ԳլխավորԼուր

Գնացեք և վերցրեք ձեր առնվազն կրկնապատկված աշխատավարձը. Փաշինյանը՝ ուսուցիչներին. ՏԵՍԱՆՅՈւԹ

Կամավոր ատեստավորումը մեզ համար շատ կարևոր է, Կոտայքի մարզի Կաթնաղբյուրի հիմնական նորակառույց դպրոցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Անդրադառնալով ուսուցիչների աշխատավարձերի հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սեպտեմբերի 1-ից բարձրացվել են նաև ԲՏՃՄ ուղղության առարկաներ դասավանդող ուսուցիչների, հեռավոր և թերբեռնված դպրոցների ուսուցիչների աշխատավարձերը՝ անկախ կամավոր ատեստավորումից:

«Բայց կամավոր ատեստավորումը մեզ համար շատ կարևոր է: Հարգելի տնօրեն, հարգելի ուսուցիչներ, դուք պետք է իմանաք, որ ձեր աշխատավարձն առնվազն կրկնապատկվել է: Դա սեպտեմբերի 1-ից չէ, այլ այն պահից, երբ դուք դա կորոշեք, որովհետև Կառավարությունն այդ հնարավորությունը ձեզ համար ստեղծել է: Մենք ասում ենք՝ գնացեք և վերցրեք ձեր առնվազն կրկնապատկված աշխատավարձը: Դա շատ կարևոր է, որովհետև այդ կամավոր ատեստավորումը նաև պետք է արձանագրի ուսուցչի համապատասխանությունը հանրակրթության նոր չափորոշիչին, որն ընդունել ենք: Շատ կարևոր է, որպեսզի այս ոլորտում ներդաշնակ քաղաքականություն վարենք, ներդաշնակ լինենք իրար հետ՝ Կառավարությունը, մանկավարժական կոլեկտիվները, Տեղական ինքնակառավարման մարմինները: Մենք որքան էլ բարձր ենք միշտ խոսել դպրոցի մասին, բայց միշտ դպրոցը թերագնահատել ենք: Դպրոցի հիմնական գործառույթը հետևյալն է՝ սովորեցնել երեխային, թե ինչպես է հասուն կյանքում ապահովելու իր և իր ընտանիքի բարեկեցությունը:

Մենք պետք է երեխային սովորեցնենք, թե ինչպես լավ ապրել: Երեխային պետք է ասենք՝ սիրելիներս, դուք պետք է ապրեք լավ, դուք պետք է ապրեք բարեկեցիկ: Սրա համար, իմ գնահատմամբ, չորս բան է հարկավոր: Առաջինը՝ գիտելիք, հմտություն, երեկ էլ ասացի, որ գիտելիքն ընդամենը տեղեկություններ իմանալը չէ, որը շատ կարևոր է, գիտելիքն անհրաժեշտ տեղեկությունն անհրաժեշտ պահին հնարավորինս արագ ստանալու հմտությունն է: Պետք է լինեք ֆիզիկապես ուժեղ, և՛ տղաները, և՛ աղջիկները պետք է լինեն հոգեպես ուժեղ՝ ի վիճակի լինելու, դիմակայելու կյանքի փորձություններին, որոնց մասին, ցավոք, կյանքը մեզ նախապես չի ասում:

Եվ չորրորդ՝ պետք է աշխատասեր լինեք, հատուկ հարգանք ունենաք աշխատանքի նկատմամբ: Ընդ որում, պիտի իմանաք, որ չկա վատ աշխատանք, ցանկացած աշխատանք լավ է և հարգանքի արժանի: Այսօր շատ է խոսվում այն մասին, և դա նորմալ է՝ և՛ ծնողները, և՛ ուսուցիչներն ուզում են, որ երեխաներն ընդունվեն բարձագույն ուսումնական հաստատություններ: Բայց նաև, եթե մենք հարցը դիտարկենք ոչ միայն դիպլոմի տեսանկյունից, այլև բարեկեցության՝ ամենևին էլ փաստ չէ, որ հենց բարձրագույն կրթությունն է ամեն երեխայի համար ապահովելու բարեկեցություն», — ասել է վարչապետը՝ հավելելով, որ դպրոցի իմաստն ու նպատակներից է նաև յուրաքանչյուր երեխայի մեջ բացահայտել այն լավագույն տաղանդը, որը նրա համար կապահովի բարեկեցություն և հետևաբար զարգացում տնտեսության մեջ։

Նիկոլ Փաշինյանն այցելել է Կաթնաղբյուրի հիմնական նորակառույց դպրոց

Գործադիրի ղեկավարն անդրադարձել է նաև ՀՀ պետական օրհներգի կատարման չափանիշներին և նշել, որ այն պետք է շատ հաճախ հնչի դպրոցներում. «Վերջին օրերին հինգ, վեց դպրոցներում եմ եղել. մեր բոլոր միջոցառումները սկսվում են պետական օրհներգով և մենք Հայաստանի պետական օրհներգի վեց տարբեր վարկածներ ենք լսել՝ վեց տարբեր արագությամբ: Սա էլ է խնդիր, չի կարող պետական մի հիմնարկում հիմնը մի տեմպով հնչել, մյուս տեղում՝ այլ տեմպով կամ այլ տեքստով»։

Կոտայքի մարզի Կաթնաղբյուրի հիմնական դպրոցի կառուցման շինաշխատանքները մեկնարկել են 2020 թ. նոյեմբերից և ավարտվել 2023 թ. հուլիսին: Շինարարական աշխատանքներն իրականացվել են ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին. տրամադրվել է 712,3 մլն դրամ: Դպրոցի գույքի ձեռքբերման համար պետբյուջեից հատկացվել է 18 մլն 660 հազար դրամ: Իրականացվել են նաև տարածքի բարեկարգման և ցանկապատման, արևային վահանների, ներքին ինժեներական համակարգերի մոնտաժման կառուցման աշխատանքները: Այս ուսումնական տարում դպրոցում սովորում է 73 աշակերտ:

Կաթնաղբյուրի հիմնական դպրոց
Կաթնաղբյուրի հիմնական դպրոց

Կաթնաղբյուրի հիմնական դպրոցի աշակերտները