ԳլխավորԼուր

Մահացել է ամերիկահայ գրող եւ հասարակական գործիչ Երվանդ  Ազատյանը

Երվանդ Ազատյան

Մարտի 25-ին  Միացյալ Նահանգներում կարճատեւ հիվանդությունից հետո կյանքին հրաժեշտ տվեց  հայտնի ամերիկահայ գրող, հրապարակախոս եւ հասարակական գործիչ Երվանդ  Ազատյանը։ Նա միայն վերջերս էր Բուենոս Այրեսում մասնակցել Թեքեյան կենտրոնի նոր մասնաշենքի բացմանը, ապա առողջության վատթարացման պատճառով գտնվում էր Մայամիի հիվանդանոցում, տեղեկանում ենք «Օրեր» պարբերականից։

Նրա ավանդը մեծ է ոչ միայն սփյուռքահայության, այլեւ  Հայաստանի մշակութային ու գրական կյանքի զարգացման հարցում։ Մոտ 25 տարի լինելով ՀԲԸՄ Ալեք Մանուկյան մշակութային հիմնադրամի ատենապետ, նա անգնահատալի աշխատանք է տարել սփյուռքի ու Հայաստանի մշակութային կառույցների աջակցության հարցում, 1990-ականների  առաջին ծանր տարիներին այս հիմնադրամի միջոցով զգալի օգնություն ցույց տրվեց Մատենադարանին, մշակույթի ու գրականության հայտնի դեմքերին։

Հետագա տարիներին ղեկավարելով Թեքեյան մշակութային միության Ամերիկայի եւ Կանադայի Կենտրոնական վարչությունը, նա  շոշափելի ազդեցություն է ունեցել սփյուռքի եւ Հայաստանի մամուլի, մշակութային օջախների ու կազմակերպությունների աջակցության հարցում։

Տասնամյակներ շարունակ  Երվանդ Ազատյանի սուր ու  արհեստավարժ գրիչը հետեւել է հայկական աշխարհի ամենակարեւոր, ամենամտահոգիչ ու արդիական թեմաներին, նրա հայերեն եւ անգլերեն  վերլուծությունները տպագրվել են  «Պայքար», «Արմինյըն միրոր սփեքթեյթոր» եւ  «Ազգ» թերթերում, որոնց ընտրանին լույս է տեսել  նաեւ առանձին գրքերով՝ դառնալով վերջին 40 տարիների հայկական սփյուռքի եւ Հայաստանի անցուդարձի կարեւոր վավերագրերից մեկը։ Ժամանակակից աշխարհի քաղաքական զարգացումների ու Հայաստանի ներքաղաքական կյանքի մասին դիպուկ ու ազդեցիկ հոդվածները միշտ առանձնացրել են Ազատյան հոդվածագրին իրենց շահեկանությամբ եւ օբյեկտիվությամբ, իրադարձությունները կանխատեսելու եւ դրանց ամբողջական վերլուծությունը ներկայացնելու հմտությամբ։

Usanogh.am-ը ցավակցում է Երվանդ  Ազատյանի հարազատներին ու գործընկերներին։