Քեմբրիջի համալսարանում (Մեծ Բրիտանիա) ուսանողները բողոքի ակցիա են սկսել ու վրաններ տեղադրել՝ պահանջելով դադարեցնել ներդրումային համագործակցությունը Իսրայելին աջակցող կամ նրան զենք մատակարարող ընկերությունների հետ:
Վրանները տեղադրվել են, այսպես կոչված, «Նյուտոնի ծառի» տակ՝ հենց այն ծառի հետնորդը, որից, ըստ լեգենդի, խնձոր է ընկել Իսահակ Նյուտոնի գլխին։ Այս ծառը գտնվում է Թրինիթ քոլեջի տարածքում: Քոլեջի ղեկավարությունը փորձել է կանխել ակցիան՝ փայտյա վահաններով և բրեզենտով շրջապատելով ծառը՝ դրանով իսկ սահմանափակելով տեղի ունեցածի տեսանելիությունը և ուսանողներից պահանջելով դադարեցնել բողոքը:
Ակցիայի մասնակիցները, սակայն, իրենց վրանները տեղափոխել են Սենթ Ջոնսի քոլեջի տարածք և շարունակել ակցիան:
Ուսանողների պահանջներից է նաև, որ համալսարանը կրթաթոշակներ տրամադրի պաղեստինցի ուսանողներին, ինչպես նաև մասնակցի Գազայում իսրայելական ուժերի կողմից ավերված կրթական համակարգի վերականգնմանը:
Հիշեցնենք՝ 2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայի հատվածում ավելի քան 16,5 հազար երեխա է զոհվել։