ԳլխավորՄի կտոր գիրք

Լեոնիդ Անդրեև. «Հուդա Իսկարիովտացի» (հատվածներ)

Լեոնիդ Անդրեև. «Հուդա Իսկարիովտացի»

Ներկայացնում ենք հատվածներ Լեոնիդ Անդրեևի (1871-1919) «Հուդա Իսկարիովտացի» ստեղծագործությունից։

***

-Տեսնում եմ, Հուդա՛, քո ստացածն իսկապես էլ քիչ է, և դա խռովում է քեզ։ Ահա, էլի՛ փող, վերցրու, տու՛ր երեխեքիդ։

Նա մի զրնգացող բան նետեց։ Եվ այդ հնչյունը դեռ չլսած՝ դրան ձայնակցելով հաջորդեց մեկ ուրիշ զնգոց. Հուդան էր վերադարձնում Հիսուսին մատնելու դիմաց ստացած վարձքը՝ արծաթե դրամներն ու օբոլները շպրտելով քահանայապետի ու դատավորների երեսին։ Մետաղե դրամները շեղակի անձրևի պես թեք թռչում էին՝ դիպչելով դեմքներին, ընկնելով սեղանին, գլորվելով հատակին։ Դատավորներից ոմանք ափերը դուրս արած՝ փակեցին դեմքները, մյուսները, տեղից ցատկելով, բղավում էին ու հայհոյում։ Հուդան, ջանալով խփել Աննային, նետեց վերջին մետաղադրամը, որը դուրս բերելու համար դողդոջուն ձեռքը երկար պրպտեց պարկի մեջ, հետո կատաղած թքեց ու դուրս եկավ։

***

Հուդայի պատմածներից դուրս էր գալիս, թե իբր ինքը գիտի բոլոր մարդկանց, և իր իմացած ամեն ոք կյանքում ինչ-որ վատ արարք, անգամ հանցանք է գործել։ Իսկ ահա, ըստ նրա, լավ մարդիկ են կոչվում նրանք, որոնք իրենց գործերն ու մտքերը թաքցնել գիտեն. բայց եթե նման մեկին գրկես, գուրգուրես ու մի լավ հարցուփորձ անես, նրանից, ինչպես թարախը ծակված վերքից, ամեն տեսակ խաբեություն, կեղտ ու սուտ կհոսի։ Նա խոստովանում էր, որ երբեմն ինքն էլ է խաբում, բայց երդումով հավատացնում էր, որ մյուսներից է՛լ քիչ, և եթե աշխարհում կա խաբված մեկը, դա հենց ինքն է՝ Հուդան։

***

-Բայց նա կարծես թե շա՞տ աշակերտներ ունի։
-Այո՛, շա՛տ։
-Եվ հավանաբար նրան շա՞տ են սիրում։
-Այո՛, ասում են, թե սիրում են։ Շատ են սիրում՝ իրենց անձից ավելի։
-Բայց եթե կամենանք բռնել նրան, չե՞ն պաշտպանի, ըմբոստություն չե՞ն հրահրի արդյոք։

Հուդան ծիծաղեց՝ երկար ու չար.
-Նրա՞նք՝ այդ վախկոտ շնե՞րը, որոնք փախչում են, հենց մարդ կռանում է քար վերցնելու։ Նրա՞նք։

-Մի՞թե այդքան վատն են,- սառնորեն հարցրեց Աննան։

-Իսկ մի՞թե վատերն են լավերից փախչում։ Հը՜։ Նրանք լավն են, դրա համար էլ կփախչեն։ Նրանք լավն են, ուստիև կթաքնվեն։ Նրանք լավն են, այդ իսկ պատճառով կհայտնվեն միայն, երբ հարկավոր լինի Հիսուսին գերեզման դնել։ Դա իրե՛նք կանեն, դու միայն մահու տուր։

***

-Հուդան ձեզ խաբել է։ Նա անմեղ էր։ Դուք արդար մարդու եք սպանել…Իսկ ովքեր եք դուք՝ խելոքնե՛րդ։ Հուդան խաբել է ձեզ, լսու՛մ եք։ Հուդան ոչ թե նրան, այլ ձեզ՝ գիտուններիդ, ձեզ՝ հզորներիդ է մատնել խայտառակ մահվան, որը հավիտյան վերջ չի ունենալու։ Երեսու՜ն արծաթ։ Այո, այո։ Բայց ախր դա գինն է ձե՛ր արյան՝ կեղտոտ, ինչպես լվացքաջուրը, որ կանայք վայթում են տան դարպասից։

***

Այդ պահին, դուռն ուժգին շրխկացնելով, ներս մտավ Հուդա Իսկարիովտացին։ Բոլորը զարհուրած ոտքի ցատկեցին և սկզբում նույնիսկ գլխի չընկան, թե եկողն ով է, իսկ երբ նկատեցին ատելի դեմքն ու շեկ խուլավոր գլուխը, աղմկեցին։ Իսկ Պետրոսը, ձեռքերը բարձրացնելով, գոչեց.

-Հեռացի՛ր։ Մատնի՛չ։ Հեռացի՛ր, թե չէ կսպանեմ։ Բայց ուշադիր նայելով Մատնիչի դեմքին ու աչքերին՝ կարկամեցին՝ վախեցած փսփսալով.
— Ձեռ քաշեք նրանից։ Նրա մեջ սատանա է բուն դրել։

Սպասելով մինչև կլռեն՝ Հուդան բարձր գոչեց.
-Ուրախացե՛ք, կարիովտացի Հուդայի աչքեր։ Սառնասիրտ մարդասպանների տեսաք հենց նոր. ահա վախկոտ դավաճանները ձեր առջև են։ Ո՞ւր է Հիսուսը։ Ձեզ եմ հարցնում. ո՞ւր է Հիսուսը։

Իսկարիովտացու խռպոտ ձայնի մեջ տիրական մի բան կար, և Թովմասը հնազանդ պատասխանեց.
-Ախր ինքդ էլ գիտես, Հուդա, որ վարդապետին երեկ երեկոյան խաչեցին։
-Իսկ դուք ինչպե՞ս թույլ տվիք։ Ո՞ւր էր ձեր սերը։ Դու՝ սիրելի աշակերտդ, դու՝ վեմդ, ո՞ւր էիք դուք, երբ խաչի հանեցին ձեր ընկերոջը։
-Իսկ ի՞նչ կարող էինք անել, ինքդ դատիր,-ձեռքերը տարածեց Թովմասը։

-Դո՞ւ ես, Թովմաս։ Էդպե՜ս, էդպե՜ս,-գլուխը թեքեց կարիովտացի Հուդան և հանկարծ ցասումով վրա տվեց,-սիրող մարդն իր անելիքը ուրիշից չի հարցնում։ Նա անում է ձեռքի եկածը. լաց է լինում, կծոտում է, խեղդում է թշնամուն ու նրա ողերն է ջարդում։ Երբ սիրո՛ւմ է։ Երբ որդիդ խեղդվում է, մի՞թե ջուրը նետվելու և որդուդ հետ խեղդվելու փոխարեն գնում ես քաղաք ու անցորդներին հարցնում՝ Որդիս խեղդվում է, ի՞նչ անեմ։