Չինացի 28-ամյա միջազգային ուսանող Գուանլի Սյուն իր վերջին կիսամյակն ավարտեց RMIT համալսարանում (Մելբուռն, Ավստրալիա) անսովոր ձևաչափով: Ամեն երկուշաբթի նա իր հայրենի Դեժոու քաղաքից մեկնում էր մեկ այլ երկիր՝ դասերին մասնակցելու, իսկ արդեն չորեքշաբթի երեկոյան վերադառնում էր տուն։ Այս մասին գրում է SBS News.-ը։
Նման որոշումը երիտասարդը բացատրում է նրանով, որ շաբաթական թռիչքների ծախսերը համեմատելի են եղել Ավստրալիայում ապրելու ամսական ծախսերի հետ։ 28-ամյա ուսանողը հայտնի դարձավ Tiktok-ի չինական տարբերակ Douyin-ում տեսանյութ հրապարակելուց հետո:
Տեսանյութում Սյուն ցույց է տվել 8800 կիլոմետր երկարությամբ իր ճանապարհը, որը նա կատարել է 11 անգամ օգոստոսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում:
«Երկկողմանի ճանապարհորդությունը տևում է մոտ 72 ժամ։ Մի ուղղությամբ՝ մոտ 10-13 ժամ ինքնաթիռով», — պատմել է նա։ Ուսանողի խոսքով ՝ յուրաքանչյուր ուղևորություն իրեն արժեցել է 1500 դոլար, ինչը միայն մի փոքր է գերազանցում Մելբուռնում ապրելու առօրյա ծախսերը:
Իր որոշման հիմնական պատճառները Սյուն համարում է ընտանիքի և աղջկա հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու ցանկությունը, ինչպես նաև ավարտելուց հետո Չինաստանում կարիերայի նախապատրաստվելը:
Սյուն ութ տարի առաջ եկել էր Ավստրալիա՝ կրթություն ստանալու խաղային դիզայնի և արվեստի կառավարման ոլորտում:
Այժմ նա վերադարձել է Մելբուռն ՝ պատրաստվելու ավարտական արարողությանը: