Էսմերալդա Դալլաքյանը, որն այժմ ապրում է Չինաստանում և սովորում է Ցինխուայի համալսարանում, ավելի քան վստահ է, որ չինացիները կարողանում են հաղթահարել կորոնավիրուսի տարածումը ինքնամեկուսացման շնորհիվ:
«Արմենպրես»—ի թղթակցի հետ զրույցում ուսանողուհին ներկայացնում է Չինաստանում տիրող իրավիճակն ու շեշտում, որ ներկայումս ուսանողները մեկուսացված են, դուրս են գալիս բացառիկ դեպքերում:
«Երբ վիրուսը նոր էր ի հայտ եկել, թույլ էին տալիս դուրս գալ գնումներ անելու, բայց վարակվածների թվի ավելացմամբ սահմանափակումներն օր օրի շատացան: Տնից դուրս գալ չէր թույլատրվում, ճաշարաններում (հիմա էլ է այդպես) երկու կամ ավելի մարդ միասին նստել չեն կարող, ներս մտնելիս, դուրս գալիս սոցիալական հեռավորություն պահպանելը պարտադիր է:
Ամենուրեք օրը մի քանի անգամ մանրէազերծում է իրականացվում, բոլորը դիմակներով են: Առանց դիմակի սենյակներից դուրս գալ չի թույլատրվում: Ես ավելի քան վստահ եմ, որ այստեղ կարողանում են հաղթահարել վիրուսը առաջին հերթին ինքնամեկուսացման հաշվին: Մենք շաբաթներ շարունակ անգամ նույն շենքում ապրող համակուրսեցիների հետ չենք շփվել»,-պատմեց Դալլաքյանը:
Նրա խոսքով՝ Պեկինում իրավիճակը գնալով բարելավվում է. սրճարանները, ռեստորաններն աստիճանաբար բացվում են, իսկ հիվանդացության դեպքեր գրեթե չկան:
Էսմերալդան հիշում է՝ կորոնավիրուսի տարածման սկզբնական շրջանում ինքը հիվանդացել է, բարեբախտաբար, ոչ կորոնավիրուսով: Այնուամենայնիվ, ուսանողուհուն փակել են սենյակում, մեկ շաբաթ դուրս գալու հնարավորություն չեն տվել: «Մասնագետները փորձում էին հասկանալ, թե ինչ վիրուս է: Ընտանիքիս անդամներին չէի տեղեկացրել վիճակիս մասին, որ չանհանգստանան: Ընկերներս այստեղ չէին, շատ միայնակ էի ինձ զգում: Մի օր մեզ զանգահարեցին Չինաստանում ՀՀ դեսպանությունից, որպեսզի տեսնեն կրթաթոշակ ստացե՞լ ենք, թե՞ ոչ, ֆինանսական խնդիրներ ունե՞նք, թե՞ ոչ: Ես ասացի, որ հիվանդ եմ: Ամեն օր ինձ զանգահարում և հարցնում էին, թե ինչպես եմ: Ես իսկապես կգժվեի միայնակ, եթե չլիներ նրանց ուշադրությունն ու աջակցությունը:
Ուսանողուհին, նրա հայ, չինացի և այլ ազգերի ուսանող ընկերները մինչ օրս մեկուսացված են:
«Օտար երկրում մեկուսացված լինելը կրկնակի դժվար է, բայց դա կորոնավիրուսի դեմ պայքարի միակ տարբերակն է: Ընդամենը մի քանի շաբաթ կամք, ուժ, և վերջ»,-ասաց Դալլաքյանը՝ հորդորելով Հայաստանում ապրող հայրենակիցներին մնալ տանը։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։