Աշխարհի առաջատար բուհերԳլխավորԿրթությունՈւսումնառություն արտերկրում

Քեմբրիջի համալսարան (University of Cambridge)

Լուսանկարը՝ smapse.ru-ի

Քեմբրիջի համալսարանը (University of Cambridge) հետազոտական համալսարան է Մեծ Բրիտանիայում։ Նրա գլխավոր ու հիմնական գործառույթները բաժանված են համալսարանի կենտրոնական 6 ֆակուլտետների (Արվեստ եւ հումանիտար գիտություններ, Կենսաբանական գիտություններ, Կլինիկական բժշկություն, Հումանիտար եւ հասարակական գիտություններ, Ֆիզիկական (բնական) գիտություններ, Տեխնոլոգիա) եւ 31 քոլեջների միջեւ։

Հիմնադրվել է 1209 թվականին (երբ Օքսֆորդում ուսանողներից մեկի կողմից տեղի բնակչուհու սպանությունից հետո ուսանողների ու դասախոսների մի մասը ստիպված հեռացել ու հաստատվել է Քեմբրիջում)  եւ համարվում է ներկայումս գործող աշխարհի երրորդ ամենահին համալսարանը եւ անգլալեզու երկրորդ ամենահին համալսարանը Օքսֆորդի համալսարանից հետո։

Չնայած իրենց որոշ ընդհանրությունների համար Քեմբրիջի եւ Օքսֆորդի համալսարանները միասին հաճախ անվանում են «ՕքսԲրիջ», սակայն երկու համալսարաններն անհաշտ մրցակցության մեջ են։

Ի դեպ, Քեմբրիջի համալսարանի 31 քոլեջներից երեքում ընդունում են միայն կանանց («Նյու Հոլ», «Նյուհեմ» եւ «Լյուսի Քավենդիշ»)։

Քեմբրիջը տվել է 88 Նոբելյան մրցանակակիր, եւ այդ առումով առաջ է աշխարհի բոլոր բուհերից։ Քեմբրիջի ուսանող են եղել նաեւ Իսահակ Նյուտոնը, Ջորջ Բայրոնը, Չարլզ Դարվինը, Ֆրենսիս Բեկոնը եւ արքայական ընտանիքի բազաթիվ անդամներ։

Ուսանողների թիվը գրեթե 20 հազար է։

Քեմբրիջի համալսարանը աշխարհի առավել ճանաչված համալսարաններից է, բրիտանական «Russell Group» էլիտար համալսարանների խմբի անդամ։

Գրադարանային ընդհանուր ֆոնդը կազմում է 15 միլիոն կտոր, իսկ հրատարակչատունը ամենահինն է աշխարհում։

Ընդունելություն

Հաստատությունում սովորելու հնարավորություն ստանալու համար ԱՊՀ երկրների բնակիչները պետք է А-Levels կամ International Baccalaureate (IB) մակարդակի քննություն հանձնեն, ունենան անգլերեն լեզվի իմացության մասին սերտիֆիկատ (GCSE-C, IELTS 6-7, TOEFL 600/250) եւ նախնական հարցազրույց անցնեն ընդունող հանձնաժողովի կողմից։

Մաթեմատիկական ուղղություն ընտրած դիմորդները պետք է նաեւ Sixth Term Examination Papers in Mathematics – STEP հանձնեն։

Դիմորդները պետք է նաեւ բնութագիր ներկայացնեն իրենց ուսումնական հաստատություններից, մտադրությունների նամակ գրեն, նրանցից կարող են պահանջել նաեւ 1-2 լրացուցիչ էսսե ներկայացնել տրված թեմայով։

Ամեն տարի Քեմբրիջի 3400 տեղի համար պայքարում է միջինը 14 հազար դիմորդ։

Ուսման վճարը մեկ տարվա համար կազմում է 10-28 հազար ֆունտ ստեռլինգ (կախված խմբից եւ ֆակուլտետից)։

Ուսանողները նաեւ լրացուցիչ վճարումներ են անում քոլեջի ֆինանսական աջակցության համար (College fees), որը կազմում է 4.5-ից 5.8 հազար ֆունտ ստեռլինգ։ Կեցության ծախսերը կազմում են տարեկան առնվազն 7-8 հազար ֆունտ ստեռլինգ։

Համալսարանից դրամաշնորհ ստանալու հնարավորություն էլ կա, բայց քանակը շատ սահմանափակ է։ Առավելությունը տրվում է մագիստրոսներին եւ ասպիրանտներին։

Ի դեպ, 2019 թվականին բրիտանացի միլիարդատեր, Քեմբրիջի շրջանավարտ Դեյվիդ Հարդիգը 100 մլն ֆունտ ստեռլինգ է տրամադրել՝ ամբողջ աշխարհից տաղանդավոր ուսանողների ներգրավելու համար։

Կայքը՝ https://www.cam.ac.uk/

Comments (2)

  1. […] ցանկի առաջին տասնյակում են Հարվարդի, Սթենֆորդի, Քեմբրիջի համալսարանները, Մասաչուսեթսի տեխնոլոգիական […]

  2. […] տեխնոլոգիական ինստիտուտը (100 միավոր 100-ից), Քեմբրիջի համալսարանը (99.2), Օքսֆորդի համալսարանը (98.9), Հարվարդի համալսարանը […]

Comment here