ԳլխավորԽոսք

Լրագրողական քաշելիք. Լևոն Սարգսյան

Երեկ 64 տարեկանում մահացել է լրագրող, հրապարակախոս, մեր ավագ գործընկեր Լևոն Սարգսյանը։

Զուսպ, քչախոս, համեստ, բայց երբեմն նա էլ էր դուրս գալիս ափերից՝ մեր իրականության տգեղ կողմերը տեսնելիս ու ներկայացնելիս։ Իսկ ներկայացնում էր միշտ սրտացավորեն, դիպուկ ու սրամիտ։

Ներկայացնում ենք նրա նյութերից մեկը՝ հրապարակված գրեթե 10 տարի առաջ՝ report.am կայքում։

***

Հայերենը զարմանք լեզու է: Չգիտեմ` աշխարհում կա՞ մեկ ուրիշը, որտեղ սովորական տառն ու հնչյունն էլ այնքան բազմանշանակ լինեին, որքան հայերենում: Ուզում ես խորապես վիրավորե՞լ մեկին, նրա մասին ասա կամ գրիր` գ…, եւ վերջ` մարդը ոչնչացված է: Քեզ անհաճո կնոջ, երբեմն նաեւ տղամարդու մասին ասա բ.., եւ մարդը նորից է ոչնչացված:

Եթե գործերդ շատ վատ են, ինչպես, ասենք, ԼՂՀ  ԱԳ նախարարության տեղեկատվության վարչության պետինը,  ասա` գործերը ք. են, եւ քեզ կհասկանա վերջին անգրագետն անգամ, էլ չեմ խոսում նույն ք.-ի մեկ այլ` ավելի հանրահայտ-սեքսուալ նշանակության մասին: Բայց ԼՂՀ կառավարության հիշյալ պաշտոնյան ոչ թե ք. է ասել, այլ` ս., եւ հայոց բարոյապաշտ մամուլը հեղեղված է այդ սենսացիայով` Մարսել Պետրոսյանը հայրենական մի թերթի լրագրողի ասել է` «կարի՞ս  ս. քաշիս»:

Չեն էլ հարցնում` ինչու՞ է ասել, այդ ինչպե՞ս է պատահել, որ մարդը դուրս է եկել ափերից եւ իր հոգու հետ կանխամտածված խաղ անող, հեգնող եւ տվյալ հարցազրույցի` հանրությանը ներկայացված հատվածում գոնե լրագրողական էթիկայով  աչքի չընկնող, պնդերեսությամբ զարմացնող լրագրողին ասել է… Արդեն գիտեք` ինչ է ասել: Վերջին շրջանում մենք ինչ-որ շատ չե՞նք նախանձախնդիր մեր լրագրողական իրավունքները պաշտպանելու խնդրում, երբեմն` այնքան, որ լրագրությունն ու լրագրող լինելը դարձրել ենք վահան, որպեսզի դրանով պաշտպանված` կարողանանք լինել անհարգալից, ամբարտավան, նախահարձակ, անքաղաքավարի, քինախնդիր, փոքրոգի:

Ինչու՞ ենք մոռանում, որ հեգնանքը, երգիծանքը, քննադատությունը երբ չափ ու սահմանի մեջ չեն, հեշտությամբ վերածվում են թույնի, դառնության, մաղձի, որոնք հոգու եւ մարմնի մեջ կրելով ապրելը շատ է դառը, շատ է տխուր, այնքան, որ օրերից մի օր նույնիսկ կիրթ ու քաղաքավարի մարդը քեզ կարող է ասել` ս. քաշի…

ԼԵՎՈՆ ՍԱՐԳՍՅԱՆ

22.10.2011, report.am

Comment here