ԳլխավորՄի կտոր գիրք

Ինձ դուր ես գալիս, երբ լռում ես… Պաբլո Ներուդա

Անձրեւ, աշուն

Ներկայացնում ենք չիլիացի բանաստեղծ Պաբլո Ներուդայի (12 հուլիսի, 1904 – 23 սեպտեմբերի, 1973) ստեղծագործություններից։

Անձրևում է

Անձրևում է
ավազի վրա, տանիքին`
անձրևի մեղեդին:
Միալար անձրևի երկար L-երը
թափվում են հավիտենական սիրուս
էջերի վրա.
աղն ամեն օրվա:
Վերադարձիր անձրև նախկին բույնդ,
վերադարձիր ասեղներովդ` անցյալ:

«Սպիտակ» տարածք եմ ուզում այսօր,
թղթե ժամանակ` մի կանաչ թփի
ու ոսկե վարդերի համար:
Ինչ-որ բան անվերջ գարունից,
որ սպասում էի այսօր, բաց երկնքի հետ,
և թուղթն էր սպասում,
երբ անձրևը վերադարձավ
ու պատուհանը ծեծեց տխրագին,
եկավ պարելու անպատմելի կատաղությամբ
իմ սրտի ու տանիքի վրա`
պահանջելով
իր տեղը,
խնդրելով ինձնից մի գավաթ,
որ դարձյալ լցնի
ասեղներով,
թափանցիկ ժամանակով,
արցունքներով:

Պոեմ համար վեց

Հիշում եմ քեզ այնպես, ինչպիսին անցյալ աշնանն էիր:
Մոխրագույն բերետավորն էիր և խաղաղ սիրտը:
Աչքերիդ մեջ մթնշաղի բոցերն էին կայծկլտում:
Եվ թափվում էին տերևները` ջրերին հոգուդ:

Որթատունկի պես ձեռքերս գրկած՝
Ամբարում էին տերևները քո հանդարտ ու խաղաղ ձայնը:
Ապշանքի խարույկ, ուր այրվում էր ծարավս:
Քաղցր կապույտ հակինթ՝ հոգուս թեքված:

Զգում եմ ճամփորդությունը հայացքիդ, և հեռու է աշունը:
Մոխրագույն բերետ, թռչնի ձայն և տան սիրտ,
Ուր գաղթում էին նվիրական տենչանքներս,
Եվ ընկնում էին երջանիկ համբույրներս՝ ածուխների պես:

Երկինք՝  նավից: Դաշտ՝  բլուրներից:
Քո մասին հիշողությունը լույսից է, ծխից, խաղաղ լճակից:
Քո աչքերից անդին մթնշաղներն էին հրդեհվում:
Աշնան չոր տերևներ էին պտտվում քո հոգում:

Պոեմ համար տասնչորս

Խաղում ես ամեն օր տիեզերքի լույսով:
Նրբագեղ այցելու, դու ծաղկի և ջրի կերպով ես գալիս:
Ավելին ես, քան այս փոքրիկ սպիտակ գլուխը, որ սեղմում եմ
Ձեռքերիս մեջ ամեն օր՝ ինչպես ողկույզ:

Նման չես ոչ ոքի՝ ինչ քեզ սիրում եմ:
Թույլ տուր տարածել քեզ դեղին ծաղկաթերթերի մեջ:
Ո՞վ է գրում անունդ ծխե տառերով՝ հարավային աստղերին ի տես:
Ա՜խ, թույլ տուր հիշեցնել քեզ, թե ինչպիսին էիր, երբ դեռ չկայիր:

Հանկարծ քամին ոռնում է ու հարվածում փակ պատուհանիս:
Երկինքը ստվերոտ ձկներով լի ցանց է:
Այստեղ գալիս են բոլոր քամիները, բոլորը:
Անձրևը մերկանում է:

Թռչունները թևում են, փախչում են:
Քամին… Քամին…
Ես կարող եմ պայքարել մարդկային ուժի դեմ միայն:
Փոթորիկը պտտում է տերևները մթին,
ԵՎ արձակում է բոլոր նավակները, որ անցյալ գիշեր կապված էին երկնքին:

Դու այստեղ ես: Ա՜խ, դու չես փախչում:
Դու կարձագանքես ինձ մինչև վերջին ճիչը:
Կծկվիր կողքիս այնպես, կարծես վախեցած ես:
Սակայն… մի անգամ տարօրինակ ստվեր անցավ աչքերիդ միջով:

Հիմա´, հիմա էլ, փոքրիկ(ս), ինձ համար ցախկեռաս ես բերում,
Եվ բուրում են կրծքերդ անգամ:
Մինչ տխուր քամին սլանում է՝ թիթեռներ սպանելով,
Ես սիրում եմ քեզ, և ուրախությունս կծում է բերանդ սալորե:

Որքա՜ն ցավոտ է եղել ինձ ընտելանալը.
Իմ միայնակ ու վայրի հոգուն, իմ անվանը, որ վանում է բոլորին:
Տեսել ենք քա՜նիցս՝ ինչպես է այրվում աստղն այգաբացի՝ մեր աչքերը համբուրելով,
ԵՎ մեր գլխավերևում ՝ մթնշաղների վերափոխումը պտտվող հովհարների:

Անձրևեցին բառերս քեզ վրա՝ շոյելով քեզ:
Ես վաղուց եմ սիրել արևոտ մարմինդ սադափե:
Նույնիսկ, համարում եմ քեզ տիեզերքի տիրուհին:
Կբերեմ երջանկաբույր ծաղիկներ լեռներից,
Մուգ տխիլներ և դաշտային զամբյուղներ համբույրների:

Ուզում եմ անել քեզ հետ այն,
Ինչ անում է գարունը բալենիներին:

Սիրում եմ քեզ

Սիրում եմ քեզ…
անհասկանալի
չխոստովանվող
իրարամերժ։

Սիրում եմ քեզ…
բոլոր հոգեվիճակներովս
որոնք շատ են
որ շարունակ փոխվում են
թե ինչու` ինքդ գիտես
ժամանակը, կյանքը, մահը։

Սիրում եմ քեզ…
աշխարհով,
որ չեմ ընկալում
մարդկանցով,
որոնց չեմ հասկանում
հոգուս երկվությամբ
արարքների հակասությամբ
տրված ճակատագրով
թաքուն ցանկությամբ
երկիմաստ փաստերով։

Նույնիսկ երբ ասում եմ
թե քեզ չեմ սիրում
սիրում եմ քեզ
նույնիսկ երբ խաբում եմ քեզ
քեզ չեմ խաբում
իրականում այդպես
քեզ ավելի եմ սիրում։

Սիրում եմ քեզ
առանց մտորելու
անգիտակցաբար
առանց պատասխանատվության
ինքնաբերաբար
ակամա
բնազդաբար
հախուռն
չկշռադատված։

Իրականում չունեմ
տրամաբանական փաստարկներ
ոչ էլ նույնիսկ հանպատրաստից
հիմնավորելու այս սերը
որ զգում եմ քո հանդեպ.
որ ծագեց ոչնչից
խորհրդավոր ձևով
որ ոչնչի չհանգեց
կախարդական ձևով
բայց որը քիչ-քիչ և հրաշքով
իմ մեջ վատը լավ դարձրեց։

Սիրում եմ քեզ…
սիրում եմ մարմնով,
որ չի մտածում
սրտով, որ չի կշռադատում
մտքով, որ չի համակարգում։

Սիրում եմ քեզ…
անհասկանալի
առանց ինքս ինձ հարցնելու
թե ինչու եմ սիրում
կարևորություն չտալով
թե ինչու եմ սիրում
իմ առջև հարց չդնելով
թե ինչու եմ սիրում։

Սիրում եմ քեզ
պարզապես
որովհետև սիրում եմ։

Պոեմ համար տասնհինգ

Ինձ դուր ես գալիս, երբ լռում ես, որովհետև, ասես, բացակա ես:
և լսում ես ինձ հեռվից, և չի դիպչում քեզ ձայնս:
Թվում է, թե աչքերդ հոսել են դուրս,
և թվում է, թե մի համբույր փակում է բերանդ:

Ինչպես ամենը լի է իմ հոգով,
հայտնվում ես ամենից՝ իմ հոգով լցված:
Երազի թիթեռնիկ, դու նման ես իմ հոգուն,
և նման ես դու բառին մելամաղձոտ:

Ինձ դուր ես գալիս, երբ լռում ես, և կարծես՝ հեռու ես:
Եվ, ասես դժգոհում ես, թիթեռնիկ գեղգեղուն:
Եվ լսում ես ինձ հեռվից, և չի հասնում քեզ ձայնս.
թույլ տուր ինձ լռել քո լռության հետ:

Թույլ տուր, նաև լռությանդ հետ խոսել.
պայծառ, ինչպես մի լամպ, պարզ, ինչպես մի օղակ:
Նման ես գիշերին՝ լուռ և աստղային.
լռությունդ աստղից է. այնքա՜ն հեռավոր և պարզ:

Ինձ դուր ես գալիս, երբ լռում ես, որովհետև, ասես, բացակա ես:
Սառն ու ցավոտ, ինչպես եթե մահացած լինեիր:
Մի բառ, ուրեմն, մի ժպիտ բավական է,
Եվ երջանիկ եմ, երջանիկ, որ այդպես չէ:

Պոեմ համար տասնվեց

Իմ մթնշաղի երկնքում նման ես ամպի…
Եվ քո գույնն ու ձևն այնպիսին են, ինչպես ես եմ ուզում:
Դու ի´մն ես, ի´մն ես, քաղցրաշուրթ կի´ն,
Եվ ապրում են քո´ կյանքում անհուն երազներս:

Հոգուս ճրագը շառագունում է ոտքերիդ,
Իմ թթու գինին քաղցրանում է քո շուրթերին.
Օ՜հ, հնձվոր, իմ իրիկնային երգի,
Որքա՜ն իմն են զգում քեզ երազներս մենակյաց,

Դու ի´մն ես, ի´մն ես՝ գոռում եմ իրիկնաժամի
զեփյուռին, և քամին տանում է այրի ձայնս:
Աչքերիս խորքի որսորդ, գողոնդ
Լճանում է գիշերային հայացքում քո:

Իմ երաժշտության ցանցում կալանված ես դու, իմ սե´ր,
Իսկ իմ երաժշտական ցանցն ընդարձակ է երկնքի պես:
Հոգիս ծնվում է քո վշտաբեկ աչքերի ափին:
Քո վշտաբեկ աչքերում սկսվում է երկիրը երազի: