ԳլխավորՄի կտոր գիրք

«Ինչո՞ւ անունըդ այստեղ չըկարենամ գրել ես». Վահան Թեքեյան

Վահան Թեքեյան

Ներկայացնում ենք արեւմտահայ բանաստեղծ Վահան Թեքեյանի (21 հունվարի, 1878 — 4 ապրիլի, 1945) ստեղծագործություններից։

Անունդ

Ինչո՞ւ անունըդ այստեղ չըկարենա՜մ գրել ես
Եվ աշխարհի չհայտնեմ, թե քեզ ինչպես սիրեցի․․․
Երկու վանկերը անոր կզրուցեմ գաղտնապես,
Եվ այն ամբողջ կթըվի սիրո մատյան մը ինձի․․․
Ինչո՞ւ անունըդ այստեղ չըկարենամ գրել ես․․․։

Հիմա, հեռու իրարմե՝ միայն անունըդ ունիմ
Բերնիս վրա, համբույրի մը պես աննյութ և անուշ․․․
Գիշեր ատեն, սենեկիս մենության մեջ մտերիմ,
Ես զայն կըսեմ և ահա քեզ կտեսնեմ քաղցրահուշ․․․
Հիմա, հեռու իրարմե՝ միայն անունըդ ունիմ․․․։

Գեղեցկությունդ ու իմ սերս հորինեցին զայն կարծես․․․
Սիրտս իր անդուլ տրոփմամբ անընդհատ զայն կհեգե՝
Թէպետ վաղուց մտքիս մեջ քեզ ամբողջ գոց գիտեմ ես․․․
Քեզ չըճանչցած ունեի՞ր դուն այդ անունը միթե․․․
Գեղեցկությունդ ու իմ սերս հորինեցին զայն կարծես․․․։

Ո’չ, չեմ ուզեր, չեմ կրնա՜ր ես զայն հանձնել աշխարհի.
Երկու վանկովն իր կուզեմ խնկել իմ կյանքս միայն,
Եվ երբ վերջին արևիս վերջին ճաճանչը մարի՝
Անունդ ի շուրթ դեռ կուզեմ ողջունել այգը մահվան.
Ո’չ, չեմ ուզեր, չեմ կրնա՜ր ես զայն հանձնել աշխարհի․․․

Ժամադրությունը

Դողացող լույսին տակ լապտերներուն,
Սառած մայթին վրա, կքալե խոհուն։
Աչքը կվառի երբ որ հեռուեն,
Կտեսնի մեկն, որ կուգա դեպ իրեն։
Կանցնի՛ այն մարդն ալ. գլուխը կիյնա
Ավելի տխուր, իր կուրծքին վրա։

… Ուսին վրայեն մեկուն կնայի,
Կժպտի անոր ժպիտ մ’հիվանդի։
Թևը կերկնցնե մեջքի մը անտես,
Շրթներ կնետեն համբույր հրակեզ։

Կդիտե հեոոլն, պահ մը կխոկա
Ու կմրմնշա՝ «գիտեմ, չպիտի գա»։
Գողացող լույսին տ՛ակ լապտերներուն,
Սառած մայթին վրա, կքալե խոհուն։

***

Իմ վերջին սերս, օ՜հ, այնքան առաջինին դեռ նման,
Սիրտս դեռ տաք է քեզմով ու կտանիմ քեզ հիմա
Զգուշաքյլ, երկյուղած՝ մոխրի մը պես սրբազան
Ուրկե փյունիկ մը հառնել ու դեռ տանջել զիս կրնա․․․

Իմ վերջին սերս, օ՜հ, թռչո՛ւն չորս օր ապրած, չորս գիշեր,
Իմ և անոր աչքերուն, շարժումներուն ալ միջև,
Եվ մատնված տանջանքի, երբ դեռ հազիվ կբխեր
Երգին աղբյուրը կուրծքեն, հազի՜վ բացած էր ան թև․․․

Ի՜նչպես անուշ եղար դուն և ան ի՜նչպես կրցավ քեզ
Խոցել բառով մը միակ, երբ մոտեցր քիչ մ’իրեն,
Ինք որ տեսած էր զքեզ, քեզի ժպտած հեռուեն․․․
Եվ դուն ի՜նչպես, վերջին սեր, եղար խոնարհ, եղար հեզ,
Ի՜նչպես անձայն, անպաշտպան ծռեցիր վիզդ ու ինկար,
Ի՜նչպես մնաց սրտիս մեջ քու մահու ճիչդ երկար․․․։

Փափագ

Անուշ հոգի մը ըլլար,
Ես այն հոգվույն սիրահար,
Ան իմ երկինքըս ըլլար։

Ես այդ հոգին պաշտեի
Ինչպես երկինքը ծավի,
Զայն հեռուե՜ն պաշտեի։

Ան ցոլանա՜ր սրտիս մեջ
Իր լույսերովը անշեջ,
Ես սուզվեի՜ անոր մեջ։

Անուշ հոգի՜ մը միայն,
Ու գրկեի՜ ես անձայն
Զայն հոգիիս մեջ միայն․․․

Մահերգ նահատակաց

Անոնց համար որ ինկան
Ըզմեզ ազատ ուզելով՝
Սրտերը մեր քովե քով
Կ’ըլլան այսօր մեկ խորան։

Անոնց հոգվոյն պաշտամունք
Մեր մեն մի խոհն է հիմա,
Դեպի անոնց կ’ամբառնայ
Մեր յոյսն ու սերն իբրեւ խունկ

Եվ մեր ցավի սըկիհեն
Անոնց մարմինն ու արյունն
Իբր անսահման սրբություն
Մենք կ’ընդունինք սրբօրեն։

Քեզմե ոչինչ

Քեզմե ոչինչ, ինձմե՝ ամեն բան, ամեն․
Քեզմե միայն խաղաղություն, լռություն,
Մինչ իմ սրտիս մեջ ժպիտներ կիսարթուն՝
Դատապարտված, նորեն մահվան կսպասեն․․․

Դուն չես գիտեր, ինչպե՞ս գիտնալ դուն կըրնաս,
Թե ինձ համար շատ ավելին ես քեզմե,
Իմ կարոտս ես, որ զիս մեղմիվ կսփոփե,
Իմ մթությունս, որ իբրև լույս կիջնե վրաս․․․

― Ո՛վ սերըդ իմ, մինակ, առանց վայելքի,
Եվ փոքրագույն առանց հույսի մը անգամ,
Մահվան արև, որ հոգվույս դեմ կծագի․․․

Ի՜նչ փույթ․ նորեն ես ընդառաջ քեզ կուգամ
Ու կխնդրեմ, ես կխնդրեմ այս միայն,
Որ իմ սրտիս միշտ ցանկալի պահես զայն․․․։