Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր -2025» մրցույթը, որն ուղղված է հայաստանյան գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող հաստատությունների ասպիրանտների և հայցորդների մասնագիտական որակավորման բարձրացմանը:
Մրցույթը նպատակ ունի ներգրավելու երիտասարդ հետազոտողների և ասպիրանտների, բարձրացնելու գիտության ոլորտում աշխատողների մասնագիտական որակավորումը, նպաստելու երիտասարդ հետազոտողների ինտեգրմանը միջազգային հետազոտական միջավայրին:
Հայտը ներկայացնում է մրցույթի մասնակիցը, որը կարող է լինել 1990թ․ հունվարի 1-ից հետո ծնված.
- առկա ուսուցման ասպիրանտը,
- հեռակա ուսուցման երկրորդ, երրորդ կամ չորրորդ կուրսի ասպիրանտը, կամ
- երկրորդ, երրորդ կամ չորրորդ տարվա հայցորդը:
Նախագծի իրականացման ընթացքում հայտատուն պետք է հանդիսանա ՀՀ քաղաքացի կամ ռեզիդենտ, ինչպես նաև բնակվի Հայաստանում։
Վերջինս մրցույթին մասնակցում է գիտական ղեկավարի հետ համատեղ, որը կարող է լինել ինչպես ՀՀ քաղաքացի, այնպես էլ օտարերկրյա քաղաքացի:
Հայտում ներառված գիտական նախագիծը կարող է լինել գիտության բոլոր բնագավառների մասնագիտություններով, նրա իրականացման տևողությունը կարող է լինել 36, 24 կամ 12 ամիս՝ կախված ենթածրագրից:
Ենթածրագրերին դիմելու համար պահանջվող պայմաններին, ինչպես նաև այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ մրցույթի հրավերից։
Դիմելու վերջնաժամկետը՝ 2025թ․ օգոստոսի 8։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews