Ամփոփվել է «STEP ai – արհեստական բանականություն» եռամյա ուսումնական ծրագիրը․ առաջին շրջանավարտները ներկայացրել են նախագծային աշխատանքներ և ստացել ավարտական հավաստագրեր, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Ավարտական միջոցառմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարության հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, նախարարության հանրակրթության վարչության, ԿԶՆԱԿ-ի ներկայացուցիչներ։
Երևանի թիվ 112 ավագ և Էջմիածնի Էօրնեկեան դպրոցի 12-րդ դասարանցիների ներկայացված նախագծերը փաստել են՝ STEP.ai ծրագիրը զարգացնում է տրամաբանական մտածողությունը. աշակերտները սովորում են վերլուծել տվյալներ, լուծել բարդ խնդիրներ և ընդունել հիմնավորված որոշումներ, որոնք կիրառելի են ինչպես մասնագիտական կողմնորոշման, կարիերայի կառավարման, այնպես էլ կյանքի տարբեր բնագավառներում։
«STEP.ai — արհեստական բանականություն» ուսումնական ծրագիրը մշակվել է Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության (ՏՀՏԳՄ), «Սինոփսիս Արմենիա» ընկերության և ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի նախաձեռնությամբ։
Ծրագիրը ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորվել և Երևանի ու մարզերի 15 ավագ դպրոցներում ներդրվել է որպես անհատական (ընտրովի) բաղադրիչով սահմանված ուսումնական խմբակ։
Ծրագիրն ընդգրկում է ԱԲ երեք ուղղություն. 10-րդ դասարանում աշակերտներն ուսումնասիրում են «Արհեստական բանականություն և Pyton», 11-րդ դասարանում՝ «Մեքենայական ուսուցում», 12-րդ դասարանում՝ «Բնական լեզվի մշակում և ռոբոտաշինություն»։
2025-26 ուսումնական տարում ծրագիրն իրականացվել է ավագ դասարաններում՝ երեք մակարդակներում ընդգրկելով 21 խումբ։ Խմբակները վարել են ավագ դպրոցի համապատասխան ուսուցիչները՝ հրավիրված ԱԲ փորձագետ-դասախոսների հետ միասին՝ համագործակցաբար ապահովելով ուսուցման գործընթացի կազմակերպումը, անցկացումը և վերահսկողությունը։
Կարևորելով տեխնոլոգիական կրթության ներառականությունը՝ ուսումնական ծրագիրն անցկացվում է հիբրիդային եղանակով՝ դասարանային և առցանց, ինչն ապահովում է ԱԲ-ի հասանելիությունը հանրապետության բոլոր մարզերում։
Ծրագրի նպատակն է ավագ դպրոցի սովորողներին փոխանցել ԱԲ հիմնարար գիտելիքներ և զարգացնել կիրառական կարողությունները՝ նպաստելով մասնագիտության գիտակցված ընտրությանը, միաժամանակ ձևավորելով տեխնոլոգիապես գրագետ սերունդ։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews





