ԳլխավորԼուր

Բուլինգի բացառումը հասարակական հարաբերություններից չափազանց կարևոր է. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այսօր՝ հունիսի 30-ին, կազմակերպել է բուլինգի հիմնախնդիրներին նվիրված քննարկում. նպատակն էր ներկայացնել «Բուլինգի հիմնախնդիրները ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում» ուսումնասիրության արդյունքները, հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:

Բացման խոսքով են հանդես եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի արդարադատության մատչելիության ծրագրի ղեկավար Վիկտորիա Օհանյանը: Մասնակցել են պետական տարբեր կառույցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, նաև հոգեբաններ և մանկավարժներ:

Անահիտ Մանասյանը նշել է, որ բուլինգի կանխարգելման կարևորագույն բաղադրիչը համերաշխ և իրավունքներ պաշտպանող հասարակության ձևավորումն է: Այստեղ մեծ է նաև պետության դերը, որն ունի հստակ պարտավորություններ:

«Չափազանց կարևոր է բուլինգի բացառումը հասարակական հարաբերություններից։ Դրա համար պետք է ստեղծել նախադրյալներ և հստակ մեխանզիմներ: Այս համատեքստում, շատ մեծ աշխատանք պետք է կատարվի: ՄԻՊ աշխատակազմը բուլինգի դեմ պայքարի ուղղությամբ աշխատանքներ է իրականացնում: Սերտ աշխատում ենք միջազգային գործընկերների, պետական իրավասու մարմինների, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության հետ: Ցանկանում եմ հատուկ ընդգծել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ մեր համագործակցությունը, որի շրջանակներում իրականացվել են իրազեկման ակցիաներ և մասնագետների վերապատրաստումներ: Անհրաժեշտ եմ համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ նպատակների իրականացման վերջարդյունքին հասնել հնարավոր չէ միայնակ։ Դա հնարավոր է միայն բոլորիս համատեղ արդյունավետ աշխատանքի միջոցով»,-նշել է Պաշտպանը:

Իր հերթին, Վիկտորիա Օհանյանը նշել է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության միջև երկարատև փոխգործակցությունը հանգեցրել է բազում դրական արդյունքների, ներկայումս այդ համագործակցությունը կարևոր հիմքեր է ստեղծում բուլինգի դեմ արդյունավետ պայքարի համար: Նա հատկապես ընդգծել է այն փաստը, որ Հայաստանում երեխաները Պաշտպանին սկսել են ընկալել որպես իրենց իրավունքների իրացման երաշխավոր: Նա վերահաստատել է պատրաստակամությունը շարունակել համագործակցությունը հանուն երեխաների իրավունքների պաշտպանության:

Միջոցառման ժամանակ ուսումնասիրությունների մեթոդաբանությունն ու կառուցվածքը ներկայացրել են փորձագետներ՝ իրավաբան Լաուրա Կարապետյանը և սոցիոլոգ Գայանե Հովակիմյանը, իսկ վեր հանված խնդիրների լուծման առաջարկները՝ ՄԻՊ աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անահիտ Խաչատրյանը:

Քննարկման վերջում անցկացվել է նաև մտքերի փոխանակում, առանձնացվել են մի շարք կարևոր խնդիրներ, որոնց լուծումն առաջնային է բուլինգի դեմ պայքարի գործում: Ամփոփելով միջոցառումը՝ պաշտպան Անահիտ Մանասյանը նշել է, որ երևույթի դեմ պայքարելու համար շատ կարևոր է համատեղ աշխատանքի արդյունքում մշակել մեթոդաբանություն, ինչպես նաև առաջնահերթ է պետական իրավասու մարմինների կողմից խնդիրներին արագ արձագանքումը:

Միջոցառմանը մանակցել են նաև ՄԻՊ-ին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի անդամները և երիտասարդներ: