳլխավորՄի կտոր գիրք

Էմիլ Զոլա. «Թերեզ Ռաքեն» (հատվածներ)

Կադր «Թերեզ Ռաքեն» ֆիլմից

Ներկայացնում ենք հատվածներ ֆրանսիացի գրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ Էմիլ Զոլայի (ապրիլի 2, 1840 – 29 սեպտեմբերի, 1902) «Թերեզ Ռաքեն» ստեղծագործությունից։

***

Տասնհինգ օր էր արդեն, որ Լորանին չէր հաջողվում մոտենալ Թերեզին։ Այդ ժամանակ նա զգաց, թե իրեն որքան անհրաժեշտ էր դարձել այդ կինը։ Հեշտանքի սովորությունը նրա մեջ առաջացրել էր նորանոր ախորժակների սուր պահանջ։ Նա այլեւս ոչ մի անհանգստություն չէր զգում իր տարփուհու գրկընդխառնումներից. նա հայցում էր այդ գրկախառնումները սոված անասունի համառությամբ։ Արյան կիրքն էր թուխս դրել իր մկանների մեջ. այժմ, որ նրանից խլում էին իր տարփուհուն, այդ կիրքը ժայթքում էր կույր սաստկությամբ. նա սիրում էր կատաղորեն։

Ամեն ինչ անգիտակցական էր թվում այս անբանի հարաճուն բնավորության մեջ։ Նա հնազանդվում էր իր բնազդներին, առաջնորդվում էր իր ֆիզիկականի կամեցողություններից։ Նա կքրքջար, եթե մի տարի առաջ նրան ասեին, որ ինքը մի կնոջ գերին է դառնալու՝ իր հանգստությունը վտանգելու աստիճան։ Ցանկությունների խուլ աշխատանքն էր կատարվել իր մեջ, առանց իր գիտության եւ, ի վերջո, ձեռքերն ու ոտքերը կապած,  իրեն հանձնել էր Թերեզի վայրագ գգվանքներին։

Այժմ նա սաստիկ երկնչում էր, որ ձեռքից բաց կթողնի խոհեմությունը, չէր համարձակվում գալ տեսնել նրան Պոն Նյոֆի անցքում, վախենալով, որ մի հիմարություն կարող է անել։ Նա այլեւս իր տերը չէր։ Իր տարփուհին կատվի ճկունություններով հետզհետե սպրդել էր իր մարմնի յուրաքանչյուր մասնիկի մեջ։ Ապրելու համար նա կարիքն էր զգում այդ կնոջ, ինչպես կարիք է զգացվում խմելու, ուտելու։

***

Հենց սկզբից էլ սիրեկաններն իրենց մտերմական կապը գտան անհրաժեշտ, ճակատագրական, բնական։ Առաջին իսկ տեսակցությունից նրանք իրար հետ «դու»-ով խոսեցին, համբուրվեցին առանց շփոթվելու, առանց կարմրելու, կարծես իրենց մտերմությունը մի քանի տարիներից ի վեր սկսած լիներ։ Նրանք իրենց այս նոր կենցաղում ապրում էին անկաշկանդ, կատարյալ անդորրությամբ ու լրբությամբ։

Նրանք նշանակեցին իրենց ժամադրությունները։ Եվ քանի որ Թերեզը հնարավորություն չուներ տնից դուրս գալու, որոշվեց, որ Լորանը գա իր մոտ։

Դեռատի կինը հստակ եւ վստահ շեշտով բացատրեց իր գտած միջոցը։ Տեսակցությունները տեղի էին ունենալու իր ամուսնական ննջասենյակում։ Սիրեկանը գալու էր անցքին նայող նեղ ծառուղով, եւ Թերեզը բանալու էր սանդուղքի դուռը։ Այդ միջոցին Կամիյլը գրասենյակում կլիներ, տիկին Ռաքենը՝ խանութում։ Այս հանդուգն քայլերը պիտի ջանային հաջողեցնել։

Լորանը համաձայնեց։ Նա իր խոհեմության հետ միասին ուներ մի տեսակ անասնական խիզախություն, ուժեղ բռունցնեքր ունեցող մարդու խիզախություն։ Իր տարփուհու լրջախոհ եւ հանդարտ դեմքը մղեց ճաշակելու այն վայելքը, որ այդքան հանդնգնությամբ կընծայվեր իրեն։

Նա մի պատրվակ գտավ, իր պետից վերցրեց երկու ժամվա թույլտվություն եւ շտապեց Պոն Նյոֆի անցքը։ Անցքի մուտքին հազիվ հասած, նա զգած այրող կրքեր։

***

Այդ ժամանակ Լորանը վեր կացավ եւ բռնեց Կամիյլի մեջքից։ Պաշտոնյան բարձրաձայն ծիծաղեց։

— Բավական է, բավական է, դու ինձ խտտացնում ես,- ասաց նա ,- այդպիսի հանաքներ մի արա… վերջ տուր, ջուրը կարող ես ինձ գցել։

Լորանն ավելի ուժեղ սեղմեց ու ցնցեց։ Կամիյլը շրջվեց ու տեսավ իր բարեկամի բոլորովին ջղաձգված, ահարկու դեմքը։ Նա հասկացավ. մի անորոշ սարսափ պատեց նրան։  Ուզեց ճչալ ու զգաց իր կոկորդը սեղմող մի բիրտ ձեռք։ Իր կյանքը պաշտպանող անասունի բնազդով նա ցցվեց իր ծնկների վրա ու պինդ կառչեց մակույկի եզրին։ Այդպես պայքարեց մի քանի վայրկյան։

— Թերեզ, Թերեզ,-կանչեց նա խեղդուկ ու սուլող ձայնով։ Դեռատի  կինը գետի վրա ճարճատող ու պարող մակույկի նստարանից երկու ձեռքերով բռնած նայում էր։ Նա չէր կարողանում փակել աչքերը, որոնց մի սարսափելի պրկում պահում էր լայնաբաց. հայացքը կռվի քստմնելի տեսարանի վրա սեւեռուն՝ նա քարացել էր ու համր էր։

— Թերեզ, Թերեզ,-կանչեց նորից դժբախտը։

Վերջին կանչին Թերեզի հեկեկանքները պոռթկացին։ Ջղերը թուլանում էին։ Տագնապը, որից վախենում էր սարսռագին վիճակում, նրան գցեց մակույկի խորքը։ Նա այնտեղ մնաց երկու ծալք եղած, նվաղուն, մեռած։

Լորանը միշտ ցնցում էր Կամիյլին՝ մի ձեռքով նրա կոկորդը սեղմած։ Նրան հաջողվեց վերջապես մյուս ձեռքով Կամիյլին պոկել մակույկից ու իր հզոր բազուկներով պահել նրան երեխայի նման օդի մեջ։ Մինչ նրա գլուխը թեքած լինելով պատճառով վիզը բացվել էր, նրա զոհը, կատաղությունից ու սարսափից գժված գալարվեց, առաջացրեց ատամները ու խրեց վզի մեջ։ Երբ տառապանքի ճիչը զսպելով ոճրագործը բրտորեն գետը գցեց Կամիյլին, վերջինիս ատամները պոկեցին մի կտոր նրա մսից։

Կամիյլը ջուրն ընկավ մի ոռնոց արձակելով։