ԳլխավորԼուր

Վերջին զանգի միջոցառումներ կանցկացվեն, սակայն…

Հանրապետությունում հանրակրթական դպրոցների շրջանավարտների համար Վերջին զանգի միջոցառումներ կանցկացվեն, սակայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հորդորում է պահպանել համավարակով պայմանավորված անվտանգության բոլոր կանոնները:

«Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում մանրամասներ ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնակատար Ժաննա Անդրեասյանը:

«Մենք արդեն իսկ դպրոցներին ուղարկել ենք համապատասխան շրջաբերական: Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը, հորդորում ենք փորձել միջացառումը կազմակերպել բացօթյա եղանակով, եթե, իհարկե, դրա հնարավորությունն առկա է դպրոցում՝ հնարավորինս սահմանափակելով մասնակիցների թիվը, պահպանելով անվտանգության կանոնները»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի տեղակալի պաշտոնակատարը նկատեց, որ նախարարության վերջին տարիների քաղաքականությունն է զերծ մնալ ավելորդ ճոխությունից, ավելի շատ խոսվի վերջին դասի մասին: Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրեց, որ մեկ այլ շրջաբերականով դպրոցները զգուշացվել են այն մասին, որ զերծ մնան Վերջին զանգի դրամահավաքներից:

«Արդեն իսկ ստանում էինք այդ գործընթացի հետ կապված ահազանգեր: Եվս մեկ անգամ հորդորում եմ՝ ցանկացած իրավիճակում խուսափել դրամահավաքներից: Կարծում եմ, որ մենք, երբ խոսում ենք ուսումնական պրոցեսը վերաիմաստավորելու մասին, կարևոր է հասկանալ, որ գումարը չէ, որով որոշվում է գործընթացին տրվող նշանակությունը»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:

Հիշեցնենք, որ ուսումնական տարին 12-րդ դասարանների համար ավարտվում է հունիսի 4-ին: Տարին շուտ կավարտվի նաև առաջին և երկրորդ դասարանների համար, որոնց ուսումնական շրջանի տևողությունը կարճ է: Մյուս դասարանները տարին կավարտեն հունիսի 18-ին:

Comment here