ԳլխավորԽոսք

Երջանկությունը կրկնության ծարավն է. մահացել է Միլան Կունդերան

Միլան Կունդերա

Մահացել է չեխական ծագում ունեցող ֆրանսիացի գրող Միլան Կունդերան։ Նա 94 տարեկան էր։

Գրողի ամենահայտնի ստեղծագործությունը «Կեցության անտանելի թեթևությունը» վեպն է, որը նա գրել է 1984 թվականին` Պրահայում 1968 թվականին տեղի ունեցած իրադարձությունների մասին։ Վեպն էկրանավորվել է 1988 թվականին։

Միլան Կունդերան ծնվել է 1929 թվականին Բռնոյում։ Առաջին գիրքը հրատարակել է 1953 թվականին։ 1971 թվականին լույս է տեսել «Հրաժեշտի վալս» վեպը, որը թարգմանվել է մի շարք լեզուներով։ Մի քանի անգամ ներկայացվել է գրականության Նոբելյան մրցանակի, բայց չի հաղթել։

Ներկայացնում ենք Միլան Կունդերայի մտքերից։

***

• Մարդը երբեք չգիտի ինչ ուզի, որովհետև նրան մի կյանք է տրված, և նա չի կարող ո՛չ համեմատել այն նախկին կյանքերի հետ, ո՛չ էլ սխալներն ուղղել հետագա կյանքերում: Երբեք չես իմանա՝ որն է ճիշտ որոշումը, որովհետև երբեք չես կարող համեմատել: Կյանքում ամեն ինչ ապրում ես միանգամից, առաջին անգամ և առանց նախապատրաստվելու:

• Միայն զգացմունքայնությունից զուրկ հարաբերությունն է ունակ պարգևել երկուստեք երջանկություն, որի դեպքում զուգընկերներից ոչ մեկը ոչ մի ոտնձգություն չի գործում մյուսի կյանքի և ազատության դեմ:

• Այն, ինչը ընտրության արդյունք չէ, չի կարելի ո՛չ արժանիք, ո՛չ էլ ձախողում համարել:

• Հենց հիվանդանոցում էր, որ սկսեց գրքերը երկու կատեգորիայի դասակարգել. ցերեկային և գիշերային: Իսկապես, գրքեր կան, որ ստեղծված են ցերեկվա համար, և գրքեր, որ միայն գիշերը կարող ես կարդալ:

• Բոլոր կեղծիքների ակունքը պետք է փնտրել այն փաստի մեջ, որ մեր կյանքը տարանջատված է անձնական և հանրային տիրույթների. անձնական կյանքում մեկն ես, հանրային կյանքում՝ մի ուրիշը: «Ճշմարտության մեջ ապրել»  նշանակում է վերացնել անջրպետը անձնականի և հանրայինի միջև:

• Սերերը նման են կայսրություններին, բավական է՝ խարխլվի այն գաղափարը, որի հիմքի վրա կառուցված են դրանք, և սերերը խորտակվում են այդ գաղափարի հետ միասին:

Մարդու ժամանակը շրջանաձև պտույտներ չի գործում, այն սուրում է առաջ ուղիղ գծով: Այդ պատճառով էլ մարդուն տրված չէ երջանկությունը, որովհետև երջանկությունը ոչ այլ ինչ է, քան կրկնության ցանկություն:

• Աշխարհում ոչ ոք չի ծնվում հատուկ առաքելությամբ: Եվ ի՜նչ թեթևություն է, երբ նկատում ես, որ ազատ ես, որ ոչ մի առաքելություն չունես:

• Կյանքում լինում են իրադրություններ, երբ մարդ դատապարտված է թատրոն խաղալու:

• Հենց մեր լավ դաստիարակությունն է երբեմն դառնում ոստիկանության դաշնակիցը: Մեզ չեն սովորեցրել ստել: «Ասա՛ ճշմարտությունը» հրամայականը, որ մայրիկն ու հայրիկն են մտցրել մեր գլուխ, մեզ ստիպում է բնազդաբար ամաչել ստելուց նույնիսկ այն դեպքում, երբ կանգնած են մեզ հարցաքննող ոստիկանի առջև:

• Ծայրահեղությունները գծում են այն սահմանը, որից անդին կյանքն ավարտվում է, ծայրահեղության կիրքն ինչպես քաղաքականության մեջ, այնպես էլ արվեստում, մահվան ծպտված տենչանք է:

• Մենք երբեք չենք իմանա` ինչու և ինչով ենք վրդովեցնում մարդկանց, ինչով ենք սիրելի և ինչով` ծիծաղելի. մեր սեփական կերպարը մեծագույն գաղտնիք է մնում մեզ համար: