ԳլխավորԼուր

Վաղը Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն

Վաղը՝ հոկտեմբերի 20-ին, մայրաքաղաք Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ փակ են լինելու երթևեկության համար։ Պատճառը Երևանում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստն է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 18-ից 20-ը, տրանսպորտային միջոցների երթևեկության համար փակ է լինելու Արշակունյաց պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկից մինչև Գրիգոր Լուսավորչի փողոց տանող հատվածը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ոստիկանության հաղորդմամբ՝ այդ ժամանակահատվածում հնարավոր է` նաև արգելվի երթևեկությունը Պռոշյան, Պարոնյան և Գրիգոր Լուսավորչի փողոցներում։ Նման որոշում կկայացվի ըստ անհրաժեշտության։

Տեղեկացնենք՝ վաղը Երևանում կկայանա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը։ Երևան են ժամանելու ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները: