ԳլխավորԼուր

Հայաստանում գիտությանն ուղղված ֆինանսավորումը կրկնապատկվել է, սակայն կադրերի լուրջ խնդիր կա

Մաթեմատիկա, հանրահաշիվ

Վերջին տարիներին Հայաստանում գիտությանն ուղղված ֆինանսավորումը զգալիորեն ավելացել է. միայն 2022 թվականին նախորդ տարվա համեմատ ֆինանսավորումն աճել է շուրջ 83 տոկոսով, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Այդ մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշել է ՀՀ գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը՝ ընդգծելով, որ 2018-2019 թվականների համեմատ ներկայում գիտության ֆինանսավորումը գրեթե կրկնապատկվել է:

«Վերջին երկու տարիների ընթացքում գիտության ֆինանսավորումը դարձյալ ավելացել էր, բայց ոչ այս կարգի աննախադեպ թվերով. օրինակ՝ 2020 թ.-ին այն ավելացել էր 1.5 մլրդ դրամով, 2021 թ.-ին՝ ևս 2 մլրդ դրամով, իսկ 2022 թ.-ին նախորդ տարվա համեմատ աճել է 83%-ով, որը մոտավորապես կազմում է 25,1 մլրդ դրամ: Որպեսզի համեմատենք՝ սա ինչ թիվ է 2018-19 թվականների նկատմամբ, կարելի է ասել՝ գիտության ֆինանսավորումը կրկնապատկվել է. շուրջ 13 մլրդ դրամ էր հետհեղափոխական ժամանակ գիտության ֆինանսավորումը»,- փաստել է բանախոսը:

Նրա խոսքով՝ 2020-2021 թթ.-ի ընթացքում ներդրվել են նոր ծրագրեր, և իրականացվել մեծ բարեփոխումներ, որոնց արդյունքում ձևավորվել են նաև համապատասխան պարտավորություններ:

«Մրցույթներ ենք հայտարարել, հաղթողները շահել են, և մենք պետք է ֆինանսավորենք: Այսօր Հայաստանում գիտության ոլորտն ավելի գրավիչ է, քան երկու տարի առաջ էր: Ֆինանսավորման ավելացմանը զուգահեռ ավելացել է նաև գիտական դրամաշնորհային մրցույթների թիվը, հետևաբար նաև գիտական խմբերի մասնակցությունն ավելի ակտիվ է դարձել: Ավելացել է նաև գիտական ծրագրերի իրականացման համար նախատեսված սարքերի ձեռքբերման ֆինանսավորումը: Այսինքն՝ հնարավորությունները մեծացել են, և հետաքրքրությունը գիտության նկատմամբ ավելացել է»,- շեշտել է Արթուր Մովսիսյանը:

Նա վստահեցրել է՝ գիտության ֆինանսավորման ավելացմանը զուգահեռ՝ նշված ուղղություններով ավելի մեծ առաջընթաց կապահովվի, սակայն երկարաժամկետ կտրվածքով հիմնական խնդիր է դրված ապահովելու այնպիսի միջավայր, որ գիտությունն իր ներդրումն ունենա տնտեսության զարգացման գործում:

Արթուր Մովսիսյանի խոսքով՝ Գիտության կոմիտեն ընթացիկ տարում նախատեսում է տարբեր գիտական թեմատիկ ծրագրեր իրականացնել մի քանի ուղղություններով:

«2022 թ. նոր 4 գիտական թեմատիկ ծրագրեր ենք իրականացնելու. PHD ուսանողներին ուղարկելու ենք արտասահման՝ լավագույն գիտական կազմակերպություններում սովորելու և վերապատրաստվելու: Երկրորդ ծրագրի շրջանակում թեկնածուականը պաշտպանած մասնագետներին ևս 6-36 ամսով ուղարկելու ենք արտասահման՝ վերապատրաստումների»,- նշել է բանախոսը՝ հավելելով, որ հաջորդ ծրագրի շրջանակում աջակցություն կստանա Հայաստանում ստեղծված այն գիտական խումբը, որի ղեկավարը լինելու է արտասահմանից:

Վերջինս պետք է կոնկրետ գիտական խնդիրներ դնի խմբի առջև, մրցույթով ընտրի կադրերին, հետևի աշխատանքներին, տարվա մեջ մի քանի ամիս լինի Հայաստանում:

Հաջորդ ծրագիրը վերաբնակեցման դրամաշնորհն է, որի շրջանակում կաշխատեն արտասահմանում գտնվող հայազգի կամ ոչ հայազգի այն գիտնականների հետ, որոնք ցանկություն ունեն ապրելու և աշխատելու Հայաստանում, գիտական խմբեր ձևավորելու, լաբորատորիաներ ստեղծելու:

Ըստ Արթուր Մովսիսյանի՝ գիտական բոլոր 4 ծրագրերն էլ նորություն են, դրանց չափանիշները նոր պետք է մշակվեն. «Թե ինչ չափանիշներով կընտրվեն գիտնականները, դեռ կդժվարանամ ասել, սակայն կարող եմ հաստատել, որ այո՛, կապ է ունենալու այն հանգամանքը, թե գիտության որ ճյուղն են ներկայացնում: Այս ծրագրերը պետք է միտված լինեն ուժեղացնելու գիտության այն ուղղությունները, որոնք Հայաստանում կամ թույլ են զարգացած կամ չունենք, օրինակ՝ իրավագիտություն, քաղաքագիտություն, տնտեսագիտություն և այլն»:

Արթուր Մովսիսյանը փաստել է՝ նախանշված ծրագրերով ակնկալվում է, որ գիտության ոլորտում կմեծանան համագործակցության հեռանկարները, և կձևավորվեն նոր կապեր:

Նա ընդգծել է, որ ոլորտում առկա է կադրերի լուրջ խնդիր, որովհետև տարիների ընթացքում ոլորտում գիտնականների թիվը պակասել է: Գիտնականների միջին տարիքը բարձր է, իսկ երիտասարդների թիվը՝ քիչ: Ըստ բանախոսի՝ այս ամենը նպաստում է, որ պետությունը գնա կտրուկ քայլերի՝ դրսից կադրեր ներգրավելու առումով, քանի որ խնդրի լուծման համար միայն ներքին ռեսուրսը բավարար չէ:

Ասուլիսի ընթացքում ՀՀ գիտության կոմիտեի նախագահի տեղակալն անդրադարձել է նաև գիտության ոլորտի այլ խնդիրների: