ԳլխավորԽճանկար

«Թվային հմտություններով» մասնագետների պակաս կա. ԵՊՀ ասպիրանտ Ալիսա Գևորգյանը հետազոտում է խնդիրը

Ալիսա Գևորգյան

Տեխնոլոգիական հեղափոխությունը նոր փոփոխություններ է բերել ինչպես հասարակական, այնպես էլ տնտեսական հարաբերություններում, և ներկայում տեխնոլոգիաները դարձել են տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը։ ԵՊՀ ասպիրանտ Ալիսա Գևորգյանն իր գիտահետազոտական նախագծի շրջանակում հետազոտելու է ՀՀ տնտեսական հարաբերությունների թվայնացման գործընթացի արդյունավետ կազմակերպման և զարգացման ուղիները։

«Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտության ծրագիր-2024» մրցույթի հաղթողներից է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ասպիրանտ Ալիսա Գևորգյանը, որն արդեն իսկ սկսել է աշխատանքները «Տնտեսական հարաբերություների թվայնացման խնդիրները ՀՀ-ում» խորագրով իր գիտական նախագծի շուրջ։ Նա կարծում է, որ տնտեսական հաջողությունն այլևս չի հենվում հումքի հարստության վրա (ինչպես եղել է նախկինում), և կարևորվում է ոչ նյութական կապիտալը՝ որպես մրցակցային առավելության աղբյուր: Նրա հետազոտությունը բացահայտելու է ՀՀ տնտեսական հարաբերությունների թվայնացման գործընթացի արդյունավետ կազմակերպման և զարգացման ուղիները՝ նախանշելով թվային տնտեսության ձևավորման գործուն մեխանիզմները ՀՀ-ում:

Թվայնացումն անհրաժեշտ է համընդհանուր տնտեսությունում

«Թվային տեխնոլոգիաներն այսօրվա տնտեսության կարևորագույն բաղադրիչներն են, քանի որ դրանք փոփոխում են ծառայությունների և ապրանքների տրամադրման եղանակը: Բեռնափոխադրումն ու առևտուրը թվայնացվել են, ինչը պահանջում է առավել ճկուն և արդյունավետ համակարգեր: Բացի դրանից՝ COVID-19 համավարակի պայմաններում շատ կազմակերպություններ ստիպված էին արագ անցում կատարելու թվային պլատֆորմներին, որպեսզի պահպանեն իրենց գործունեությունը և զբաղվածությունը: Այս գործողությունը բացահայտեց թվայնացման անհրաժեշտությունը համընդհանուր տնտեսության բնագավառներում: Թվային լուծումները փոքր և միջին ընկերություններին հնարավորություն են տալիս մրցունակ մնալու մեծ ընկերությունների շարքում, որոնք ունեն ավելի շատ ռեսուրսներ»,- նշեց Ալիսան:

Ըստ նրա՝ բարձր տեխնոլոգիաների զարգացումը որոշիչ դեր ունի պետության մրցունակության, անվտանգության և կենսամակարդակի բարձրացման գործում։ Այն պետությունները, որոնք ստեղծում և զարգացնում են բարձր տեխնոլոգիաները, փոփոխություններ են գրանցում մրցակցային դաշտում և առաջատար դիրքեր զբաղեցնում միջազգային ասպարեզում։ Թվայնացումը բարձրացնում է բիզնես գործընթացների արդյունավետությունը՝ հնարավոր դարձնելով ավտոմատացումը։

«Արդյունքում պակասում են մարդկային սխալները և կրճատվում են գործառնական ծախսերը: Այս բոլոր գործոնները ցույց են տալիս, որ տնտեսական հարաբերությունների թվայնացումը հակված է լինելու Հայաստանի և աշխարհի այլ երկրների սոցիալ-տնտեսական զարգացման առանցքային շարժիչ ուժերից մեկը»,- կարևորեց ԵՊՀ ասպիրանտը:

Գիտական հետազոտության արդյունքում նախատեսվում է հրապարակել առնվազն 1 հոդված միջազգային գիտական շտեմարաններում (ՄԳՇ), ինչպես նաև առնվազն 3 գիտական հոդված ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ընդունելի տեղական գիտական ամսագրերում։ Ակնկալվում է նաև մասնակցություն մեկ միջազգային և առնվազն երկու տեղական գիտաժողովների՝ հետազոտության հիմնական գիտական արդյունքների վերաբերյալ զեկուցում ներկայացնելու նպատակով։

էլեկտրոնային առևտրի տարածվածությունը դեռևս շատ ցածր է

Ըստ Ալիսայի՝ ՀՀ թվայնացման գործընթացում առկա են մի շարք խնդիրներ, քանի որ պետական կառավարման համակարգում թվային զարգացումը մինչ այժմ ընթացել է անհամաչափ։

«Պետական կառավարման ոլորտում թվային զարգացման նախաձեռնություններին զուգընթաց՝ հայաստանյան տնտեսության մասնավոր հատվածը ևս ակտիվորեն արձագանքում է գործընթացների թվային փոխակերպման համաշխարհային միտումներին։ Թվային տնտեսությունը սպասարկող ճյուղերը (ինչպիսիք են էլեկտրոնային վճարումների համակարգերը, փոստային ենթակառուցվածքները, թվային բանկային ծառայությունները և էլեկտրոնային առևտրին առնչվող ծառայությունները) զարգանում են, սակայն մրցունակությամբ դեռևս զիջում են համաշխարհային և տարածաշրջանային մակարդակներով»,- նշեց նա և հավելեց, որ թեև էլեկտրոնային առևտուրը զարգանում է, սակայն տարածվածությունը թե՛ բիզնեսի, թե՛ հասարակության շրջանում դեռևս շատ ցածր է։

Ալիսան ընդգծեց, որ ֆինանսական տեխնոլոգիաների շուկան նկատելի զարգացում է ապրում Հայաստանում, ինչն ուղեկցվում է շուկայի մասնավոր մասնակիցների կողմից զգալի ներդրումներով և սեփական բարձր տեխնոլոգիական արտադրանքների մշակմամբ։ Շուկայի ամենաարագ զարգացող ոլորտներն են թվային բանկային ծառայությունները, թվային դրամապանակները, վարկավորման թվային հարթակները և այլն։

«Ուսումնասիրությունները փաստում են, որ առկա է «թվային հմտություններով» մասնագետների պակաս մասնավոր և պետական ոլորտներում։ Ստեղծված իրավիճակը հիմնականում պայմանավորված է ներկայիս կրթական ծրագրերի և աշխատաշուկայում ձևավորված պահանջարկի միջև անհամապատասխանությամբ։ Բիզնեսի թվայնացման հիմնախնդիրները բազմաթիվ են, մինչդեռ ակնհայտ է, որ տնտեսության բոլոր ոլորտների համար հրամայական է ինստիտուցիոնալ և տեխնոլոգիական մակարդակով, որակապես թվային մատրիցով զարգացումների ապահովումը»,- ասաց նա:

Թվայնացումը՝ որպես մրցակցային առավելություն

Թվային տեխնոլոգիաների կիրառումը կարող է օգնել կազմակերպություններին ավելի լավ պատրաստվելու տնտեսական փոփոխություններին և ճգնաժամերին, ինչն էլ նպաստում է տնտեսության ընդհանուր կայունության ապահովմանը։

Այս բոլոր գործոնները միասին կարող են նշանակալիորեն նպաստել Հայաստանի տնտեսության արդիականացմանը և զարգացումներին։

«Կախված առանձին ճյուղերում նոր տեխնոլոգիաների կիրառման հնարավորություններից և տնտեսության ոլորտներում գործընթացների կազմակերպման ինստիտուցիոնալ առանձնահատկություններից՝ թվայնացման գործընթացները  կարող են էականորեն տարբերվել։ Մասնավորապես կրթության, առողջապահության, մանրածախ առևտրի և ֆինանսների ոլորտներում թվային գործիքների կիրառումը հնարավորություն է տալիս կազմակերպություններին առավել արդյունավետ գործելու, առավել որակյալ ծառայություններ մատուցելու և բարձրացնելու եկամտաբերությունը»,- շեշտեց ԵՊՀ ասպիրանտը։

Ինչպես ընդգծեց երիտասարդ հետազոտողը՝ պետությունը պետք է ապահովի թվայնացման գործընթացի հաջող իրականացումը՝ ֆինանսավորելով թվային ենթակառուցվածքների զարգացումը, ստեղծելով համապատասխան իրավական դաշտ և ներդնելով նոր տեխնոլոգիաներ պետական կառույցներում։ Այն պետությունները, որոնք զարգացնում են թվային տեխնոլոգիաները, ստանում են մրցակցային առավելություն և առաջատար դիրքեր միջազգային ասպարեզում։ Թվայնացումը հնարավորություն է տալիս բարձրացնելու կառավարման արդյունավետությունը։

«Անհրաժեշտ է ուսումնասիրել թվայնացումը հաջող զարգացրած պետությունների (օրինակ՝ Էստոնիայի և Դանիայի) կիրառած քաղաքականությունը և, համապատասխանեցնելով այն հայաստանյան տնտեսական հարաբերությունների արդի իրավիճակին, ուղենշել թվային բարեփոխումների հնարավոր մեթոդներ, ինչն էլ հենց կատարվելու է իմ հետազոտական աշխատանքի շրջանակում»,- ընդգծեց Ալիսան։

Ըստ նրա՝ ՀՀ թվայնացման ոլորտի մի շարք խնդիրների լուծում կարող են լինել միասնական հենքի (Systems development unified framework) ստեղծումը և ներդրումը։

ԵՊՀ ասպիրանտ Ալիսա Գևորգյանը նպատակադրվել է գիտական գործունեություն ծավալել հենց այս ոլորտում՝ շփվելով թվայնացման ոլորտն ուսումնասիրող մասնագետների և հետազոտողների հետ, կատարելով էլեկտրոնային առևտրի, էլեկտրոնային բիզնեսի և էլեկտրոնային ծառայությունների բոլոր ասպեկտների, նորարարությունների, միտումների և մտահոգությունների, գործնական մարտահրավերների և լուծումների վերաբերյալ հրապարակումներ և ներկայացնելով զեկուցումներ։

Ներկայում նա աշխատում է որպես ֆինանսիստ, ինչն անմիջականորեն կապված է հետազոտության ոլորտի հետ և կնպաստի իր գիտական աշխատանքների կատարմանը։