ԳլխավորՄի կտոր գիրք

Ամբոխի մեջ ինչ-որ մեկը ճանկռեց դեմքս… Վարդան Սմբատյան

Վարդան Սմբատյան

Վարդան Սմբատյանը ծնվել է 1988 թ. սեպտեմբերի 14-ին։ Հեղինակն է «Չարwest» (2016), «Յոթ միլիարդ մենություն» (2020), «Կին՝ օ՜, պոեզիա (կինոպոեզիա)» (2023) գրքերի։

***

Ամբոխի մեջ
ինչ-որ մեկը
ճանկռեց դեմքս,
շրջվեցի ու տեսա՝
բոլորը դանդաղ ծերանում էին:

***

Երեկ պարզեցի, որ
կատարյալ տղամարդ եմ,
լավ սիրեկան ու կարգին պոետ…
զարմանքից շիկնեցի:

Մեծարեցին ինձ՝
տասն անգամ խմեցին կենացս,
կարդացին անհաջող բանաստեղծություններս ու
ծափ տվեցին,

հայրս զղջումով համբուրեց
կնճռոտված ճակատս,
երեկ աշխարհը զարմանալիորեն բարի էր,
երեկ՝
ինձ թաղեցին:

***

Եվ լեղին կապեց բոլոր բերանները
Համրությամբ,
եւ ջուրը խոսեց այդժամ,
Ջուրը փաստորեն
Աստվածն էր:

Ծառի սերը

Պարզ տողեր է՝ գրեց թղթին
ու հեկեկաց,
լույսը բացեց առավոտ-պատուհանը,
կանաչը սիրերգ խշխշաց
ծառը պարզեց սարթ թևերը՝
նա ընկավ,
նա ընկավ։

Հիմա

Քամին ցնցում է
գիշեր- պատուհանը,
սայլակը՝ ճռռում է, ճոճվում,
փռվել է ցողի մեջ անշունչ ծառը.
մի ոտքով մարդ զարթնեց դրախտում։

***

Խաղաղ եմ`
Խոնարհ,
այս վաղնջական՝
մեռած
հողի պես:

Լույսի նշտարը կտրում է օրը`
գիշերից,
մահը` առավոտից:

Ես անշտապ քայլում եմ
ցավի մատրիցայի միջով,
ես` հուսահատ բերկրությունն եմ
ծառերի:

***

Ես կգրեի ամենասիրուն
բանաստեղծությունը
հորիզոնին թափվող ճայերի,
կարմիր-կարմիր մայրամուտի,
իմ ու քո,
իմ ու քո
ալեգորիկ սիրո մասին,
բայց բառերս ատոմներ են, Լիլի՝
հրե ատոմներ,
ծամում եմ մինչև վերջ՝
անաղմուկ ու անտրտունջ։

Ինչ-որ մի տեղ
կավարտվի մատերիան ցավի․
Աստծո աչքերում
մենք կհանդիպենք,
մենք կհանդիպենք…

***

Չեկար …
բառերը սափրում են տարիները,
բառերը սափրում են, պա՜պ,
մեռնում եմ ամեն օր ու
զարթնում եմ,
լույսի թիրախն եմ հար։

Քո անկյանք օրերը
Ֆլեգմատիկ,
նույնն են.
ամեն օր ուրբաթ է,
չմեռնես,
դու ապրող՝ իմ միրաժն ես`
անանուն,
անհուշ,
անցավ: