ԳլխավորԼուր

Կյանքից հեռացել է թատրոնի ու կինոյի դերասան Վրեժ Հակոբյանը

Կյանքից հեռացել է թատերական գործի կազմակերպիչ, դերասան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վրեժ Հակոբյանը, հայտնում են Հայաստանի թատերական գործիչների միությունից։ Նա 84 տարեկան էր։

«Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Վ. Հակոբյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին»,-նշված է գրառման մեջ։

Վրեժ Հակոբյանը հանդիսատեսին հայտնի է ոչ միայն թատրոնում, այլև կինոյում կերտած իր դերերով՝ Ռոդրիգո Շեքսպիրի «Օթելլո» դրամայից, Սերոբը՝ Վ. Փափազյանի «Ժայռը» պիեսից, Արտակ Մոկացը՝ Դ. Դեմիրճյանի «Վարդանանք» վեպից, «Կարինե», «Խաթաբալա», «Երկունք», «Արևիկ» և այլ կինոֆիլմերից:

2010-ից խաղացել է մի քանի հեռուստասերիալներում («Դիմակահանդես», «Դժվար ապրուստ», «Բախտաբեր»)։

Եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, 1977 թվականին նշանակվել է թատրոնի փոխտնօրեն, 1982 թվականին՝ տնօրեն։ Հյուրախաղերով հանդես է եկել մի շարք արտասահմանյան երկրներում։ Եղել է ՀՀ մշակույթի նախարարության թատերարվեստի վարչության պետը, ղեկավարել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը, 2003-2013 թվականներին եղել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրենը։