Ապրիլի 18-ին Երևանի պետական համալսարանը՝ որպես համակազմակերպիչ, իր հարկի տակ կհյուրընկալի արհեստական բանականությանը նվիրված հայկական խոշորագույն համաժողովը՝ «AI Conf Armenia 2026»-ը։ Այս միջոցառումը կարևոր հայտ է՝ Հայաստանն արհեստական բանականության (ԱԲ) համաշխարհային կենտրոններից մեկը դարձնելու ճանապարհին։
Կազմակերպչական հանձնաժողովի՝ այսօր ԵՊՀ-ում կայացած ամփոփիչ հանդիպման ընթացքում տրվեց պաշտոնական հետհաշվարկը։ Տեխնոլոգիական համայնքում ընդունված ավանդույթի համաձայն՝ հանձնաժողովի ղեկավարները՝ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ/UATE) տնօրեն Սարգիս Կարապետյանը, «Krisp» ընկերության տնօրեն Արտավազդ Մինասյանը և «Երևանէն» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Հրանտ Խաչատրյանը ստորագրեցին «AI Conf 2026»-ի առաջին պաշտոնական պաստառը։
Արդեն չորրորդ անգամ անցկացվող այս միջոցառումը նպատակ ունի մեկտեղելու ոլորտի առաջատար մասնագետներին, գիտնականներին և գործարարներին և միասին վերաիմաստավորելու արհեստական բանականության ոլորտում վերջին տարում Հայաստանում տեղի ունեցած բեկումնային փոփոխությունները։
Առաջատար միջազգային և տեղական բանախոսներ
«AI Conf»-ին մասնակցելու նպատակով ԱՄՆ-ից Հայաստան է ժամանում «NVIDIA» ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանը, որը հանդես կգա «ԱԲ գործակալները և թոքենների տնտեսությունը» բանախոսությամբ։ «NVIDIA»-ն ԱԲ-ով զբաղվող աշխարհի ամենաառաջադեմ ընկերություններից է, ինչպես նաև շուկայական արժեքով աշխարհի ընկերություններից ամենաթանկը։
Հատուկ հյուրերի շարքում է «Perceptron»-ի հիմնադիր Արմեն Աղաջանյանը, որը հանդես կգա «Արհեստական բանականության հայկական դոկտրին» խորագրով բանախոսությամբ։
Ռեկորդային մասնակցություն
Հանդիսատեսի համար «AI Conf»-ի մուտքը, ինչպես և նախորդ տարիներին, ազատ է, և այս տարի ԵՊՀ-ում ակնկալվում է ռեկորդային հոսք՝ շուրջ 2000 մասնակից։ Համաժողովի դահլիճն ամբողջությամբ տրամադրվելու է երիտասարդ գիտնականներին, ուսանողներին, տեխնոլոգիական ձեռներեցներին և բոլոր նրանց, ում հետաքրքիր է ԱԲ հայկական հեռանկարը։
ԵՊՀ պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը նշեց, որ ԵՊՀ ուսանողները և երիտասարդ գիտնականները կարևոր դեր ունեն ԱԲ ոլորտի զարգացման գործում. «Այս տեսանկյունից համաժողովը հրաշալի հնարավորություն է անմիջական շփվելու ոլորտի առաջատար մասնագետների հետ և ներգրավվելու արհեստական բանականության հայկական էկոհամակարգում»։
ԵՊՀ-ն՝ Հայաստանի ԱԲ զարգացման առանցքային կենտրոն
Վերջին տարիներին Հայաստանը գերհամակարգիչների և GPU ենթակառուցվածքների առումով արձանագրել է աննախադեպ աճ։ Այս առաքելության մեջ Երևանի պետական համալսարանը հանդես է գալիս որպես հիմնական կենտրոն. այստեղ տեղակայված 64 NVIDIA H100 քարտերով համալրված նոր գերհամակարգիչն ու ձևավորվող տվյալների մշակման կենտրոնը դառնալու են երկրի հաշվողական հզորությունների և գիտական նորարարությունների առանցքը։
Մեկնարկած ներդրումային ծրագրերի բարեհաջող ընթացքի դեպքում արդեն հաջորդ տարի Հայաստանը կդառնա հաշվողական համախառն հզորությամբ աշխարհի թոփ 10 երկրներից մեկը։ ԵՊՀ-ում կայանալիք «AI Conf Armenia»-ն միտված է սրընթաց այս աճը վերաիմաստավորելուն և երկրի զարգացմանը ծառայեցնելու ուղիներ որոնելուն։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews





