Լոռու մարզի Ստեփանավանի թիվ 1 վարժարանը և Հ. Թումանյանի անվան ավագ դպրոցը կմիավորվեն։Համապատասխան նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման:
Նախագծում որպես հիմնավորում նշվում է, որ վարժարանում կտրուկ նվազել է սովորողների թիվը, միջին դպրոցի (5-9-րդ դասարաններ) աշխատանքը դարձել է ոչ արդյունավետ, վարժարանի տեղակայման վայրը անհարմար է, վատ են շենքային պայմանները։

Usanogh.am-ի հետ զրույցում Հ. Թումանյանի անվան ավագ դպրոցի տնօրեն Վարսիկ Ասրյանը նշեց, որ տեղյակ չէ նախագծից և առաջին անգամ է լսում դրա մասին.
«Ես ԿԳՄՍ նախարարությանն առաջարկով հանդես չեմ գալու: Մեր դպրոցը մեծ շենք ունի, շենքային պայմանները շատ լավն են, թե նախարարությունը ինչ կորոշի` չեմ կարող ասել: Եթե մտադիր են նման որոշում կայացնել, ուրեմն` մի բան գիտեն»:
Թիվ 1 վարժարանի տնօրեն Հերմինե Ջանջուղազյանն էլ Usanogh.am-ին տեղեկացրեց, որ նախագծի վերաբերյալ ունի իր հստակ տեսակետը, որը հայտնել է ԿԳՄՍ նախարարությանը. այլ տեղեկություններ նա հրաժարվեց հայտնել:
ԿԳՄՍ նախարարությունը տեղեկատվություն հավաքագրելու նպատակով մոնիթորինգ է իրականացնել Հայաստանում գործող հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորողների և լիցենզիայով սահմանված տեղերի քանակի համամասնության վերաբերյալ, որի արդյունքում պարզ է դարձել, որ Ստեփանավանի Հ. Թումանյանի անվան ավագ դպրոցի լիցենզիայով սահմանված տեղերի քանակը կազմում է 450, իսկ ներկայումս դպրոցում սովորում է 39 աշակերտ:
Իսկ թիվ 1 վարժարանի լիցենզիայով սահմանված տեղերի քանակը վարժարանի հիմնական դպրոցում (5-9-րդ դասարան) 149-ն է, սակայն հիմնադրման պահից ի վեր հիմնական դպրոցում սովորող չի եղել: Վարժարանի ավագ դպրոցին հատկացված լիցենզիայով սահմանված տեղերի քանակը կազմում է 192, ներկայումս սովորում է 116 աշակերտ: Սովորողների քանակի անհամապատասխանությունը եղել է կարևորագույն հիմնախնդիրներից մեկը, որը հիմք է հանդիսացել քննարկելու երկու ուսումնական հաստատությունների միավորման հարցը:
Նշենք, որ հանրային քննարկման վերջնաժամկետը մայիսի 6-ն է: Նախագիծը դեռ պետք է արժանանա կառավարության հավանությանը, որից հետո քննարկվի Ազգային ժողովում։