ԳլխավորՄի կտոր գիրք

«Է, դե ինչ արած, գնում ես՝ գնա». Արամայիս Սահակյան

Ներկայացնում ենք բանաստեղծ, երգիծաբան, «Ոզնի» պարբերականի երկարամյա ղեկավար Արամայիս Սահակյանի (24.05.1936-14.03.2013) ստեղծագործություններից։

Նրա բանաստեղծությունների հիման վրա ստեղծվել են տասնյակ երգեր, որոնց մի մասին կարող եք ծանոթանալ Հանրային հեռուստաընկերության «Երգ երգոց» ծրագրի ներկայացված տեսանյութում։

***

Անունդ վախով եմ տալիս,
Որպեսզի շուրթերս չայրվեն,
Որպեսզի չմատնեմ ես ինձ,
Որպեսզի անունդ չայրեմ:

Անունդ չեմ տալիս ցրտում,
Որ հանկարծ չմրսի, դողա,
Անունդ պահում եմ սրտում`
Թանկագին գաղտնիքի նման:

Անունդ տալիս եմ հուզված,
Չեմ ուզում, որ քամին տանի,
Կարող է` օդի մեջ հանկարծ
Անունիդ մի փոշի առնի:

Անունդ վախով եմ տալիս,
Որպեսզի չիմանա ոչ-ոք:
Սակայն դու՝ սիրելիս, հոգիս,
Անունս տալի˚ս ես արդյոք…

***

Սիրվել չի տրվում կյանքում ամենքին:
Է, դե ինչ արած, գնո՞ւմ ես՝ գնա,
Կսկիծով վառած իմ սիրտն ու հոգին
Եվ ինձ չսիրած` գնում ես՝ գնա:

Թող ծաղկունք փռվի, թող քամին լռի,
Թող արև վառվի քո ճանապարհին,
Թող գարունները ժպտան քո կյանքին,
Եթե քեզ պետք է` գնում ես՝ գնա…

***

Երբ դուրս ես եկել նրա հետ փողոց,
Բայց ոչինչ չունես արդեն ասելու,
Երբ էլ չես զգում մի ջերմ թրթռոց,
Եվ շատ է թվում ճամփան` անցնելու,
Երբ թեթեւ խոսքից վատ ես զգում քեզ
Ու նեղանում ես, զայրանում վրան,
Թեկուզ եւ հետո գրկե՜ս, համբուրե՜ս,
Զգա, որ արդեն չե՛ս սիրում նրան:

Երբ այն գրքերը, որ նա է կարդում,
Դու չե՛ս շտապում անհամբեր կարդալ,
Երբ այն. ինչ նա է սիրում, կարոտում,
Սիրո՛վ չես նայում ու մտերմաբար,
Երբ միա՜յն-միա՜յն նրան գրկելիս
Սիրահարված ես զգում անսահման,
Երբ չես կարոտում՝ դեռ բաժանվելիս,
Զգա, որ արդեն չե՛ս սիրում նրան:

Սերն ուրի՛շ բան է … Ու երբ դու թաքուն
Քո աշխարհն ունես, գաղտնիքները քո,
Երբ առանց նրա կարող ես կյանքում
Երջանիկ լինել քո հարկի ներքո,
Համեմատում ես երբ նրան անվերջ,
Երբ նկատում ես, որ լավերը կան,
Երբ նա միա՛կ չէ աշխարհում, քո մեջ-
Զգա, որ արդեն չե՛ս սիրում նրան…

***

Կուզեի հիմա քո ճանապարհին
Ամեն-ամեն ինչ զուգել, զարդարել,
Դու կասկածեիր կյանքում շատերին,
Բայց չիմանայիր, որ ես եմ եղել:

Եվ ամեն գիշեր պատուհանիդ տակ
Կուզեի գարնան ծաղիկներ դնել,
Դու լուսաբացին առնեիր դրանք,
Բայց չիմանայիր, որ ես եմ դրել:

Ու երբ մահը քեզ այցի գար թաքուն,
Կուզեի նրան իմ կյանքով շեղել…
Դու երկար-երկար ապրեիր կյանքում
Եվ չիմանայիր, ով եմ ես եղել…

Comment here