ԳլխավորՄի կտոր գիրք

Վահան Տերյան. Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր…

Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր,
Կա քո հոգու մեջ անթափանց մի մութ,
Քո մութ հայացքում կա մի քնքուշ սուտ՝
Քեզ միշտ թաքցնող մի նուրբ վարագույր…

Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Հավետ քեզ կապված՝ քեզ օտար եմ ես.
Երբ խենթ խնդությամբ փայփայում եմ քեզ՝
Ե′վ սիրում եմ քեզ, և′ քեզ չըգիտեմ։

Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր.
Քո հոգու վըրա կա մի վարագույր,
— Ո՞վ ես դու, ո՞վ ես,- բնավ չըգիտեմ…

***

Վահան Տերյան

Ո′չ տրտունջ, ո′չ մրմունջ սգավոր,
Հեռացի′ր, մոռացի′ր ինձ հավետ.
Իմ ուղին միշտ մթին, մենավոր,
Կըգնամ իմ դժկամ ցավի հետ
Ւմ ճամփան՝ անվախճան մի գիշեր,
Ւնձ շոյող ոչ մի շող չի ժպտա.-
Հեռացի′ր, մոռացի′ր, մի′ հիշիր,
Ինձ այդպես, քրոջ պես մի′ գթա…
Հուսաբեկ, մութ ու մեգ թող լինի,
Ւմ վերև թող արև չըխնդա.
Լոկ երկունք, լոկ արցունք թող լինի,
Ինձ այդպես, քրոջ պես մի′ գթա…

***

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։

Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից։

Ես գնում եմ լուռ անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ…

***

Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյութական,
Մենք մենակ ենք, ես ու դու,
Ես էլ դու եմ՝ ես չկամ…
Չկան օրերն ահարկու,
Չկա ժամ ու ժամանակ,
Ուրվական ենք մենք երկու
Միշտ իրար հետ, միշտ մենակ
Մոռացել ենք անցյալում
Տրտունջ, թախիծ ու խավար.-
Մի ուրիշ լույս է ցոլում
Մեղմ ու անուշ մեզ համար…
Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյութական,
Մենք մենակ ենք ես ու դու,
Ես էլ դու եմ ՝ ես չկամ։

Վահան Տերյան (հունվարի 28 (փետրվարի 9),1885-հունվարի 7, 1920)

Comment here