ԳլխավորԼուր

Առաջնորդվել «մի´ վնասիր» սկզբունքով. ՄԻՊ-ը հանդիպել է ապագա լրագրողների հետ

ՄԻՊ-ը հանդիպել է ապագա լրագրողների հետ

Մարդու իրավունքների պաշտպանությունը ենթադրում է մարդկանց հետ անհատական աշխատանք: Նման հանդիպումներն օգնում են ավելի լավ զգալ ու հասկանալ տարբեր սոցիալական խմբերում առկա խնդիրներն ու դրանց առաջացման պատճառները. դրական արդյունքի հասնելու բանաձևերից մեկն էլ հենց սա է։ Այս մասին ասել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր Factor TV-ում եռամսյա փորձաշրջան անցնող ուսանող-լրագրողների հետ հանդիպմանը, հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից:

Պաշտպանն ապագա լրագրողներին է ներկայացրել կառույցի հիմնական առաքելությունը, գործունեության ոլորտները, իր լիազորությունների շրջանակը:

Նա ուսանողներին տեղեկացրել է, որ Մարդու իրավունքների պաշտպանը անկախ, ապաքաղաքական պաշտոնատար անձ է, ով զբաղվում է պետության կողմից անհատների խախտված իրավունքների պաշտպանությամբ և վերականգնմամբ։ Օմբուդսմանական հաստատությունները նաև հնարավորություն են պետության համար կողքից նայելու սեփական խնդիրներին, և գտնելու շուտափույթ լուծումներ։ Սա է այս հաստատությունների դերն ամբողջ աշխարհում:

Հանդիպումը շարունակվեց հարց-պատասխան ձևաչափով: Ուսանողներին հետաքրքիր էին ներառական միջավայր ստեղծելու հնարավորությունները, Պաշտպանի գործունեության թափանցիկությունը, մարդու իրավունքներին առնչվող խնդիրները ԶԼՄ-ներում ճիշտ ներկայացնելու առանձնահատկությունները և մի շարք այլ հարցեր:

Հանդիպման ավարտին Պաշտպանը հորդորել է ապագա լրագրողներին իրենց աշխատանքում լինել ծայրահեղ պրոֆեսիոնալ, առաջնորդվել «մի´ վնասիր» սկզբունքով և մշտապես պահպանել պատասխանատու լրագրության կանոնները: