ԳլխավորՄի կտոր գիրք

Անտուան դը Սենտ-Էքզյուպերի. «Փոքրիկ իշխանը»

«Փոքրիկ իշխանը»

Ներկայացնում ենք հատվածներ ֆրանսիացի գրող, բանաստեղծ և պրոֆեսիոնալ օդաչու Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի (հունիսի 29, 1900 – հուլիսի 31, 1944) «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունից։

***

Մեծահասակները թվեր շատ են սիրում։ Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին։ Երբեք նրանք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա։ Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ։ Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ ոչ»։

Նրանք հարցնում են. «Քանի՞ տարեկան է նա։ Քանի՞ եղբայր ունի։ Քաշն ինչքա՞ն է։ Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»։ Եվ դրանից հետո երեւակայում են, թե ճանաչեցին մարդուն։

Երբ մեծահասակներին ասում ես՝ «Ես տեսա վարդագույն աղյուսից մի տուն, որի պատուհաններին խորդենի կար, իսկ կտուրին՝ աղավնիներ», նրանք երբեք չեն պատկերացնի այդ տունը։ Նրանց պետք է ասել. «Ես տեսա մի տուն, որ արժե հարյուր հազար ֆրանկ»։ Եվ միայն այդ ժամանակ նրանք կբացականչեն. «Ինչպիսի՜ գեղեցկություն»։

Ճիշտ այդպես, եթե նրանց ասես. «Ահա ձեզ ապացույցներ, որ, իրոք, Փոքրիկ իշխանը եղել է, որ նա շատ, շատ լավն էր, ծիծաղում էր և շատ էր ուզում գառնուկ ունենալ. իսկ ով ուզում է գառնուկ ունենալ, նա անպայման գոյություն է ունեցել»: Եթե այսպես ասես, նրանք միայն ուսերը կթոթվեն ու ձեզ կնայեն այնպես, ինչպես կնայեին մի անգետ մանկիկի վրա: Բայց եթե նրանց ասես՝ «Նա թռել եկել էր մի մոլորակից, որը կոչվում է № 612», դա նրանց կհամոզի, և նրանք քեզ այլևս չեն ձանձրացնի հարցերով: Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

***

Երբ մարդ շատ է ուզում սրամտել, ակամայից մի սխալ բան կասի: Լապտերավառների մասին պատմելիս ես ճշմարտության դեմ մի փոքր մեղանչեցի: Վախենում եմ՝ ովքեր վատ գիտեն մեր մոլորակը, կարող են նրա մասին սխալ կարծիք կազմել: Մարդիկ երկրագնդի վրա այնքան էլ շատ տեղ չեն գրավում: Եթե նրա երկու միլիարդ բնակիչները հավաքվեն մի տեղ, ինչպես միտինգների ժամանակ, ապա նրանք հեշտությամբ կտեղավորվեին քսան մղոն երկարություն և քսան մղոն լայնություն ունեցող մի տարածության վրա: Ամբողջ մարդկությանը կարելի է կուտակել Խաղաղ օվկիանոսի ամենափոքրիկ մի կղզու վրա:

Մեծահասակները, իհարկե, ձեզ չեն հավատա: Նրանք երևակայում են, թե շատ տեղ են գրավում: Նրանք իրենց աչքում բաոբաբի նման խոշոր ու մեծասքանչ են երևում: Իսկ դուք խորհուրդ տվեք, որ ճիշտ հաշվեն: Դա նրանց դուր կգա, չէ՞ որ նրանք պաշտում են թվերը: Դե, դուք այդ թվաբանության վրա ժամանակ չեք կորցնի: Դուք առանց այդ էլ հավատում եք ինձ:

Այսպես ուրեմն, երկրագնդի վրա ընկնելով՝ Փոքրիկ իշխանը ոչ մի մարդ չտեսավ, և դա նրան շատ զարմացրեց: Նա նույնիսկ մտածեց, թե սխալմամբ թռել է մի ուրիշ մոլորակի վրա: Բայց հենց այդ ժամանակ ավազի վրա լուսնի ճառագայթի նման մի օղակ շարժվեց:

-Բարի երեկո, – համենայն դեպս ասաց Փոքրիկ իշխանը:

-Բարի երեկո, – ասաց օձը:

-Այս ի՞նչ մոլորակ եմ ես ընկել:

-Երկրագունդն է, – ասաց օձը: – Դու Աֆրիկայում ես:

-Այ թե ի՜նչ: Իսկ ի՛նչ է, երկրագնդի վրա մարդիկ չկա՞ն:

-Սա անապատ է: Անապատներում ոչ ոք չի ապրում: Բայց երկրագունդը մեծ է:

Փոքրիկ իշխանը նստեց մի քարի վրա և հայացքը գցեց երկնքին:

-Կուզեի իմանալ, թե աստղերն ինչու են փայլում, – մտածկոտ ասաց նա: – Այդ երևի նրա համար է, որ վաղ թե ուշ ամեն մարդ իր աստղը գտնի: Նայիր, ահա, իմ մոլորակը ուղիղ իմ գլխի վրա է, բայց ինչքա՜ն հեռու է այստեղից:

-Գեղեցիկ մոլորակ է, – ասաց օձը: – Իսկ դու ի՞նչ պիտի անես այստեղ՝ երկրագնդի վրա:

-Ես խռովել եմ իմ ծաղկից, – խոստովանեց Փոքրիկ իշխանը:

-Այ թե ի՜նչ…

-Եվ երկուսն էլ լռեցին:

***

-Ինչի՞ համար են փշերը:

Փոքրիկ իշխանը մի անգամ որ հարց էր տալիս, էլ չէր հանգստանում, մինչև պատասխանը չստանար: Չենթարկվող հեղույսն ինձ համբերությու- նից հանել էր, դրա համար էլ հենց այնպես պատասխանեցի.

-Փշերը որ մի բանի էլ պետք չեն, ծաղիկները չարությունից են փուշ հանում:

-Այ թե ի՜նչ…

Լռություն տիրեց: Հետո նա գրեթե բարկացած ասաց.

-Ես քեզ չեմ հավատում: Ծաղիկները թույլ են ու բարի: Եվ նրանք աշ- խատում են իրենց քաջ ցույց տալ: Կարծում են, որ եթե փուշ ունենան, բո- լորը իրենցից կվախենան…

Ես չպատասխանեցի: Այդ պահին ես մտածում էի. «Եթե այս հեղույսը հիմա դուրս չգա, ես այնպես կխփեմ, որ ջարդուփշուր կլինի»: Փոքրիկ իշ- խանը նորից իմ մտքերն ընդհատեց.

-Իսկ դու կարծում ես, թե ծաղիկները…

-Չէ՛, ես ոչինչ էլ չեմ կարծում: Ես քեզ ասացի գլուխս եկած առաջին բա- նը… Չե՞ս տեսնում, որ լուրջ գործով եմ զբաղված:

Նա զարմացած նայեց ինձ.

-Լուրջ գո՞րծ:

Ու շարունակեց ինձ նայել:

Մեքենայի յուղով ամբողջովին կեղտոտված, մուրճը ձեռքիս՝ ես կռացել էի անհասկանալի առարկայի վրա, որ նրան այլանդակ բան էր թվում:

-Դու մեծահասակի նման ես խոսում, – ասաց նա: Ես ամաչեցի: Իսկ նա անողոք կերպով ավելացրեց.

-Ամեն ինչ դու խառնում ես… ոչինչ չես հասկանում:

Այո՛, Փոքրիկ իշխանը կարգին նեղացել էր: Նա գլուխը ցնցեց, ու քամին նրա ոսկեգույն մազերը խառնեց:

-Ես մի մոլորակ գիտեմ, որի վրա մի կարմրադեմ պարոն է ապրում: Նա իր ամբողջ կյանքում ծաղկից ոչ մի անգամ հոտ չի քաշել: Ոչ մի անգամ աստղերին չի նայել: Նա երբեք և ոչ ոքի չի սիրել: Եվ երբեք նա ոչինչ չի արել: Նա միայն մի գործով է զբաղված. թվեր է գումարում: Եվ առավոտից մինչև գիշեր մի բան է կրկնում. «Ես լուրջ մարդ եմ, ես լուրջ մարդ եմ», – իսկ և իսկ քեզ նման: Եվ դեռ գոռոզությունից էլ փքվում է: Իսկ իրականում նա մարդ չէ: Նա սունկ է:

-Ի՞նչ…

-Սունկ…

Փոքրիկ իշխանը նույնիսկ զայրույթից գունատվեց:

-Միլիոնավոր տարիներ ծաղիկների վրա փշեր են աճում: Եվ մի- լիոնավոր տարիներ գառնուկները ծաղիկ են ուտում: Մի՞թե լուրջ գործ չէ՝ հասկանալ, թե ինչու են նրանք ամբողջ ուժով փուշ աճեցնում, եթե փշերից ոչ մի օգուտ չկա: Մի՞թե կարևոր չէ, որ գառներն ու ծաղիկները կռվում են միմյանց դեմ: Իսկ մի՞թե դա ավելի լուրջ և կարևոր չէ, քան կարմրադեմ ու հաստափոր պարոնի թվաբանությունը: Ես եթե ես աշխարհում միայն մի ծաղիկ գիտեմ, որն աճում է իմ մոլորակի վրա, և ուրիշ այդպիսի ծաղիկ ոչ մի տեղ չկա, իսկ փոքրիկ գառնուկը մի գեղեցիկ առավոտ հանկարծ կուտի այդ ծաղիկը և չի էլ հասկանա, թե ինչ է անում: Սա քո կարծիքով կարևոր չէ՞:

Նա թունդ կարմրեց: Հետո նորից սկսեց խոսել.

-Եթե դու մի ծաղիկ ես սիրում՝ միակը, որի անունը միլիոնավոր աս- տղերից և ոչ մեկի վրա չկա, դա արդեն բավական է: Դու նայում ես երկնքին ու քեզ երջանիկ ես զգում: Եվ դու ասում ես քեզ. «Այնտեղ՝ ինչ-որ մի տեղ, ապրում է իմ ծաղիկը…»: Բայց եթե գառնուկը ծաղիկն ուտի, այդ նույնը կլինի, եթե բոլոր աստղերը միանգամից մարեն: Եվ դա, քո կարծիքով, կարևոր չէ՛…

Նա այլևս չկարողացավ խոսել: Հանկարծ սկսեց հեկեկալ: Մթնեց:

***

Այստեղ նա նորից հիշեց իր լքված մոլորակը, տխրեց և սիրտ անելով՝ թագավորին խնդրեց.

– Ես կուզենայի վերջալույս տեսնել… խնդրում եմ, բարի լինեք հրամայել արևին, որ մայր մտնի…

– Եթե ես մի որևէ գեներալի հրամայեմ, որ թիթեռի նման ծաղկից ծաղիկ թռչի կամ ողբերգություն գրի, կամ էլ ճայ դառնա, իսկ գեներալը հրամանը չկատարի, ո՞վ կլինի մեղավորը՝ նա՞, թե՞ ես:

– Դուք, ձերդ մեծություն, – առանց տատանվելու պատասխանեց Փոքրիկ իշխանը:

– Միանգամայն ճիշտ է, – հաստատեց թագավորը: – Ամեն մեկից պետք է խնդրել այն, ինչ նա կարող է տալ: Իշխանությունը նախ և առաջ պետք է խելացի լինի: Եթե դու քո ժողովրդին հրամայես ծովը նետվել, նա հեղափոխություն կանի: Ես իրավունք ունեմ հնազանդություն պահանջելու, որովհետև իմ հրամանները խելացի են:

– Իսկ վերջալո՞ւյսը… – հիշեցրեց Փոքրիկ իշխանը: Մի բան որ նա հարցներ, այլևս չէր հանգստանա, մինչև պատասխանը չստանար:

– Վերջալույս էլ կլինի, մի′ վախենա: Ես կպահանջեմ, որ արևը մայր մտնի: Բայց նախ կսպասեմ, որ դրա համար բարենպաստ պայմաններ լինեն, քանի որ դրանից է երևում, թե որքանով է իշխողը իմաստուն:

– Իսկ ե՞րբ բարենպաստ պայմաններ կլինեն, – ուզեց տեղեկանալ Փոքրիկ իշխանը:

– Հը՜մ… հը՜մ… – հաստափոր օրացույցը թերթելով՝ պատասխանեց արքան: – Դա կլինի… հըմ… հըմ… այսօր, դա կլինի ժամը յոթն անց քառասուն րոպեին: Այդ ժամանակ դու կտեսնես, թե որքան ճշգրիտ են կատարում իմ հրամանները:

Փոքրիկ իշխանը հորանջեց: Ափսոս, որ այստեղ վերջալույսը չեն կարող տեսնել երբ որ ցանկանաս: Եվ, ճիշտն ասած, նա արդեն սկսեց մի քիչ ձանձրանալ:

– Իմ գնալու ժամանակն է, – ասաց նա թագավորին: – Այլևս անելիք չունեմ ես այստեղ:

– Մնա, – ասաց թագավորը. նա շատ հպարտ էր, որ հպատակ է ձեռք գցել և չէր ուզում նրանից բաժանվել: – Մնա, ես քեզ նախարար կնշանակեմ:

– Ինչի՞ նախարար:

– Ասենք… արդարադատության:

– Չէ՞ որ այստեղ մարդ չկա, որ դատեմ:

– Ո՞վ գիտե, – առարկեց թագավորը: – Ես դեռ իմ ամբողջ թագավորությունը լավ չեմ ստուգել: Ես շատ ծեր եմ, տեղս էլ փոքր է կառք պահելու համար, իսկ ոտքով քայլելը շատ է հոգնեցուցիչ:

Փոքրիկ իշխանը կռացավ և նայեց մոլորակի մյուս կողմը:

– Բայց ես արդեն նայեցի, – բացականչեց նա, – այնտեղ նույնպես ոչ ոք չկա:

– Այդ դեպքում ինքդ քեզ դատիր, – ասաց թագավորը: – Դա ամենադժվար բանն է: Իրեն դատելը ուրիշներին դատելուց դժվար է: Եթե դու կարողանաս ինքդ քեզ ճիշտ դատել, նշանակում է, հիրավի, իմաստուն ես:

– Ես ինձ որտեղ ասես կարող եմ դատել: Դրա համար չարժե, որ ապրեմ այստեղ, – ասաց Փոքրիկ իշխանը: