ԳլխավորԼուր

Հանդիպում «Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակին արժանացած ԵՊՀ ուսանողների հետ

Հանդիպում «Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակին արժանացած ԵՊՀ ուսանողների հետ

ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճի նախասրահում տեղի ունեցավ հանդիպում ԵՊՀ ուսանողների հետ, որոնք արժանացել են «Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակին։ Հանդիպմանը ուսանողները ներկայացրին կրթաթոշակի շրջանակում իրենց իրականացրած գաղափարները և կատարած աշխատանքները՝ ուղղված մարզերի և համայնքների զարգացմանը:

ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, խոսելով «Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակային հիմնադրամի հայտարարած կրթաթոշակի մրցույթի շրջանակում ուսանողների կատարած աշխատանքի մասին, նշեց, որ այսօրինակ հանդիպումները նպատակ ունեն արձանագրելու, խրախուսելու ուսանողների կատարած աշխատանքը, ինչը, որպես կանոն, ոգևորում է նրանց։

«Երկու տարի է, ինչ «Քեն Կակոսյան ընտանիք» հիմնադրամը կրթաթոշակներ է տրամադրում ԵՊՀ ուսանողներին: Կրթաթոշակը՝ որպես ֆինանսական աջակցություն, հատկացվում է այն ուսանողներին, որոնք ունեն բարձր առաջադիմություն և մեծ ակտիվություն են ցուցաբերում իրենց համայնքներում: Համալսարանում ստացած գիտելիքների և ձեռք բերած հմտությունների շնորհիվ ուսանողները մարզերում կատարում են աշխատանքներ՝ նպաստելով համայնքային համերաշխության ձևավորմանը, համայնքային աշխատանքների պատշաճ կատարմանը»,- ընդգծեց Ալեքսանդր Մարգարովը:

Հանդիպմանը ուսանողները ներկայացրին այն աշխատանքները, որոնք մինչ այժմ փուլ առ փուլ իրականացրել են մարզերում:

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի բակալավրիատի 2-րդ կուրսի ուսանող Մարգարիտա Աբրահամյանը Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում աշխատում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների զբաղվածությունն ապահովելու ուղղությամբ։

«Առաջին տարին է, ինչ կրթաթոշակ եմ ստանում։ Ծրագրի շրջանակում աշխատում եմ հենց մեր համայնքում ապրող երեխաների զբաղվածությունն ապահովել ժամանցների, խաղերի, ճամբարների միջոցով: Արդեն իրագործել եմ ծրագրիս երկրորդ փուլը: Նախատեսում եմ ծրագիրն իրականացնել նաև Արմավիրի մարզի այլ գյուղերում ևս: Ի տարբերություն քաղաքաբնակ երեխաների, որոնք հնարավորություն ունեն այցելելու տարբեր կենտրոններ, գյուղաբնակ, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների զբաղվածության խնդիրը լուծված չէ, և ես այդ հարցով միշտ մտահոգվել եմ»,- նշեց Մարգարիտան:

ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի բակալավրիատի 2-րդ կուրսի ուսանող Մանուկ Աբգարյանը, որը «Արարատյան» խմբակի հիմնադիրն է, պատմեց իր համայնքում՝ Վանաշենում, կատարած աշխատանքի մասին։

«Իմ ստեղծած խմբակի անդամները կամավորներ են: Խմբակի շրջանակում դասավանդում ենք «Մաթեմատիկա» առարկան: Մեր նպատակն է օգնել ավագ դպրոցի աշակերտներին առանց կրկնուսույցի մոտ վճարովի հավելյալ պարապմունքների ընդունվել համալսարան: Դասընթացների ժամանակ մենք աշակերտներին ծանոթացնում ենք նաև ՏՏ ոլորտին, տվյալագիտությանը: Ներկայում խմբակում ընդգրկված է 5 աշակերտ»,- ասաց Մանուկը և հավելեց, որ աշխատանքներն սկսելիս ի սկզբանե դժվարություններ են եղել, սակայն բոլոր խնդիրները հետագայում լուծվել են:

Հավելենք, որ «Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակային հիմնադրամը կրթաթոշակ է տրամադրում Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մարզաբնակ ուսանողներին՝ փոխհատուցելով ուսանողների ուսման վարձավճարը: Կրթաթոշակ ստացած ուսանողները հետագայում կյանքի են կոչում ներկայացված կարողությունների զարգացման ծրագրերը:

Կրթաթոշակի համար դիմող ուսանողները ներկայացրել են, թե ինչպես են ուսումն ու իրենց հետազոտական նախագծերը նպաստելու համայնքային կյանքի բարելավմանն ու բարգավաճմանը։