Իսրայելում Հայաստանի դեսպանությունը կոչով դիմել է ՀՀ այն քաղաքացիներին, որոնք գտնվում են Իսրայելի տարածքում` հորդորելով պահպանել զգոնություն։
«Նկատի ունենալով Իսրայելում ստեղծված իրավիճակը՝ հորդորում ենք հետևել պաշտոնական ցուցումներին և արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետ»,- նշված է հայտարարության մեջ։
Դեսպանությունը հրապարակել է նաև արտակարգ իրավիճակների համար կապ հաստատելու ուղիները․
- էլեկտրոնային հասցե (armisraelembassy@mfa.am),
- սոցիալական էջեր (Facebook, X),
- +972 58 607-0313 հեռախոսահամար։
Ավելի վաղ նմանատիպ հայտարարություն էր տարածել նաև Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը։
Նկատի ունենալով Իրանի Իսլամական Հանրապետությունում ստեղծված իրավիճակը՝ գերատեսչությունից խորհուրդ են տալիս արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետ՝
- էլեկտրոնային հասցեով (armiranembassy@mfa.am),
- սոցիալական էջերի (Facebook, Instagram) միջոցով,
- ինչպես նաև հետևյալ հեռախոսահամարներով՝ ( +98 21 66704833, բջջային՝ +989053774966)
Հավելենք, որ Իրանում հայ համայնքի թիվն այսօր կազմում է մոտ 50 հազար մարդ: Մեծ մասը բնակվում մայրաքաղաք Թեհրանում, Իսրայելում հայերի թիվն ավելի քան 10 հազար է։
Հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելը ռմբակոծել է Իրանի տարածքը ՝ «կանխելու համար հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել»։ Հարվածների հետևանքով զոհվեցին 6 միջուկային ֆիզիկոսներ և 6 բարձրաստիճան գեներալներ։
Իրանն իր հերթին, որպես պատասխան, ԱԹՍ-ներ ուղարկեց դեպի Իսրայել, իսկ 13-ի ուշ երեկոյան հրթիռակոծեց երկրի տարածքը։
Փոխադարձ հրթիռակոծությունները մերթ ընդ մերթ շարունակվում են։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews