ԳլխավորԼուրԿրթություն

Մեկնարկել է ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ֆինանսավորումը

Սեպտեմբերի 1-ից սկսվում է Գիտության կոմիտեի՝ մայիսին հայտարարած «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2020» մրցույթի թեմաների ֆինանսավորումը, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

«Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2020» մրցույթն էապես տարբերվում էր նախորդ տարիներին հայտարարած ասպիրանտների մրցույթից։ Դիմել կարող էին մինչև 35 տարեկան առկա ուսուցման ասպիրանտները, երկրորդ և բարձր կուրսի հեռակա ասպիրանտները, ինչպես նաև երկրորդ և ավելի տարվա STEM մասնագիտությունների հայցորդները։

Կախված ենթածրագրից՝ թեմաների ֆինանսավորման տևողությունը մեկից երեք տարի է՝ նախկին մեկի փոխարեն, շահառու ասպիրանտների ամսական վարձատրությունը՝ 150 հազար դրամ՝ նախկին 100 հազարի փոխարեն։ Ասպիրանտի ղեկավարի համար սահմանված էր աշխատանքի վարձատրություն՝ մինչև 600 հազար դրամ մեկ տարվա կտրվածքով, որը նախկինում չի եղել։ Յուրաքանչյուր հայտի առավելագույն գումարը երեք միլիոն երկու հարյուր հազար դրամ էր։ Ծրագիրը կազմված է 3 ենթածրագրերից, որոնցից յուրաքանչյուրի համար սահմանված էին նախորդ մրցույթների համեմատ բավականին բարձր շեմային պայմաններ՝ միջազգային ինդեքսավորված ամսագրերում տպագրություններ, անգլերենի իմացության բարձր մակարդակ։

Մրցույթին մասնակցելու համար ներկայացվել էր 32 հայտ, որից ֆինանսավորման է երաշխավորվել 11-ը: Մրցույթի արդյունքներով ընտրված գիտական թեմաների ցանկին, որը հաստատվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թ. օգոստոսի 27-ի N 1114-Ա/2 հրամանով, կարող եք ծանոթանալ այս հղումով:

Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության մրցույթներն անցկացվելու են ամեն տարի։

Comment here