ԳլխավորՄի կտոր գիրք

Էրիխ Մարիա Ռեմարկ. «Երեք ընկեր» (հատվածներ)

«Երեք ընկեր»

Ներկայացնում ենք հատվածներ գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի (1898 — 1970) «Երեք ընկեր» վեպից։

***

— Լսիր, Գոտֆրիդ, կարծեմ, դու սիրո հարցում լավատեղյակ ես, այնպես չէ՞:
— Լավատեղյա՞կ: Սիրո հարցերում ես ուղղակի գրոսմայստեր եմ,- համեստորեն պատասխանեց Լենցը:
— Շատ լավ: Դե ուրեմն, ես կուզենայի իմանալ, թե այդպիսի դեպքերում մարդիկ մի՞շտ են իրենց հիմարաբար պահում:
— Այսինքն, ինչպե՞ս թե հիմարաբար:
— Դե, ասենք, այնպես, ասես կիսահարբած լինեն: Ավել-պակաս խոսում են, ասում՝ ինչ խելքներին փչի ու դեռ սուտ խոսում:

Լենցը հռհռաց:

— Բայց, մանկիկս, ախր սերը ինքը հենց խաբեություն է, հրաշալի մի խաբեություն, որ հորինել է մայրիկ-բնությունը: Նայիր այս սալորենուն: Չէ՞ որ սա էլ է խաբում: Ձևանում է անհամեմատ ավելի գեղեցիկ, քան հետո կլինի: Չէ՞ որ զզվելի կլիներ, եթե սերը թեկուզ ամենափոքրիկ չափով ընդհանուր բան ունենար ճշմարտության հետ: Փառք աստծո, այդ անիծյալ բարոյախոսները չեն կարողանում ամեն ինչ ենթարկել իրենց:

Ես վեր կացա:

— Նշանակում է, դու այն կարծիքին ես, որ առանց մի որոշ խաբեության չի կարող սեր լինել:
— Ընդհանրապես չի լինում, մանկիկս:
— Լավ, բայց այդ միջոցին մարդ կարող է շատ ծիծաղելի երևալ:

Լենցը քմծիծաղ տվեց:

— Նկատի ունեցիր, տղաս, որ երբեք, երբեք և երբեք կնոջը ծիծաղելի չի թվա նա, ով որևէ բան անում է հանուն նրա: Թեկուզ այդ լինի ամենագռեհիկ կատակերգությունը: Արա, ինչ ուզում ես. գլխի վրա կանգնիր, դուրս տուր ամենահիմար անհեթեթությունները, գոռոզացիր սիրամարգի նման, երգեր երգիր նրա լուսամուտի տակ, բայց միայն մի բանից զգուշացիր. գործնական մի եղիր, լրջմիտ մի եղիր:

***

Ի՞նչ եք հասկանում, տղերք, դուք կյանքից: Ախր, դուք վախենում եք սեփական զգացմունքներից: Դուք նամակներ չեք գրում՝ զանգահարում եք հեռախոսով. դուք այլևս չեք երազում. դուք զբոսանքի եք դուրս գալիս քաղաքից դուրս շաբաթ-կիրակի, սիրո մեջ դուք խելացի եք, իսկ քաղաքականության մեջ անխելք՝ դուք խղճալի ցեղ եք։

***

— Տեսնու՞մ ես, ինչ գեղեցիկ է քո սենյակը:
— Գեղեցիկ է, որովհետև դու այստեղ ես: Նա այլևս երբեք չի լինի այնպես, ինչպիսին առաջ էր…Որովհետև դու եղել ես այստեղ:

Կապտաճերմակ լույսով ողողված նա ծնկի էր չոքել անկողնում:

— Բայց…-ասաց նա,- չէ՞ որ ես դեռ հաճախ եմ գալու այստեղ…հաճախ…

Ես անշարժ պառկել էի և նրան էի նայում: Խոնջացած, խաղաղված և խիստ երջանիկ, ես ամեն ինչ տեսնում էի ասես փափուկ, վառ մի լույսի միջով:

— Ինչ լավն ես դու, Պատ: Այսպես անհամեմատ լավն ես, քան քո որևէ հագուստի մեջ:

Նա ժպտաց և խոնարհվեց վրաս:

— Դու պետք է ինձ շատ սիրես, Ռոբբի: Չգիտեմ, թե ինչ կանեմ ես առանց սիրո:

Նրա աչքերը հառված էին ինձ: Դեմքը բոլորովին մոտիկ էր, հուզված, լուսավոր, լի կրքոտ մի ուժով:

— Ամու՛ր բռնիր ինձ,- շշնջաց նա:-Ինձ հարկավոր է, որ որևէ մեկը ամուր բռնի ինձ, թե չէ կընկնեմ: Ես վախենում եմ:
— Չի երևում, թե վախենում ես:
— Այդ ես միայն ձևացնում եմ, իսկ իրականում ես հաճախ եմ վախենում:
— Որ այդպես է, ես ամուր կբռնեմ քեզ,- ասացի ես դեռևս շարունակելով մնալ այդ լուսավոր ու երերուն տարօրինակ կես-երազ, կես-իրականության մեջ: — Ես քեզ իսկականից ամուր կբռնեմ: Դու մինչև անգամ կզարմանաս:

Նա ափերը դիպցրեց իմ երեսին:

— Իսկապե՞ս:

Ես գլխով արեցի: Նրա ուսերը ողողված էին կանաչավուն մի լույսով, ասես խորասուզվել էինք մի խոր ջրի մեջ: Ես բռնեցի նրա ձեռքերից և քաշեցի իմ կողմը. ինձ գրկեց մի մեծ տաք ալիք, լուսավոր ու քնքուշ…Ամեն ինչ մարեց…

***

Ես չէի ուզում նրա մասին այդքան շատ մտածել: Ուզում էի, որ նա ինձ համար դառնար անսպասելի մի նվեր, մի երջանկություն, որը եկել է ու նորից կգնա, միայն այդքան: Ես չէի ուզում անգամ մտքով անցկացնել, որ ինչ-որ կերպ նա կարող էր դառնալ ավելին: Ես չափազանց լավ էի իմանում. ամեն մի սեր ուզում է հավերժական լինել, և դրանում էլ հենց կայանում է նրա հավերժական տանջանքը:

***

Կյանքը, եղբայրներս, հիվանդություն է, և մահը սկսվում է ծննդյան օրից: Սրտի յուրաքանչյուր հարվածը, թոքերի ամեն մի շնչառությունը մի փոքրիկ մահ է պարունակում: Դրանք բոլորը փոքրիկ շարժումներ են, որ մեզ մոտեցնում են վերջավորությանը:

***

Սիրո մեջ չի կարելի վերջնականապես ձուլվել միմյանց, հարկավոր է ավելի հաճախ բաժանվել՝ գնահատել կարողանալու համար նոր հանդիպումները: Միայն նա, ով շատ է մենակ մնացել, կարող է գնահատել սիրելու հետ հանդիպման երջանկությունը:

***

Մենք պարզապես այլևս չպետք է հանդիպենք ուրիշ մարդկանց հետ: Այդ դեպքում ոչ վեճեր կլինեն, ոչ էլ խանդի նոպաներ: Իսկական սերը կողմնակի մարդիկ տանել չի կարողանում:

***

Հնազանդություն, մտածեցի ես: Իսկ ի՞նչ կարող է փոխել այն: Պայքարել, պայքարել- ահա միակ բանը, որ մնում է անել այս խառնաշփոթության մեջ, որում, վերջ ի վերջո, այսպես թե այնպես պետք է պարտություն կրես: Պայքարել հանուն այն մի փոքրի, որը քեզ համար թանկ է: Իսկ հնազանդվել կարելի է նաև յոթանասուն տարեկանում:

***

— Ես այնքան երջանիկ եմ,- ասաց նա:

Ես կանգնել ու նայում էի նրան: Նա միայն երեք բառ ասաց: Բայց ես երբեք չէի լսել, որ դրանք այդպես արտասանվեին: Ես ճանաչել էի կանանց, նրանց հետ հանդիպումները միշտ էլ ակնթարթային են եղել, ինչ-որ արկածներ, երբեմն վառ, այրող ժամեր, միայնակ գիշեր, փախուստ ինքդ քեզանից, հուսահատությունից, ամայությունից: Ասենք, ես որևէ այլ բան չեմ էլ փնտրել. չէ՞ որ ես գիտեի, որ ոչ մի բանի վրա հույս դնել չի կարելի, հույս կարող ես դնել միայն ինքդ քեզ և մեկ էլ լավագույն ընկերոջդ վրա: Եվ հանկարծ տեսա, որ ես ինչ-որ բան եմ նշանակում մի մարդու համար, և որ այդ մարդը երջանիկ է հենց միայն այն բանի համար, որ իմ կողքին է:

Այդպիսի բառերն ինքնըստինքյան հասարակ են հնչում, բայց երբ լավ ես մտծում դրանց մասին, սկսում ես հասկանալ, թե որքան անչափելի կարևոր են դրանք: Այդ կարող է ամբողջ մի փոթորիկ բարձրացնել մարդու հոգում և հիմնահատակ վերափոխել նրան: Այդ սերն է, բայց և այնպես, էլի ինչ-որ ուրիշ բան: Ինչ-որ մի բան, հանուն որի արժե ապրել: Տղամարդը չի կարող սիրո համար ապրել: Բայց մեկ ուրիշ մարդու համար նա կարող է:

***

-Այո, Պատ,- ասացի ես ու բռնեցի նրա տաք ձեռքը:- Եթե ես ու դու ստեղծած լինեինք այս աշխարհը, ապա այն ավելի լավը կլիներ, այնպես չէ՞:

Նա գլխով արեց:

— Այո, սիրելիս:-Մենք որ նման բան թույլ չէինք տա: Միայն թե իմանայինք, թե ինչ կա հետո: Դու հավատու՞մ ես, որ հետո էլի ինչ-որ բան կա:
— Այո,- պատասխանեցի ես,- կյանքն այնքան վատ է սարքված, որ չի կարող ամեն ինչ սրանով ավարտվել:

Նա ժպտաց:

— Ի՞նչ կա որ, այդ էլ պատճառաբանություն է: Բայց դու գտնում ես, որ սրա՞նք էլ են վատ սարքված:

Նա ցույց տվեց իր մահճակալի մոտի դեղին վարդերով լի զամբյուղը:

— Ահա, բանն էլ հենց այդ է,- առարկեցի ես:- Առանձին մասնիկները սքանչելի են, բայց ամբողջը միասին միանգամայն անմիտ բան է: Այնպես որ, կարծես, մեր աշխարհը սարքել է մի խելագար, որը նայելով, թե որքան հրաշալի կերպով բազմազան է կյանքը, ոչ մի ավելի լավ բան չի մտածել, քան այն ոչնչացնելը:
— Իսկ հետո նորից ստեղծելը,- ասաց Պատը:
— Դրա մեջ էլ ես ոչ մի միտք չեմ տեսնում,-առարկեցի ես,-այդ դրանից ավելի լավը չի դառել:

— Ճիշտ չէ, սիրելիս,- ասաց Պատը:- Մեր հարցում, նա շատ լավ է հաջողացրել: Ախր, ավելի լավ բան չէր էլ կարող լինել: Միայն թե ամեն ինչ կարճատև էր, չափից դուրս կարճատև: Այժմ ես մտածում եմ այն միակ բանի մասին, որ ես դեռևս կարող եմ մտածել. կյանքի և մահվան մասին: Եվ երբ ես արդեն շատ եմ տխրում, երբ արդեն ոչինչ չեմ հասկանում, այն ժամանակ ինքս ինձ ասում եմ, որ ավելի լավ է մեռնել այն ժամանակ, երբ դեռ ապրել ես ուզում, քան ապրել մինչև այն պահը, երբ արդեն մեռնել ես ուզում: Որովհետև երբ ուզում ես ապրել, նշանակում է, ինչ-որ բան կա, որը սիրելի է քեզ: Դու ի՞նչ ես կարծում:

— Չգիտեմ:
— Չէ, իսկապես:- Նա գլուխը հենեց իմ ուսին: Երբ ուզում ես ապրել, նշանակում է, ինչ-որ բան կա, որը սիրելի է քեզ: Այդպես ավելի դժվար է, բայց և ավելի հեշտ է: