Հարվարդի համալսարանի հրեական ծագմամբ ուսանողները դատի են տվել համալսարանին: Հայցում, որը հունվարի 10-ին ներկայացվել է Բոստոնի դատարան, ուսանողները պնդում են, որ Հարվարդում վաղուց տարածված էին հակասեմական տրամադրությունները, որոնք միայն խորացել են Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման պատճառով: Նրանց խոսքով ՝ ուսանողներն ու ուսումնական անձնակազմը հետապնդել, ահաբեկել եւ նույնիսկ հարձակվել են հրեա ուսանողների վրա Հարվարդի լսարաններում, համալսարանական միջոցառումներում եւ սոցիալական ցանցերում: Հարձակվողներից ոմանք կոչ են արել սպանել հրեաներին և ոչնչացնել Իսրայելը։
Ավելին, հայցի նախաձեռնողների խոսքով՝ բուհի ղեկավարությունը ուսանողների ընդունելության փուլում սկսել է կողմնակալ վերաբերմունք ցուցաբերել հրեաների նկատմամբ. իբր Հարվարդ ընդունված հրեաների թիվը վերջին 10 տարում նվազել է 60 տոկոսով:
Ուսանողները համալսարանից պահանջում են, մասնավորապես, դրամական փոխհատուցում տալ ու հեռացնել համալսարանից հրեա ուսանողների հետապնդմանը մասնակցողներին:
Հակասեմիտիզմի մեղադրանքներից չեն խուսափել նաեւ ամերիկյան այլ առաջատար բուհեր։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի եւ Փենսիլվանիայի համալսարանի նախագահներին մեղադրել են ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա հարձակումից հետո իրենց հաստատություններում հաճախակի դարձած հակասեմական դրսեւորումներն անտեսելու մեջ, եւ դեկտեմբերին նրանք պատասխան են տվել կոնգրեսականների առջեւ: Արդյունքում, Փենսիլվանիայի համալսարանի նախագահ Լիզ Մագիլը հրաժարական է տվել։
Հակասեմականության մեղադրանքների ու համապատասխան հայցերի են բախվել նաեւ Նյու Յորքի համալսարանն ու Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանը: