ԳլխավորԼուր

Կարևորն այն է, որ դու դառնում ես քո սեփական մոտիվացիան. աշխարհի չեմպիոն Վահրամ Պողոսյան

Վահրամ Պողոսյան

Ինչպես արդեն հայտնի է, Ուկրաինայի Լուցկ քաղաքում մեկնարկած ուժային եռամարտի աշխարհի մեծ գավաթի առաջնությունում երիտասարդների մեջ 67.5 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն է դարձել ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանող Վահրամ Պողոսյանը:

Չեմպիոնի հետ ysu.am-ը զրուցել է սպորտային կյանքի առանձնահատկությունների, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում սովորելու և սպորտն ու ուսումը համատեղելու մասին:

— Վահրա՛մ, ինչպե՞ս որոշեցիք զբաղվել ուժային եռամարտով, քանի՞ տարի է, որ զբաղվում եք այս սպորտաձևով:

— Դեռ մանկուց զբաղվել եմ տարբեր սպորտաձևերով: 16 տարեկանում որոշեցի զբաղվել բազկամարտով, հետո ցանկացա ուժերս փորձել նաև ուժային եռամարտի սպորտաձևում, քանի որ ունեի բոլոր անհրաժեշտ տվյալները: Արդյունքում արդեն 3 տարի է, ինչ պրոֆեսիոնալ զբաղվում եմ ուժային եռամարտով:

— Ի՞նչ է փոխել ուժային եռամարտը Ձեր կյանքում:

— Ուժային եռամարտն ինձ ավելի նպատակասլաց և կոորդինացված է դարձրել:

Վահրամ Պողոսյան— Ձեր կարծիքով, ի՞նչ է պետք մարդուն չեմպիոն դառնալու համար:

— Դրա համար նախևառաջ պետք է հստակ նպատակներ ունենալ: Առանց նպատակի մարդը չի կարող ոչ մի բանի հասնել:

Երկրորդ կարևոր պայմանն այն է, որ մարդը պետք է սկսի ուղիներ փնտրել այդ նպատակին հասնելու համար, նշանակում է՝ ամեն օր պետք է աշխատել, հետևել սննդակարգին՝ նախընտրելով առողջ սնունդ, ունենալով հստակ ռեժիմ, ջանք ու եռանդ չխնայել նպատակին հասնելու համար:

Երբ ուրիշներն իրենց ժամանակը վատնում են, դու այդ ընթացքում քո առջև նպատակ ես դնում և փորձում այն իրագործել: Այդ ժամանակ արդեն էական չէ, թե երբ այն կիրագործվի, կարևորն այն է, որ դու դառնում ես քո սեփական մոտիվացիան:

— Հայ ո՞ր մարզիկն է Ձեզ ամենից շատ ոգեշնչում:

— Հայ մարզիկներից ինձ ոգեշնչել է իմ մարզիչը՝ Հայկ Բաբուրյանը, որը զբաղվել է ծանրամարտով: Այժմ նա ԵՊՀ ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի դասախոս է: Նա ինձ համար մարզիկի փայլուն օրինակ է, որի դավանած մարդկային արժեքները, մտածելակերպն ու վարվելակերպն ինձ ոգեշնչել են: Որպես մարզիկ և որպես մարդ՝ ես իրեն եմ պարտական:

ԵՊՀ-ում սովորելու զուգահեռ ես սովորում եմ նաև ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, որտեղ մենք ունենք հստակ օրակարգ և կարողանում ենք ամեն ինչ հասցնել:

— Ինչո՞ւ որոշեցիք ընդունվել ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ:

— Դպրոցական տարիներից տարված էի աշխարհագրությամբ, սիրում էի ուսումնասիրել երկրների տուրիստական կենտրոններն ու նրանց տնտեսությունը:

Նաև հաճախ արշավների գնալով Հայաստանի տարբեր վայրեր՝ հնարավորություն ունեցա ավելի մոտիկից ծանոթանալու հայրենի բնությանը, որն էլ պատճառ դարձավ իմ մասնագիտության ընտրության համար:

— Ի՞նչ խորհուրդ կտաք բոլոր այն ուսանողներին, որոնք նույնպես սպորտով են զբաղվում և ցանկություն ունեն հետագայում չեմպիոն դառնալ:

— Սպորտով զբաղվող ուսանողներին խորհուրդ կտամ իրենց առջև հստակ նպատակ դնել ու փոքր քայլերով փորձել դրան հասնել:

Երբեք չհուսահատվել, եթե ինչ-որ բան չի ստացվում, մոտիվացիան փնտրել միայն սեփական անձում, ունենալ հավատ, որ, այո՛, դու կդառնաս այն մարզիկը, որի մասին երազել ես:

Comment here