ԳլխավորԼուր

Արթուր Դավթյանը Թուրքիայում հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

Մարմնամարզիկ Արթուր Դավթյան

Մարմնամարզիկ, հենացատկի աշխարհի գործող չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց Թուրքիայում անցկացվող Եվրոպայի առաջնությունում: Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության հենացատկի եզրափակիչում աշխարհի գործող չեմպիոնը փայլուն ցատկերով, ամենաբարձր արդյունքով նվաճեց նաև Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

Դավթյանը վաստակեց 15.033 միավոր: Նա որակավորման փուլը ևս հաղթահարել էր ամենաբարձր՝ 15.066 միավորով: Հայաստանի առաջատար մարմնամարզիկը գերազանց կատարեց երկու ցատկերն էլ: Եվրոպայի փոխչեմպիոն դարձավ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ջեյք Ջարմանը (15.016), բրոնզե մեդալակիր՝ ուկրաինացի Իգոր Ռադիվիլովը (14.750):

Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականը 3 մեդալով ավարտեց պայքարը Եվրոպայի առաջնությունում՝ 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե: Երեկ երկրորդ անգամ Եվրոպայի փոխչեմպիոն հռչակվեց Վահագն Դավթյանը` օղակներ վարժությունում: Նժույգ թափերում բրոնզե մեդալակիր դարձավ Արթուր Դավթյանը:

Հիշեցնենք` Արթուր Դավթյանը Եվրոպայի չեմպիոն էր դարձել նաև 2021 թվականին նժույգ թափեր վարժությունում: