ԳլխավորՄի կտոր գիրք

Հերման Հեսսե. «Տափաստանի գայլը»

Այսօր գերմանացի բանաստեղծ, արձակագիր, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1946) Հերման Հեսսեի (2.07.1877-9.08.1962) ծննդյան օրն է։

Ներկայացնում ենք հատվածներ նրա «Տափաստանի գայլը» վեպից։

***

Տափաստանի գայլի նշաններից մեկն այն էր, որ նա գիշերվա մարդ էր։ Առավոտը նրա համար օրվա վատթար ժամանակն էր, որից նա վախենում էր եւ որը նրան ոչ մի լավ բան չէր բերում։ Երբեք իր կյանքում որեւէ առավոտով նա իսկապես չէր ուրախացել, երբեք որեւէ լավ բան չէր կատարել կեսօրից առաջ, երբեք չէր ունեցել իրեն եւ ուրիշներին օգնելու մասին բարի մտքեր։

Միայն կեսօրից հետո էր նա կամաց-կամաց ջերմանում ու դառնում եռանդուն եւ միայն երեկոյան դեմ էր, իր լավ օրերին, դառնում բեղմնավոր, գործուն, իսկ երբեմն էլ՝ կրակոտ ու զվարթ։ Դրա հետ էր կապված  մենակության ու անկախության հանդեպ նրա պահանջը։ Երբեք ոչ մեկը չի ունեցել մենակության այնպիսի կրքոտ պահանջ, ինչպես նա։ Իր պատանության տարիներին, երբ դեռ աղքատ էր ու դժվարությամբ էր վաստակում իր հացը, նախընտրում էր լինել սոված եւ քայլել քրքրված շորերով, բայց դրանով փրկել իր փոքրիկ անկախությունը։

Երբեք չէր ծախվում ո’չ դրամին ու հաճույքներին, ո’չ աղջիկներին ու այս աշխարհի հզորներին եւ հարյուր անգամ, իր ազատությունը պահպանելու համար, մերժել ու արհամարհել էր այն, ինչը, բոլորի կարծիքով, կարող էլ լինել նրա բախտն ու երջանկությունը։ Ոչ մի բան նրա համար ատելի ու զարհուրելի չէր աշխարհում, քան այն, որ նա պետք է ինչ-որ պաշտոն զբաղեցներ, ինչ-որ կերպ տնօրիներ օրերն ու տարիները, ենթարկվեր ուրիշների։

***

Իշխանասերը կործանվում է իշխանությունից, դրամասերը՝ դրամից, ստրուկը՝ ստրկությունից, զվարճասերը՝ զվարճությունից։ Այդպես էլ Տափաստանի գայլը կործանվեց իր անկախությունից։ Նա հասավ իր նպատակին, ավելի ու ավելի անկախ դարձավ, ոչ ոք նրան ոչինչ հրամայել չէր կարող, ոչ մի բանի նա չպետք է ընտելանար, նա ինքն էր միշտ վճռում իր գործերն ու իրավունքները։ Քանի որ յուրաքանչյուր ուժեղ մարդ անպայման հասնում է այն բանին, ինչը որոնելուն կոչում է նրա իսկական մղումը։

Սակայն ձեռք բերած ազատության մեջ Հարրին հանկարծ զգաց, որ իր ազատությունը մահ է, որ ինքը մնացել է մենակ, որ աշխարհը ինչ-որ չար կախարդանքով իրեն թողել է հանգիստ, որ ինքն այլեւս պետք չէ մարդկանց, ինչպես որ ինքն իրեն, որ նա մենակության ու մեկուսացման ավելի ու ավելի նոսրացող մթնոլորտում շնչահեղձ է լինում։ Քանզի պարզվեց, որ մենակությունը եւ անկախությունն այլեւս նրա ցանկությունն ու նպատակը չէին, այլ նրա բախտը…

***

Նա դեպի իրեն էր ձգում ինձ, ես գրկեցի նրան, մտցրեցի պարի մեջ, նրա խոպոպը խուտուտ էր տալիս ծնոտս, մազերը շոյում էին այտերս, ավելի քնքշորեն եւ ավելի մտերմորեն, քան որեւէ այլ պարուհի այդ գիշեր, նրա պիրկ, ջահել մարմինն ընդառաջ էր գալիս իմ շարժումներին, հեռանում էր նրանցից եւ խաղալով՝ մշտապես պարտադրում էր ու գայթակղում նորանոր հպումների։ Եվ հանկարծ, երբ պարելու ժամանակ կռացա եւ իմ շրթունքների դեմ փնտրում էի նրա շրթունքները, այդ շրթունքները ժպտացին ինքնահավան ու վաղուց ճանաչ ժպիտով, ես ճանաչեցի այդ ամուր ծնոտը, երջանկորեն ճանաչեցի ուսերը, նրա արմունկները, ձեռքերը։ Դա Հերմինեն էր, ոչ այլեւս Հերմանը, զգեստները փոխած, թարմ, թեթեւ օծանելիքով ցողված ու շպարված։

Այրվելով՝ իրար հանդիպեցին մեր շրթունքները, մի ակնթարթ նրա ողջ մարմինը, ընդհուպ մինչեւ ծնկները, ագահաբար ու ինքնամոռաց սեղմվել էր ինձ, ապա ինձնից ետ տարավ շրթունքները եւ պարեց զուսպ ու խուսափուկ։ Երբ ավարտվեց երաժշտությունը, մենք իրար փաթաթված մնացինք կանգնած, հրաբորբոք բոլոր զույգերը ծափահարում էին մեզ, ոտները գետին խփում ու բղավում՝ հոգնած նվագախմբին պարտադրելով կրկնել «Անձնկությունը»։

Comments (1)

  1. […] շատ հեղինակներ ներկայացված են երկու գրքով։ Հերման Հեսսեն ներկայացել է 3 գրքով։ Իսկ վերջին ամիսներին […]

Comment here