ԳլխավորԼուր

ԵՊՀ-ի և Հայաստանում Ֆրանսիական համալսարանների թիմերը ճանաչվել են միջբուհական դատախաղի հաղթողներ

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) համատեղ նախաձեռնությամբ իրականացվող քրեական իրավունքի և քրեական դատավարության հիմնախնդիրներին նվիրված միջբուհական դատախաղի եզրափակչում ԵՊՀ-ի և Հայաստանում Ֆրանսիական համալսարանների թիմերը ճանաչվել են հաղթողներ։ Այս մասին տեղեկացնում են ԵՊՀ լրատվական ծառայությունից։

Սեպտեմբերի 24-ին տեղի է ունեցել 2016 թ. ի վեր անընդմեջ անցկացվող քրեաիրավական և քրեադատավարական հիմնախնդիրներին նվիրված միջբուհական դատախաղի բանավոր փուլը, որի արդյունքների հիման վրա երեկ եզրափակչում հանդիպեցին «ԵՊՀ-2» և Հայաստանում Ֆրանսիական համալսարանը ներկայացնող «De Facto Force» թիմերը։

Վիճակահանության համաձայն՝ եզրափակիչ դատախաղում «ԵՊՀ-2» թիմը հանդես եկավ որպես պաշտպանական կողմ, իսկ «De Facto Force»-ն՝ մեղադրանքի։ Խաղի ընթացքում կողմերը տրված հիպոթետիկ գործի վերաբերյալ հանդես եկան ելույթներով, միջնորդություններով, մեղադրական և պաշտպանական դիրքորոշումներով ու ռեպլիկներով։ Բացի դրանից՝ եզրափակչի մասնակիցները պատասխանեցին գործի վերաբերյալ հնչեցված հարցերին։

Մրցույթի ժյուրին, որի կազմում էին ՀՀ Վերաքննիչ դատարանի քրեական պալատի դատավոր Վազգեն Ռշտունին, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հովսեփ Սարգսյանը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը և Դյուսելդորֆի գերագույն երկրամասային դատարանի դատավոր Առնդ Վայսհաուփթը, երկար քննարկումներից հետո որոշեց լավագույնի կոչումը շնորհել երկու թիմերին՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ:

«ԵՊՀ-2» թիմը, Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դոցենտ Սերգեյ Մարաբյանի մարզչական ղեկավարությամբ, ներկայացրել են Իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողներ Խալուհի Մովսիսյանը, Մանե Սաֆարյանը և բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանող Սերյոժա Դավթյանը։

Դատախաղ-մրցույթի արդյունքների ամփոփման ժամանակ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը նշեց, որ ավանդաբար կազմակերպվող միջոցառումը Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համագործակցության լավագույն օրինակներից մեկն է, որը մեծ մասսայականություն է վայելում հայաստանյան բուհերի շրջանում:

Նրա խոսքով, պատահական չէ, որ անկախ իրավիճակից՝ հայաստանյան շատ բուհերի ներկայացուցիչներ մասնակցում են այս դատախաղին, որը տալիս է լուրջ փորձառություն, նոր գիտելիքներ ու գործնական հմտություններ, և որի արդյունքում ձևավորվում են փոխադարձ կապեր տարբեր բուհերի ուսանողների միջև:

Ինչպես և նախորդ տարիներին, այս տարի ևս միջբուհական դատախաղ-մրցույթի մասնակից թիմերի անդամներին հանձնվել են պատվոգրեր, որոնք սահմանվել են Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) և ԵՊՀ-ի կողմից: Բացի դրանից՝ մրցույթի մասնակիցների համար սահմանվել էին մրցանակներ նաև դատախաղի կազմակերպիչների, ՀՀ տարբեր կառույցների և պաշտոնատար անձանց կողմից:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը «Գրավոր փուլում լավագույն պաշտպանական դիրքորոշում հայտնած թիմ» մրցանակը հանձնեց «ԵՊՀ-2» թիմին: Նա փաստեց, որ իրավական հանրության շրջանում մեծ մասսայականություն վայելող դատախաղ-մրցույթը հեղինակավոր է, քանի որ սա այն առաջին հնարավորությունն է, որը տրվում է ուսանողներին՝ պատկերացում կազմելու իրական գործնական կյանքի վերաբերյալ, կիրառելու բուհում ստացած տեսական գիտելիքները, շփվելու և նոր գիտելիքներ ստանալու ոլորտի առաջատար մասնագետներից:

«Գրավոր փուլում լավագույն մեղադրական դիրքորոշում հայտնած թիմ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Հայաստանում Ֆրանսիական համալսարանի թիմը, որի մրցանակը հանձնեց Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը: Դեկանն այս անվանակարգում հաղթողներին հանձնեց նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտ, Ֆրիդրիխ-Ալեքսանդր Էռլանգեն-Նյուրնբերգի համալսարանի միջազգային քրեական իրավունքի ինստիտուտի պրոֆեսոր Գուրգեն Պետրոսյանի «Միջազգային քրեական իրավունք» գիրքը և գիտական հոդվածների ժողովածու:

«Լավագույն հռետոր» անվանակարգում լավագույնը ճանաչվեց Արցախի պետական համալսարանի թիմի ներկայացուցիչ Արաքսյա Հայրապետյանը:

«Լավագույն պաշտպանական ճառ» անվանակարգում հաղթեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի թիմի անդամ Սերոբ Ազատյանը, իսկ «Լավագույն մեղադրական ճառ» անվանակարգում՝ «ՀՌՀ» թիմի անդամ Սոնա Ամիրյանը:

ՀՀ դատավորների միության կողմից սահմանված «ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումների նշանակության կարևորման և լավագույնս կիրառման համար» անվանակարգում լավագույնը ճանաչվեց ՀՖՀՀ «De Facto Force» թիմը:

ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանն էլ Երևանի պետական համալսարանի կողմից սահմանված «Հաղթող թիմի մարզիչ» մրցանակը հանձնեց հաղթող ճանաչված երկու թիմերի մարզիչներին:

Եվ քանի որ առաջին անգամ աննախադեպ որոշմամբ հաղթող թիմերը երկուսն էին, ըստ այդմ՝ նաև լավագույն մարզիչները, Արթուր Իսրայելյանը ՀՖՀՀ «De Facto Force» թիմի մարզչին՝ Լիլիթ Գրիգորյանին, հանձնեց նախատեսված մրցանակը, իսկ «ԵՊՀ-2» թիմի մարզիչ Սերգեյ Մարաբյանին՝ երկու հոգու համար նախատեսված մեկօրյա ուղեգիր դեպի Ծաղկաձորի «Համալսարան» ուսումնաարտադրական բազա:

Կազմակերպիչների որոշմամբ, դատախաղ-մրցույթի գավաթն իրենց հետ տարան ՀՖՀՀ «De Facto Force» թիմի անդամները, իսկ հաղթողի կոչման հավաստագիրը՝ «ԵՊՀ-2» թիմի ներկայացուցիչները՝ պայմանով, որ առաջիկայում կպատրաստվեն և նրանց կփոխանցվեն մյուս պարգևները:

Comment here