ԳլխավորՄի կտոր գիրք

«Սերը կմնա». Վաչագան Ա. Սարգսյան

Գրող, թարգմանիչ Վաչագան Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ ներկայացնում ենք նրա բանաստեղծություններից։

Սերը կմնա

Եվ ոչինչ, ոչինչ, ոչինչ չի մնա,
Ամեն ինչ կանցնի, ամեն ինչ կանցնի,
Ամենքը կանցնեն՝ սերը կմնա։
Ամեն ինչ նորից արարչագործելու սերը կմնա
Սերը կմնա, սերը կմնա։

Նորից կստեղծվեն երկինք ու երկիր,
Նորից կստեղծվեն արեգակ ու հող,
Ջրերի վրա թափաող հոգին
Նորից կստեղծի մարդուն կենսաշող։

Այդ մարդը նորից ես եմ լինելու,
Որ հազարմյա մեծ մոռացության
Ու մահվան միջից ելնելով նորից՝
Քեզ է փնտրելու։

Թռչունը

Երկինքը ծածկող թևերը
ծա՜նր-ծանր թափահարելով,
հուլորեն թևածում է թռչունը
թռիչքի և անկման սահմանագծով ոսկեփրփուր.
մի թևաբախում թերի, մի հապաղում մտամոլոր,
և թռիչքը անկում կդառնա՝ պահից զարկված:
Թռչնի մագիլներում՝ խոփերի պես փայլող,
իմ մարմնավոր հոգին է մերկ,
երկյուղած, անփութորեն շքեղ
և ակոս առ ակոս հերկված:

Տեսնես, երկինք կա՞
թռչունի թափառման եզերքներում,
թե՞ նա սևագիր մի տարածքում է թևում,
որը ո՛չ երկինք է դեռ արարչական,
ո՛չ էլ խոռոչ պատրանքների:
Տեսնես, հիմա՝ այս պահին կա՞ թռչունը,
թե՞ այս պահը հենց ինքն էլ չկա արդեն.
դատա՜րկ-դատարկ թռչում է
առանց ինձ,
առանց թռչնի,
առանց իրեն:

Տեսնես, թռչո՞ւնն է տանում իր բեռը
աշխարհներով աստանդական,
թե՞ ես եմ թռցնում նրան:
Տեսնես, ո՞ւր է կյանքի փրկագին սերը,
որ թռչունը գա նստի
նրա պարզած բազկին:

Երկվություն

Ապրում եմ ինքս ինձանից հեռու,
երկնքից կախված,
ստվերով ծեփուն ինքնալույս բնում
սրտիս թռչունի:
Ինքս իմ դիտորդն եմ թեթև,
հրեշտակաթև:
Ճոճվում է երկնային անապատի
ավազներին զնգուն
իմ կացարանի
ստվերը հատ-հատ:

Հեռվից տեսնում եմ աչքերով ճոճքի,
թե ուր եմ գնում ներքևում՝
հայացքս հառած
երկնի օճորքին:
Տեսնում եմ, թե
ինչեր եմ անում՝
անհայտորեն տկար,
փոխակերպումի ջանքերով պրկուն,
լույսերից գործած խուլ ոստայններում՝
սրտով թպրտուն,
սիրով անհատնում:

Իմ կացարանից ձեռքով եմ անում,
ճչում եմ,
կանչում,
սակայն չեմ լսում,
իմ իմացածը ինձ տեղ չի հասնում,
իմ զգացածը մնում է վերում:
Ես ինչպե՞ս անեմ,
որ ինքս ինձ հետ
մի հանկարծական կամուրջ
կապկապեմ.
լինի ծիածան,
հաղորդակ անուրջ,
թե՝ մազե կամուրջ:

Comment here