Հուլիսի 2-13-ը Ճապոնիայի Չիբա քաղաքում կայացել է «Մաթեմատիկա» առարկայի 64-րդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցել է 112 երկրի 618 աշակերտ։ Օլիմպիադան անցկացվել է երկու տեսական փուլերով, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։
Հայաստանի թիմը ներկայացել է վեց աշակերտով. չորս դպրոցական՝ Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցից, իսկ երկուսը՝ «Քվանտ» վարժարանից:
Ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի սաներ Կամո Միրաքյանը և Արեգ Մկրտչյանն արժանացել են արծաթե, նույն դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Վահան Բաղդասարյանը և «Քվանտ» վարժարանի սաներ Համլետ Պետրոսյանն (12-րդ դասարան) ու Աղասի Դարբինյանը (10-րդ դասարան)՝ բրոնզե մեդալների, իսկ ֆիզմաթ հատուկ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Ծովակ Եգորյանը՝ գովասանագրի։ Թիմային հաշվարկում Հայաստանի թիմը զբաղեցրել է 32-րդ հորիզոնականը։
Հայաստանի թիմը ղեկավարել են Սմբատ Գոգյանը (ԳԱԱ, «Քառակուսի» կրթական հիմնադրամ), Գուրգեն Ասատրյանը (ՀՊՄՀ) և Տիգրան Մարգարյանը (Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց)։
Հիշեցնենք, որ Մաթեմատիկայի 63-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է առցանց ձևաչափով, Հայաստանի թիմն արժանացել էր 2 արծաթե և 4 բրոնզե մեդալների։
Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի պաշտոնական կայքը՝ https://www.imo-official.org/։
Մաթեմատիկայի 64-րդ միջազգային օլիմպիադայի պաշտոնական կայքը՝ https://imo2023.jp/en/։