ԳլխավորԼուր

Ինձ համար անհասկանալի է` Տնտեսագիտական համալսարանը որ կլաստերում է. Դիանա Գալոյան

ՌԵկտորները ԿԳՄՍՆ-ում

Usanogh.am-ն արդեն հայտնել է, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրավիրում է ՀՀ պետական բուհերին և գիտահետազոտական կազմակերպություններին ներկայացնելու հայեցակարգային առաջարկություններ ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի վերաբերյալ:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանից հետաքրքրվեցինք`արդեն կա՞ն ուղենշված առաջարկներ, առհասարակ՝ ինքը կո՞ղմ է բուհերի խոշորացման ծրագրին:

Նրա խոսքով` մինչև հայեցակարգային առաջարկների ընդունման վերջնաժամկետը` 2024-ի փետրվարի 15-ը, բավական ժամանակ կա հավուր պատշաճի պատրաստվելու համար: Ռեկտորը նշեց, որ ակադեմիական խորհրդում, հոգաբարձուների խորհրդում պետք է քննարկեն այդ հարցը և ըստ այդմ հայեցակարգ կներայացնեն.

«Ինչ վերաբերում է բուհերի խոշորացմանը, այո´, այն բուհերը, որոնք ֆինանսապես ինքնաբավ չեն և չեն կարողանում բավարար չափով ուսանողների ներգրավմամբ ֆինանսական այնպիսի վիճակի հասնել, որը թույլ կտա ակադեմիական կազմին նորմալ աշխատավարձ տալ, բուհում ներգրավել ակադեմիական լավագույն կազմին, որը կապահովի որակյալ կրթություն, ապա,միանշանակ, խոշորացումը նպատակ ունի  հանրապետությունում կրթության որակը բարելավելու: Եթե խոշորացմամբ մենք նպատակ ենք դնում բարձրացնել կրթության որակը, պետք է գնանք միավորման ճանապարհով՝ մասշտաբի էֆեկտի հիման վրա ֆինանսական ռեսուրսների խնայողության համար, որն էլ կուղղվի  կրթության որակի բարձրացմանը: Այդ համատեքստում խոշորացումն արդարացված է»:

Usanogh.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ առանձնացվել են 6 հիմնական ուղղություններ, որոնցով ենթադրվում է, որ պետք է խոշորացվեն բուհերը և գիտահետազոտական կազմակերպությունները` դասական ուղղությունը, որը պետք է ներառի հիմնականում հիմնարար գիտությունները հասարակական և հումանիտար բնագավառներում, բժշկական ուղղությունը, որը կներառի բժշկական և կյանքի գիտությունների բնագավառները: Այս ուղղության բուհերը Ակադեմիական քաղաք տեղափոխելու ծրագիր դեռ չի քննարկվում: Փոխարենը տեխնոլոգիական, կրթական, արվեստների և սպայական բնագավառների բուհերի տեղակայումը նախատեսվում է Ակադեմիական քաղաքում:

Դիանա Գալոյանից հետաքրքրվեցինք` Տնտեսագիտական համալսարանը կոնկրետ ո՞ր կլաստերում է, ի՞նչ է ռեկտորը մտածում բնագավառների այսպիսի բաշխման մասին.

«Ես ընդհանրապես չեմ հասկացել, թե այդ 6 ուղղությունից տնտեսագիտություն և բիզնես բնագավառը որտեղ է ներառված, մենք պետք է լինենք սոցիալական գիտությունների և բիզնես վարչարարության ուղղվածության մեջ, բայց ես չտեսա այդպիսի ուղղություն: Ճիշտն ասած, դա ինձ համար փոքր-ինչ անհասկանալի է: Գուցե դասական ուղղվածության մեջ ենք, չգիտեմ…ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասել է, որ գործընթացը մասնակցային և բաց է լինելու, կարծում եմ` այս 6 ուղղությունը վերջնական չէ, դեռ կքննարկենք»:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ