ԳլխավորԼուր

Գրիգոր Պլտյան — 80. Հայաստանի ազգային գրադարանում ցուցահանդես կբացվի

Գրիգոր Պլտյան

Փարիզաբնակ հայ արձակագիր, բանաստեղծ և գրականագետ Գրիգոր Պլտյանի 80-ամյակն է նշվում այս տարի։ Նա անվիճելի հեղինակություն ունի Հայաստանի և սփյուռքի գրական շրջանակներում: Պլտյանը տասնյակ հատորներով բանաստեղծություններ, վեպեր և գրական ուսումնասիրություններ ու հոդվածներ է գրել։ Իր գրքերն և տարբեր լեզուներով գրված ուսումնասիրությունները հրատարակվել են Բեյրութում, Հալեպում, Փարիզում, Երևանում, Լոս Անջելեսում և այլուր, հայտնում են Հայաստանի ազգային գրադարանից։

Սփյուռքահայ ականավոր գրականագետը գրեթե ամեն տարի այցելում է Հայաստան իր հերթական գրքի հրատարակման առիթով և հաճախ գրական շրջանակների առջև տարբեր թեմաներով դասախոսություններ է ունենում, որոնցից այստեղ կարող ենք հիշատակել «Աղետի գրականության մոտեցման խնդիրներ», «Գրիգոր Նարեկացին և նորպլատոնականությունը» և այլն։

Հայաստանում Գրիգոր Պլտյանի գրքերը հրատարակում է «Սարգիս Խաչենց. Փրինթինֆո» հրատարակչությունը, որի հետ գրողի համագործակցությունը սկսվել է 2008 թվականին։ Այդ համագործակցության շնորհիվ այսօր հայ ընթերցողի սեղանին են գրողի «Երկխօսութիւն Նարեկացիի հետ» (2008), «Հայկական ֆուտուրիզմ» (2009), «Շրջում» (2012), «Տարմ» (2015), «Կրկնագիր մարդը» (2015), «Ինչ որ չես տեսներ» (2016) և այլ վեպեր, բանաստեղծական ու գրաքննադատական գործեր։

Հայաստանի ազգային գրադարանը կազմակերպում է գրողի գրականությանը նվիրված ցուցահանդես, որը կբացվի առաջիկայում։

«Ես կուզեի, որ գրականության հերոսը ըլլար ամենեն առաջ գրողն ինքը: Որովհետև եթե գրողը ինքը անհատ մը չէ, անձ մը է, որու մեջեն կանցնին ուրիշ ձայներ, այսինքն՝ ինքը ինքը չէ, ինքը ձայն կուտա, ինքը կխոսեցնե, իր գրչի մեջեն ուրիշները կխոսին: Այն գրողը, որ կխոսի միայն իր ցավերու, տառապանքներու մասին, տակավին չէ հասած իսկական գրողի մակարդակին: Ժամանակին Մեծարենցը կըսեր «անանձնական գրականություն»: Իսկական գրողը այդ անանձնականն է, որ կհաջողի մոռացնել ինքզինքը ու իր մեջեն ընթացք տալ ուրիշներու կյանքին»,-գրել է Գրիգոր Պլտյանը։