Բրյուսովի անվան պետական համալսարանում կայացել է հանդիպում՝ նվիրված 44-օրյա պատերազմի մասնակից ուսանողերին, հայտնում են բուհից։
«Այսօր մեր համալսարանում տեղի ունեցավ բացառիկ ու հուզիչ հանդիպում՝ նվիրված 44-օրյա պատերազմի մասնակից ուսանող տղաներին: Միջոցառումը համախմբեց ԲՊՀ ղեկավարությանը, դասախոսական կազմին և ուսանողներին՝ խոնարհվելու նրանց անձնվեր ծառայության ու հայրենասիրության առաջ:
Հանդիպման ընթացքում համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը շնորհակալագրեր հանձնեց պատերազմի մասնակիցներին՝ նշելով, որ նրանց արիությունն ու նվիրումը մեր հասարակության համար միշտ օրինակելի կմնան: Ռեկտորի խոսքերին միացան նաև պրոռեկտորներն ու դեկանները՝ բարձր գնահատելով տղաների սխրանքը և ընդգծելով, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը միշտ կլինի այս հերոսների կողքին՝ գնահատելով ու արժևորելով նրանց յուրաքանչյուր քայլը հայրենիքի ազատության ու խոստումնալից ապագայի համար:
Միջոցառումն առավել հուզիչ դարձավ, երբ ԲՊՀ ղեկավար կազմը և ուսանողները ծաղիկներ խոնարհեցին մեր զոհված ուսանողների հիշատակին: Խոսուն լռությամբ մեկ անգամ ևս հաստատեցինք, որ մեր հերոս տղաները հավերժ կմնան մեր սրտերում ու հիշողություններում»,-հայտնում են ԲՊՀ-ից։