ԳլխավորԼուրՀայաստանս

Բռնցքամարտիկ Արթուր Բազեյանը հաղթեց նոկաուտով ու հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

Հայաստանն առաջին չեմպիոնական տիտղոսը նվաճեց Իտալիայի Ռոզետո–դելի–Աբրուցի քաղաքում ընթացող բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում, տեղեկացնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։

Իր բոլոր մրցակիցներին հաղթեց ու պատվո հարթակի ամենավերին աստիճանին կանգնեց 56 կգ քաշային, Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցի սան Արթուր Բազեյանը։

Մարզիչներ Արման Հարությունյանի և Ռոբերտ Պետրոսյանի սանը պարզապես ֆանտաստիկ մրցելույթներ անցկացրեց ու եզրափակիչում նոկաուտով հաղթեց իռլանդացի Ադամ Բրաիան Հեսսիոնին։

2-րդ ռաունդում հայ մարզիկի ուժգին հարվածներից հետո մրցավարը երկու անգամ դադարեցրեց մենամարտն ու հաշիվ բացեց, ու եթե առաջին դեպքում իռլանդացի մրցակիցը կարողացավ շարունակել պայքարը, ապա երկրորդ դեպքում մրցավարը դադարեցրեց մենամարտը։

Սա այս մրցաշրջանում հայկական բռնցքամարտի առաջին չեմպիոնական տիտղոսն էր հեղինակավոր մրցաշարերում։

Բացի ոսկե մեդալից՝ Արթուր Բազեյանը նաև ճանաչվել է առաջնության լավագույն բռնցքամարտիկ։

Եվրոպայի Մ22 տարեկանների բռնցքամարտի առաջնությունում մեդալ է նվաճել նաև Համբարձում Հակոբյանը: 81 կգ քաշային կարգում Հակոբյանը դարձել է արծաթե մեդալակիր՝ եզրափակչում զիջելով ռուս Նիկիտա Վորոնյովին:

Comment here