Ներկայացնում ենք աշխարհի համալսարանների՝ 2026 թ. ակադեմիական վարկանիշային ցանկը (ARWU,The Academic Ranking of World Universities) ըստ ShanghaiRanking Consultancy-ի։
Եվ այսպես, ARWU- 2026-ի առաջին եռյակում են Հարվարդի համալսարանը (ԱՄՆ, 100 միավոր), Սթենֆորդի համալսարանը (ԱՄՆ, 80.2) ու Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը (ԱՄՆ, 74.1)։
Առաջին տասնյակում են նաև Քեմբրիջի (Մեծ Բրիտանիա, 70.5), Կալիֆոռնիայի Բերկլիի (ԱՄՆ, 64.5), Փրինսթոնի (ԱՄՆ, 63.1, լուսանկարում), Օքսֆորդի (Մեծ Բրիտանիա, 62.1), Կոլումբիայի (ԱՄՆ, 58.0) ու Չիկագոյի համալսարանները (ԱՄՆ, 57.2) համալսարանները։ Տասնյակը եզրափակում է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտը (ԱՄՆ, 56.8)։
Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի բուհեր ցանկում ներկայացված չեն։
Իրանի 6 համալսարանները կիսում են 501-1000-րդ, Ռուսաստանի 5 համալսարանները՝ 151-900-րդ, Թուրքիայի 14 համալսարանները՝ 601-1000-րդ տեղերը։
Հավելենք, որ ՀՀ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների համաձայն՝ Շանհայի վարկանիշավորման ցանկի առաջին հինգ տասնյակի համալսարաններում սովորելու համար տարկետում ստացած ուսանողները, եթե ավարտելուց հետո վերադառնան ու առնվազն 3 տարի աշխատեն ՀՀ կառավարության կողմից սահմանված ոլորտում, կարող են ազատվել պարտադիր զինծառայությունից։
Աշխարհի համալսարանների ակադեմիական վարկանիշը (ARWU) առաջին անգամ հրապարակվել է 2003 թվականի հունիսին Համաշխարհային կարգի համալսարանների կենտրոնի (CWCU), Շանհայի (Չինաստան) Ցյաո Տոնգի համալսարանի բարձրագույն կրթության դպրոցի (նախկին բարձրագույն կրթության ինստիտուտ) կողմից և թարմացվում է ամեն տարի:
2009 թվականից աշխարհի համալսարանների ակադեմիական վարկանիշը (ARWU) հրապարակում է ShanghaiRanking Consultancy-ն։
Այն լիովին անկախ բարձրագույն կրթության վերլուծության կազմակերպություն է և իրավաբանորեն չի ենթարկվում որևէ համալսարանի կամ պետական գործակալության:
ARWU-ն օգտագործում է վեց օբյեկտիվ չափանիշներ աշխարհի համալսարանները դասակարգելու համար, ներառյալ Նոբելյան մրցանակներ և Ֆիլդսի մեդալներ ստացած շրջանավարտների և աշխատակիցների թիվը, Clarivate-ի կողմից ընտրված հաճախ մեջբերված հետազոտողների թիվը, Nature և Science ամսագրերում հրապարակված հոդվածների քանակը, Science Citation Index Expanded™-ի և Social Sciences Citation Index™-ինդեքսավորված հոդվածների քանակը Web of Science™-ում, ինչպես նաև համալսարանի գործունեության ցուցանիշները տվյալ պետության բնակչության մեկ շնչի հաշվով:
Ավելի քան 2500 համալսարաններ ամեն տարի հայտնվում են ARWU-ի վարկանիշում, հրապարակվում են լավագույն 1000-ը:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews


