Nvidia ընկերությունը ներկայացրել է Blackwell միկրոչիպերի նոր սերունդը, որն առաջին հերթին նախատեսված է արհեստական բանականության ոլորտում մշակումների համար: Արտադրողը այն անվանում է աշխարհի ամենահզոր չիպը, հայտնում է BBC-ն:
«Մեզ ավելի հզոր գրաֆիկական պրոցեսորներ են պետք։ Հետևաբար, տիկնայք և պարոնայք, ես ուզում եմ Ձեզ ներկայացնել շատ, շատ հզոր GPU»,- հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգը Կալիֆոռնիայում կայացած մշակողների համաժողովում ներկայացնելով նոր չիպը:
Ի դեպ, Apple-ը, Microsoft-ը և Amazon-ը նույնպես մշակում են ԱԲ-ին աջակցող չիպեր, սակայն Nvidia-ի հիմնական մրցակիցների արտադրանքը հզորությամբ ու արդյունավետութամբ առայժմ չեն կարող մրցել նույնիսկ 2022 թվականին թողարկված H100 չիպի հետ։
Հանրահայտ ChatGPT չաթ-բոթը ուսուցանվել է Microsoft-ի գերհամակարգչի վրա տեղադրված Nvidia-ի 10 000 գրաֆիկական պրոցեսորներով։
Ընկերությունը հավաստիացնում է, որ Blackwell պրոցեսորները նախորդ սերնդի համեմատ 4 անգամ արագ են ուսուցանում արհեստական բանականության մոդելներին, ինչպես նաեւ 25 անգամ ավելի էներգախնայող են։
NVIDIA-ն, որը հիմնադրվել է 1993 թ.-ին Սիլիկոնային հովտում, ի սկզբանե հայտնի էր որպես համակարգչային խաղերի գրաֆիկական մշակման համար միկրոչիպերի արտադրող, ինչով հաջողությամբ զբաղվում է մինչ այժմ:
Այնուամենայնիվ, Հուանգը խաղադրույք կատարեց արհեստական ինտելեկտի վրա՝ ներդրումներ կատարելով Nvidia-ի պրոցեսորների համար լրացուցիչ գործառույթների մեջ այդ տեխնոլոգիան լայնորեն տարածվելուց շատ առաջ:
Վերջին մեկ տարվա ընթացքում ընկերության արժետոմսերը թանկացել են 240%-ով, իսկ շուկայական կապիտալիզացիան գերազանցել է 2 տրիլիոն դոլարը՝ նրան դարձնելով ԱՄՆ-ի ամենաթանկ ընկերություններից երրորդը Microsoft-ից ու Apple-ից հետո։